կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-26 20:23
Տնտեսական

Հայաստանում մեծ թափով կսկսի զարգանալ արևային էներգետիկան. Կարեն Կարապետյան

Հայաստանում մեծ թափով կսկսի զարգանալ արևային էներգետիկան. Կարեն Կարապետյան

Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգիայի այլընտրանքային կուտակման և կառավարման հայեցակարգը: Հայեցակարգի նպատակն է առաջիկա տասը տարիների ընթացքում գազային կայանների կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի 18-20 տոկոսը փոխարինել այլընտրանքային աղբյուրներից արտադրվող էլեկտրաէներգիայով` գազային կայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիան ուղղելով արտահանման: Դրա համար անհրաժեշտ է արդյունավետ կառավարել այլընտրանքային աղբյուրներից արտադրվող էլեկտրաէներգիան:

Հայեցակարգն ամրագրում է ՀՀ կառավարության՝ այլընտրանքային էներգետիկայի ոլորտում արտադրող հզորությունների ավելացմանը զուգահեռ կուտակիչ կայանների զարգացման տեսլականը: Փաստաթուղթը նոր խթան կհանդիսանա ներդրումներ ներգրավելու համար, ինչը կբարձրացնի ՀՀ էներգետիկ անվտանգության աստիճանը:

Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրակուտակիչ կայանների ներդրման, դրանց հետ աշխատանքի փորձի ձեռք բերման և դրանց տնտեսական արդյունավետության ճշգրիտ գնահատման նպատակով առաջարկվում է կառուցել և շահագործման հանձնել առաջնեկային (պիլոտային) էլեկտրակուտակիչ կայան: Հայեցակարգով նախատեսված քայլերի իրականացման արդյունքում կկազմվի և ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի hանրապետությունում այլընտրանքային էներգետիկայի զարգացման ռազմավարությունը, որը կներառի առաջիկա տասը տարիների ընթացքում Հայաստանում արևային, հողմային և այլընտրանքային այլ աղբյուրներից էլեկտրաէներգիայի արտադրության և կուտակման անհրաժեշտ ծավալները, արտադրող և կուտակիչ հզորությունների նկարագրությունը, դրանց գործարկման ժամանակացույցը և ֆինանսավորման սկզբունքները:

Մեկ այլ որոշմամբ էլ կառավարությունը հաստատել է արևային էլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը, որը ձևավորվել է միջազգային մրցույթի արդյունքում:

 «Աննախադեպ սակագին սահմանեցինք՝ 4,19 ցենտ: Այսօր աշխարհում նման ցածր սակագին գոյություն չունի, ինչը նշանակում է, որ Հայաստանում մեծ թափով կսկսի զարգանալ արևային էներգետիկան»,-նշել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Աշոտ Մանուկյանը: Նա հայտնել է նաև, որ հայեցակարգով նախատեսվում է մինչև տարեվերջ Հայաստանում կառուցել կուտակիչ կայան՝ 14 ՄՎտ կուտակային հզորությամբ, որ կլինի աշխարհում թվով 10-րդը: «Այսինքն՝ Հայաստանը կմտնի այն տասնյակի մեջ, որոնք արդեն իրենց երկրներում զարգացրել են արևային առաջավոր տեխնոլոգիաները»,-նշել է նախարարի պաշտոնակատարը:

 Անդրադառնալով ընդունված որոշումներին՝ Կարեն Կարապետյանը դրանք համարել է հեղափոխություն՝ էներգետիկայի ոլորտում: «Արևային ռեսուրսի առումով Հայաստանը գտնվում է ամենալավ երկրների շարքում: Եվ այս կուտակիչ տեխնոլոգիան կիրառելու դեպքում՝ մենք մոտակա տարիներին մեր էներգետիկ անվտանգությունն ու կախվածությունն այլ էներգառեսուրսներից փոխում ենք: Արևային էներգետիկայի առումով Հայաստանն այսօր գտնվում է ամենազարգացած երկրների շարքում»,-նշել է վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ սահմանված սակագինն ավելի ցածր է, քան փոքր ՀԷԿ-երի սահմանած սակագինը: Կարեն Կարապետյանը հայտնել է նաև, որ հանձնարարվել է նախարարությանը վերանայել 2036թ. էներգետիկայի զարգացման ծրագիրը: