կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-27 17:32
Հասարակություն

Բժշկականի ուսանողները կվճարեն ոչ թե ցիկլի, այլ կոնկրետ բացակայած դասաժամի համար

Բժշկականի ուսանողները կվճարեն ոչ թե ցիկլի, այլ կոնկրետ բացակայած դասաժամի համար

Երեկ Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ժողով է եղել եւ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ ուսանողների բացակայության եւ դրանք լրացնելու հետ կապված խնդիրը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում համալսարանի ուսխորհրդի նախագահ Կարեն Հակոբյանը նշեց, որ երեկ ընդունվել է որոշում` իրենց` ուսանողների խնդրանքին ընդառաջ գնալով:

 

«Եթե նախկինում երկու շաբաթանոց ցիկլում մեկ բացակայից ավելի ունենալու դեպքում ուսանողը պետք է լրացներ համապատասխան շաբաթվա ցիկլը, ապա այժմ` միայն տվյալ ժամը: Ցիկլը կրթական ժամանակահատվածն է, օրինակ` վիրաբուժություն առարկան կարող է ունենալ հինգ շաբաթանոց ցիկլ, եւ եթե ուսանողը 5-րդ շաբաթում բացակայել է երկու օր, նա պետք է վերջին շաբաթն ամբողջովին լրացներ, իսկ եթե բացակայությունն անցնում է 15 տոկոսի սահմանը, պետք է լրացներ ամբողջ` 5-շաբաթյա ցիկլը: Իսկ հիմա, մեր ուսանողների խնդրանքով, այն շաբաթը կամ շաբաթները, որոնցից մի քանի օր բացակայել են, նրանք կլրացնեն կոնկրետ օրը: Նախկինում ոչ միայն գումարն էր շատ լինում, այլ նաեւ վատնած ժամանակը»,- ասաց Հակոբյանը:

 

Ըստ նրա` քանի որ այդ լրացման մեղավորը իրենք` ուսանողներն են, եւ որի համար դասախոսը հավելյալ աշխատանք պետք է կատարի, իրենք էլ պարտավոր են վճարել դասախոսին, որ իրենց հետ բաց թողածը հավելյալ պարապի:

 

Ի դեպ, եթե ուսանողը բացակայել է առողջական խնդիրների պատճառով, Հակոբյանի հավաստմամբ, հատուկ հանձնաժողովը որոշում է կայացնում եւ վճարումը կատարվում է բուհի հաշվին, իսկ եթե անհարգելի է, ուսանողը պետք է վճարի ինքը: Միջին հաշվարկով` մեկ օրվա բացակայությունները լրացնելու գումարը մոտավորապես 4000 դրամ է: