Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 2-ին Իրանի Նոր Ջուղա քաղաքում տեղի է ունեցել Դաշնակցության օրվան նվիրված հանդիսություն, որի ընթացքում, որպես բանախոս, հանդես է եկել ՀՀ Գյուղատնտեսության նախկին նախարար, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը:
Ուժեղ են մեր այն գաղութները, որտեղ ուժեղ է Դաշնակցությունը, ուժեղ են ուղեկից կառույցները. անդրադառնալով հայապահպանության գործում ՀՅԴ դերին` ասել է բանախոսը:
«Այսօր մենք նշում ենք Հայ Յեղափոխական Դաշնակցության 128-ամյակը՝ Դաշնակցության օրը: Դաշնակցությունը հայ իրականության անբաժան մասն է 19-րդ դարից, իսկ այսօր արդեն 21-րդ դարն է: Այսօր` այս տոնական օրը, մենք պարտավոր ենք ևս մեկ անգամ արժևորել Դաշնակցության գործունեությունը, նրա տեղն ու դերը հայ իրականության մեջ, հայ ժողովրդի կյանքում:
Դաշնակցությունը մարմնավորում է մեր ժողովրդի իղձերն ու նպատակները՝ ապրել ազատ անկախ ու միացյալ հայրենիքում: Այս նպատակին հասնելու համար երեք դարերի ընթացքում տասնյակ հազարավոր դաշնակցականներ պայքարում են սրով, գրչով և բահով»,- նշել է նա:
Խաչատրյանի խոսքով` ազատ հայրենիքը բացառում է որոշումների կայացումը պարտադրանքի կամ սպառնալիքի տակ՝ կանխելով անհատի նկատմամբ պետության ու հասարակության կողմից կամայական ոտնձգությունները և սահմանափակումները: «Մենք երբեք չենք ուզել ազատ կամքի բռնություն և երբեք չենք հանդուրժելու, որ մեր հայրենիքում ազատ մարդու նկատմամբ բռնություններ կիրառվեն, լինեն արտոնյալներ ովքեր վեր են օրենքից: Մենք պայքարում ենք անկախ Հայաստանի համար: Հայաստանը պետք է վարի իր անկախ արտաքին քաղաքականությունը, այլ ոչ թե այլ պետությունների ձեռքին խաղալիք դառնա կամ սպասի, թե այլ տերություններ ի՞նչ խորհուրդներ կտան` ինչպես և դեպի ուր շարժվել: Եվ վերջապես, մենք պայքարում ենք Միացյալ Հայաստան կերտելու համար: Հայաստանի քաղաքական ուժերից մենք թերևս միակն ենք, որ վառ ենք պահում կորցրած հայրենիքը ետ բերելու տեսլականը»,- ասել է նա:
Ըստ Խաչատրյանի` որոշ «իմաստուններ» վերջերս սկսել են Դաշնակցությանը քննադատել, թե դավաճանել են, Վանը, Արդահանը, Կարսն ու Էրզրումը ծախել են, 160.000 տարածքից (ոմանք, ոգևորության պահին նույնիսկ 300.000 քառակուսի կիլոմետր են նշում) 30.000 քառակուսի կիլոմետր են թողել, այն էլ` միայն շնորհիվ նրա, որ բոլշևիկները եկան ու փրկեցին: «Երբ լսում եմ այս վայ քննադատներին, հիշում եմ Էյնշթեյնի հայտնի խոսքերը. «Աշխարհում անսահման են միայն տիեզերքն ու մարդկային ապուշությունը, ընդ որում` առաջինի մասով դեռ կասկածներ ունեմ»: Նրանք մոռանում են, որ մինչև 1918 թվականի մայիս, դարեր շարունակ Հայոց գահը կորցնելուց հետո, Հայաստանը եղել է զուտ աշխարհագրական տեղանուն, և Դաշնակցությունն էր, որ Հայաստանը դարձյալ դարձրեց քաղաքական անուն: Դաշնակցությունն էր, որ կազմակերպեց և ղեկավարեց հայոց զինյալ պայքարը և ժողովրդի ինքնապաշտպանությունը 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում: Դաշնակցությունն էր, որ դարերի ընդմիջումից հետո վերականգնեց հայոց պետականությունը: Անկախ պետականության կորստից հետո կազմակերպեց Սփյուռքը, նվիրվեց հայապահպանության գործին, արթուն պահեց անկախությունը վերականգնելու հույսը: Դաշնակցությունն էր, որ Արցախյան ազատամարտի առաջին օրերից կանգնեց ռազմաճակատի առաջնագծում: Այն ժամանակ, երբ Սովետական Պերեստրոյկայով խանդավառ ժողովուրդը «Լենին, պարտիյա, Գորբաչով» էր վանկարկում, Դաշնակցությունն Արցախում զինյալ ջոկատներ էր ստեղծում, կամավորներ էր զինվորագրում: Ցավոք, նրանցի շատերը չվերադարձան տուն….
Հայաստանի անկախության վերականգնումից հետո էլ Դաշնակցությունը միշտ սատարել է մեր պետականության կայացմանը, նույնիսկ այն ժամանակ, երբ օրվա իշխանությունների կողմից քաղաքական հալածանքների էր ենթարկվում: Հիշենք 1992-ին ընկ. Հրայր Մարուխյանի արտաքսումը Հայաստամից, 1994-ի դեկտեմբերին ՀՅԴ գործունեության կասեցումը Հայաստանում ու մեր բազմաթիվ ընկերների կալանավորումը՝ կեղծ մեղադրանքով, 1995-ին նոր բանտարկություններ ու ընտրություններին մեր մասնակցության արգելքը»,- նշել է բանախոսը:
Նրա խոսքով` այո՛, ՀՅԴ-ն մաս է կազմել Ռոբերտ Քոչարյանի կառավարությանը, համագործակցել այդ օրվա իշխանությունների հետ, քանի որ մոտեցումները, մասնավորապես՝ Արցախի և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու փոխհատուցման հարցերում համընկել են: Ընդ որում` երբ Հայաստանում ՀՅԴ-ն արգելված էր, Արցախում Դաշնակցության գործունեության վրա որևէ սահմանափակում չկար:
«Սակայն, մաս կազմելով կառավարությանը, մենք ունեցել ենք մեր ուրույն ոճն ու ձեռագիրը՝ երբեք չնույնանալով իշխող կուսակցության հետ, փորձելով ներսից շտկել կառավարության քաղաքականությունը: Երբեմն դա մեզ հաջողվել է, երբեմն՝ ոչ կամ ոչ այն աստիճանի, որ կցանկանայինք»,- ասել է Խաչատրյանը` հավելելով, որ 2009-ին էլ, համաձայն չլինելով Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտությանը», ՀՅԴ-ն դուրս եկավ իշխող կոալիցիայից և դարձավ կառավարության անխնա քննադատը:
Ըստ նրա` 7 տարի լինելով ընդիմադիր, 2016-ի գարնանը ՀՅԴ-ն ընդունեց նախագահ Սերժ Սարգսյանի` նոր կառավարությանը մաս կազմելու հրավերը մի պարզ պատճառով` երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակը ծանր էր, և հանրապետականները գիտակցում էին, որ անհրաժեշտ է Դաշնակցության հետ համագործակցել՝ իրավիճակը շտկելու համար:
«Միանալով կառավարությանը` մենք շարունակել ենք ներսից պայքարել իրական բարեփոխումների անցկացման համար` մշտապես իշխանություններին մատնացույց անելով երկրում առկա դժվարությունները, ժողովրդական դժգոհության աճող մակարդակը, կոռուպցիոն երևույթների անթույլատրելիությունը, քրեական և բիզնես շրջանակների (այսպես կոչված՝ օլիգարխների) քաղաքական դաշտ մուտք գործելու անթույլատրելիությունը: Առանձնապես շեշտադրել էինք կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունն ու 2017 թվականին ազատ, արդար ու թափանցիկ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հրամայականը: Ցավոք, մեր նախազգուշացումները տեղ չհասան: Սոցիալական բևեռացումը, տնտեսության ու քաղաքականության մեջ կլանային համակարգի ձևավորումը, կոռուպցիան և բացահայտ աճուրդի վերածված ու ժողովրդի տրամադրությունները չարտահայտող խորհրդարանական ընտրությունները Հայաստանում ժողովրդական ընդվզումը դարձրեցին անխուսափելի:
Զարգացումների հետագա ընթացքին դուք անշուշտ տեղյակ եք: Ապրիլի 25-ին ՀՅԴ-ն դադարեցրեց իր համագործակցությունը Հանրապետական կուսակցության հետ և դուրս եկավ քաղաքական կոալիցիայից՝ իր աջակցությունն ու զորակցությունը հայտնելով ժողովրդական շարժմանը: Մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ և հրավիրեց Դաշնակցությանը` մաս կազմելու ազգային համաձայնության կառավարությանը: Կառավարությունում ՀՅԴ ստանձնեց նախարարական երկու պորտֆել՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը (ավելի հաճախ այս նախարարությունը կոչվում է իր հին անունով՝ էկոնոմիկայի նախարարություն) և գյուղատնտեսության նախարարությունը: Վերջինիս պատասխանատվությունը ստանձնեցի ես: Դաշնակցությունը ստանձնեց նաև երկու մարզերի՝ Արագածոտնի և Գեղարքունիքի պատասխանատվությունը»,- նշել է բանախոսը` հավելելով, որ իրենց գործունեությունն իրականացնելիս դաշնակցական նախարարներն ու մարզպետները որդեգրել են մի քանի հստակ մոտեցումներ, որոնք բխել են Դաշնակցության արժեքային համակարգից, ջանք չեն խնայել իրենց ոլորտների կամ մարզերի զարգացման համար:
Սակայն, ըստ Խաչատրյանի, Հայաստանում քաղաքական մթնոլորտը գնալով շիկանում էր. քաղաքական ուժերին սկսեցին բաժանել սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների, քաղաքական խորհրդակցությունները քաղաքական ուժերի միջև կանգ առան, առաջացան ջրբաժաններ, իսկ Երևանի ավագանու ընրությունները ցույց տվեցին, որ ազգային համաձայնության կառավարությունն այլևս երկար չի դիմանա: Իշխող քաղաքական ուժը, առանց կառավարության գործընկերների հետ քննարկումների, առանց համապատասխան ընտրական միջավայրի ձևավորմանը պարտադրեց ընտրություններն անցկացնել այս տարվա դեկտեմբերին: ՀՅԴ-ն ետ կանչեց իր նախարարներին, ազգային համաձայնության կառավարությունը ցրվեց:
«Սակայն, նույնիսկ այժմ, գտնվելով ընդդիմադիր դաշտում, Դաշնակցությունն առաջնորդվում է կառուցողականության սկզբունքներով՝ աջակցելով կառավարության այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացմանն ու հայկական երկու պետությունների անվտանգության ապահովմանը և անխնա քննադատելով կառավարության այն քայլերը, որոնք հակասում են մեր սկզբունքներին»,- ասել է բանախոսը:
Խաչատրյանը նշել է, որ Դաշնակցությունը դեկտեմբերի 9-ին մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին` անկախ նրանից, որ համոզված են` քաղաքական ուժերի համար հավասար մրցակցային պայմաններ ապահովված չեն:
«Երկիրը կանգնած է ընտրության առաջ: Անցյալին արդեն վերադարձ չկա: Այժմ պետք է անցնել երկրի կառուցման բարդ ու պատասխանատու գործին: Դաշնակցությունն` իր համահայկական կառույցով, ունի բավականաչափ կամք, միտք և ուժ` ստանձնելու երկրի նկատմամբ պատասխանատվության իր բաժինը: Հույս ունեմ, որ գալիք ընտրություններում Հայաստանի ժողովուրդը ճիշտ ընտրություն կկատարի և կընտրի այն ուժին, որն արդեն 128 տարի իր կողքին է, երբեք նրան չի դավաճանել և առաջնորդել է ժողովրդին վճռական պահերին»,- ելույթը եզրափակել է Արթուր Խաչատրյանը: