կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-20 11:11
Իրավական

Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման

Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը քիչ առաջ հրապարակեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատավճիռը:

Դատարանի վճռով Ժիրայր Սեֆիլյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման: Հիշեցնենք, որ մեղադրողը միջնորդել էր Սեֆիլյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման, իսկ Գևորգ Սաֆարյանը` 5 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման: 

Գործով մյուս ամբաստանյալներից Ներսես Պողոսյանը դատապարտվեց 3 տարի 6 ամիս, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով ազատազրկման:

Համաձայն մեղադրական եզրակացության` Ժիրայր Սեֆիլյանը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2015 թվականի ապրիլի 24-ին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից, կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ:

Բացի այդ` 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպված խմբի կազմում Սեֆիլյանն ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներով, ավարտին չի հասցրել:

Գևորգ Սաֆարյանը նույնպես մեղադրվում է հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելուն ուղղված նախապատրաստական գործողություններ կատարելու մեջ: