Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-06-06 13:54
Քաղաքական

Արցախում պատգամավորի են ծեծել. Դավիթ Բաբայանը դեպքը համարում է սադրանք

Արցախում պատգամավորի են ծեծել. Դավիթ Բաբայանը դեպքը համարում է սադրանք

Այսօր առավոտյան ծեծի է ենթարկվել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց կուսակցության անդամ Վարդան Բալասյանը:

Ըստ նրա` այս պահին Խանումյանը գտնվում է Ստեփանակերտի հիվանդանոցում: «Բժիշկները չեն թողնում մոտը մարդ մտնի, չգիտենք` վիճակը ոնց է»,- ասաց Բալասյանը` նշելով, որ պատգամավորին ինչ-որ անձինք տարել են հենց ԱԺ-ի դիմացից, երբ նա մի քանի հոգու հետ քայլելիս է եղել:

«Քայլելիս է եղել, մի քանի հոգի եկել են, խփել, հետո տարել, ծեծել ու թողել մի շենքի բակում»,- ասաց մեր զրուցակիցը` նշելով, որ իրենք տեղյակ չեն պահել իրավապահներին դեպքի մասին:

Բալասյանի խոսքով` ԱԺ-ի և «Մարիոթ» հյուրանոցի տեսախցիկները հավանաբար տեսագրել են Խանումյանին առևանգած անձանց, և եթե ոստիկանները ցանկանան, հեշտությամբ կգտնեն նրանց:

ԼՂՀ ոստիկանությունից էլ տեղեկացանք, որ ծեծի վերաբերյալ հաղորդում արդեն ստացել են, օպերատիվ խումբ է մեկնել հիվանդանոց:

Խանումյանի կինն էլ իր ֆեյսբուքյան էջում ակնարկել է, որ դեպքի հետևում կանգնած է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ, դժբախտաբար, ճանաչելով Խանումյանին, կարելի էր ենթադրել, որ ուշ, թե շուտ նման զարգացում կարող էր լինել, ավելին` նման դեպքեր էլի են եղել: «Նա իրեն այնքան լկտի է պահում` անձնապես վիրավորում է մարդկանց, պրովոկացիաների ենթարկում, հիմա էլ երևի նման մի բան է արել, և մեկի նյարդերը չեն դիմացել: Սա սադրանք է և քաղաքական ենթատեքստ չի կարող ունենալ: Նա երևի դիտավորյալ ինչ-որ մեկից ստացել է նման առաջադրանք` մեկին անպատվելու ու վիրավորելու, բայց ճիշտ հաշվարկ չի արել. սա Արցախն է, բոլոր մարդիկ պատերազմով անցած են, ճանաչել են մահը, և ոչ ոք չի կարող թույլ տալ իրեն վիրավորել»,- ասաց նա` հավելելով, որ, լավ ճանաչելով Խանումյանին, կարող է պատկերացնել, թե մոտավորապես ինչ կարող էր տեղի ունեցած լինել:

Բաբայանի կարծիքով` նման իրավիճակում ինչպե՞ս կարող էր քաղաքական պատվեր լինել, եթե բոլորը գիտեն, որ ցանկացած դեպք Խանումյանն օգտագործելու էր շահարկումների համար: «Հիմա նման շահարկումներ են անում, որպեսզի ընտրազանգվածին բորբոքեն: Բայց, մյուս կողմից, շատ քիչ մարդիկ կան, որ նրան հավատում են, նրան համակրողների թիվը քիչ է, փոխարենը` նրան ճանաչողները հասկանում են, թե նա նման քայլերի ինչու է դիմում, նրա էությունն է դա»,- ասաց մեր զրուցակիցը: