կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-25 12:57
Հասարակություն

Սա սաբոտաժ համարելն ընդամենը քաղաքական տհասություն է. Սուրեն Մանուկյան

Սա սաբոտաժ համարելն ընդամենը քաղաքական տհասություն է. Սուրեն Մանուկյան

Թեպետ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը որոշում ուներ՝ կողմ քվեարկել կառավարության ներկայացրած ՀՀ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծին, սակայն խմբակցության երկու պատգամավոր չմասնակցեց քվեարկությանը: Նրանց եւ եւս հինգ պատգամավորի շնորհիվ կամ պատճառով նախագիծն այդպես էլ չընդունվեց: Չքվեարկողների թվում էր նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սուրեն Մանուկյանը, որի հետ էլ զրուցեց «Իրավունքը»:

– Պարոն Մանուկյան, ՀՅԴ խմբակցությունը որոշում ուներ` կողմ քվեարկելու, ինչո՞ւ չմասնակցեցիք քվեարկությանը, ինչը նաեւ որոշ պատգամավորների կողմից որակվեց որպես սաբոտաժ:

– Նախ առավոտյան նիստին մասնակցել եմ, եւ մինչեւ նիստն ունեցել ենք խմբակցության նիստ, որը միաձայն որոշում է կայացրել, որ պետք է կողմ քվեարկենք Ընտրական օրենսգրքի նախագծին, ինչին ես էլ եմ համամիտ եղել: Մասնակցել եմ առավոտյան քվեարկությանը, որի երկրորդ քվեարկությամբ միայն քվորում ապահովվեց, իսկ դրանից հետո անձնական հարցերով դուրս եմ եկել ԱԺ-ից: Աստված չանի, որ ինչ-որ մեկի հետ էլ նման անձնական խնդիր առաջանա ու չմասնակցի քվեարկությանը: Բայց ես ընդամենը ներկա չեմ եղել, որ կողմ քվեարկեի: Ինչպե՞ս կարելի է սա սաբոտաժ համարել, երբ ես, իշխանության մեջ լինելով, առաջիններից էի, որ միացա ժողովրդական շարժմանը: Այնպես որ, սա սաբոտաժ համարելն ընդամենը քաղաքական տհասություն է, որ ինչ-որ մեկը փորձում է այդպես վարկաբեկել:

– ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունում էլ 4 պատգամավոր չէր մասնակցել քվեարկությանը, բայց չգիտես ինչու բոլորը մատնանշում են չքվեարկած երկու ՀՅԴ-ական պատգամավորին: Ի՞նչ կասեք այս մասին:

– Չգիտեմ` ով է սաբոտաժի ենթարկել քվեարկությունը, ով` ոչ, ցանկացած մարդ իր արարքի համար է պատասխանատու: Երբ իմ ապրած տարիներն ու հետագիծը նայեք, կհասկանանք, որ ոչ ոք ինձ կյանքում չի կարող ասել` սա այսպես արա, նա` այնպես: Ես կուսակցական մարդ եմ, որը հարգում է այդ կուսակցության եւ խմբակցության որոշումները: Եթե չցանկանայի, որ նախագիծն անցներ, խմբակցության նիստին դեմ կարտահայտվեի, բայց այդպես չի եղել:

– Այսինքն` հիմա, երբ պատգամավորների ստորագրությամբ կրկին Ազգային ժողով է բերվելու Ընտրական օրենսգրքի նախագիծը, պատրաստվում եք կո՞ղմ քվեարկել:

– Միանշանակ, պատրաստ եմ, եւ իմ կարծիքը ոչ մեկը չի կարող փոխել: Ես իմ խմբակցության, կուսակցության հետ եմ, ինչ որոշում կայացնեն, այդպես էլ կլինի:

– Բայց Դուք ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավոր եք, ինչպե՞ս ստացվեց, որ հիմա կողմ եք փակ համամասնական ցուցակին, ինչը ենթադրում էր այս նախագիծը:

– Ինձ համար էական տարբերություն չկա` ռեյտինգային ընտրակարգ կլինի, թե` ոչ: Կուսակցության ներսում մարդիկ ցուցակն այնպես են կազմելու, որ նախկինում, ովքեր վարկանիշով բարձր են եղել, առաջին համարներում լինեն: Ինձ համար ավելի լավ է, որ չլինի, որովհետեւ ես կլինեմ կուսակցության առաջին համարներում, ու դրանով պայմանավորված` իմ անցողիկությունը ԱԺ ավելի հեշտ կլինի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ