կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-01 15:03
Քաղաքական

Հայաստանում առաջիկայում նոր թափով կզարգանա այլընտրանքային էներգետիկան. Փաշինյան

Հայաստանում առաջիկայում նոր թափով կզարգանա այլընտրանքային էներգետիկան. Փաշինյան

ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատագամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, որ տնտեսության զարգացման համար կարևորագույն գործոնը ներդրումների ներգրավումն է: Նա վարչապետի թեկնածու Փաշինյանից հետաքրքրվեց` արդյո՞ք, կառավարության ղեկավարի կարծիքով, բավարար ջանքեր գործադրվում են, որպեսզի ներդրումները ներգրավվեն տնտեսության մեջ, գույքագրվեն էներգետիկ բոլոր ռեսուրսները, նախահաշիվ կազմվի, մատնանշվի, թե քամու կամ արևային էներգիայի զարգացման մեջ որքան գումար պետք է ներդրվի:

Փաշինյանը պատասխանեց, որ իրենք շատ ուշադիր են այդ հարցերի նկատմամբ: «Հատկապես էներգետիկայի ոլորտում, կարծում ենք, պետք է առաջ գնալ համոզված քայլերով: Եթե մենք մի ուղղությամբ գնանք և պարզվի, որ սխալ է, դա լուրջ վնաս կբերի: Իսկ էներգետիկ ոլորտում ունենք հարցեր: Առաջինը միջուկային էներգետիկայի հետագա զարգացումն է, երկրորդը` Իրանի հետ էներգետիկ ոլորտում համագործակցության հեռանկարները, երրորդը` Վրաստանի հետ էներգետիկ համագործակցության հեռանկարները, չորրորդը` մեր երկրում տեխնոլոգիական ներդրումների իրական ծավալները: Շատ կարևոր է գնահատել էներգիայի պոտենցիալ պահանջը մեր երկրում»,- ասաց Փաշինյանը:

Նրա կարծիքով՝ մինչ այս եղած հաշվարկների վրա հենվելը բավարար չէ, դրանք արվել են տնտեսության կառուցվածքի նախկին տրամաբանության հիման վրա: «Հիմա նոր տրամաբանության մեջ նոր մոտեցման կարիք կա՝ հաշվի առնելով արտաքին քաղաքական ռազմավարությունը: Էներգետիկան լրջագույն ոլորտ է, որը պետք է ապահովի ոչ միայն տնտեսության բնականոն զարգացումը, այլև սպասարկող լինի արտաքին քաղաքականությանը, արտաքին տնտեսական կապերին: Մենք աշխատում ենք այս ոլորտում առաջ գնալ ճշգրիտ քայլերով: Համաձայն եմ, որ Հայաստանում վերականգնվող, այլընտրանքային էներգետիկայի զարգացման մեծ հեռանկար կա: Համոզված եմ, որ առաջիկայում նոր թափով այն կզարգանա»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ մայնինգի ոլորտը զարգանում է ամբողջ աշխարհում, այդ թվում` Հայաստանում: Դրա առանձնահատկությունը էներգիայի պահանջարկի անսովոր մեծ ծավալն է: «Եվ մեր բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ այն էներգետիկ հզորությունը, որը զարգացնում ենք, մեզ բավարարելու է: Բացառված է, որ առաջիկա հինգ տարիներին էներգետիկ դեֆիցիտի պատճառով որևէ ոլորտ չզարգանա: Այլ խնդիր է հաջորդ տասնամյակի պլանավորումը, որով զբաղվում ենք: Երկու կարևոր նախագիծ կա՝ Իրան-Հայաստան և Վրաստան-Հայաստան բարձրավոլտ նախագծերի իրացումը: Իրան-Հայաստան բարձրավոլտ գծի շինարարությունը հիմա մեծ թափ է ստացել»,- հայտնեց Փաշինյանը: