Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը Հայաստանի իշխանություններին մեղադրում է ընկերությանը սեփականազրկելու մտադրության մեջ: Այս մասին այսօր նա հայտարարեց լրագրողներին տեսակապի միջոցով։
Դառնալով Թբիլիսիում ասուլիս անցկացնելու գաղափարին` ասաց, որ այդ գաղափարն առաջացել էր այն պատճառով, որ «Սանիթեքը» ենթարկվում է ագրեսիվ վարչական ճնշման: «Օրինակներից մեկն այս տարվա փետրվարին «Սանիթեք»-ի դեմ հարուցված քրեական գործն է։ Ես հավաստիացնում եմ ձեզ, որ գործողություններն ուղղված են ընկերության ֆինանսական հնարավորությունների սպառմանն ու գույքի օտարմանը: Բացի այդ` իշխանությունները հայտարարել են, թե պատրաստվում են խզել ընկերության հետ պայմանագիրը, և գործողությունները թելադրված են քաղաքական նկատառումներով»,- ասաց Թավիլը:
Ընկերության հայաստանյան ներկայացուցիչն էլ նշեց, որ «Սանիթեք» ընկերությունը ենթարկվում է սաբոտաժի:
Ընկերության աշխատակիցներից մեկը հիշեցրեց, որ ընկերությունը համաձայնել էր նոր ներդումներ անելու` քաղաքապետարանի առաջարկին, սակայն 3 պայմանով՝ պայմանագիրը չխզել, որ քաղաքապետարանն աջակցի մեքենաների գնման հարցում, բարելավվի Նուբարաշենի աղբավայրի վիճակը։
«Քաղաքապետարանն այդ կետերին չէր արձագանքել, իսկ հետո մամուլից տեղեկացանք, որ պատրաստվում են աղբահանության նոր օպերատորի ներգրավել: Նախապես վարչապետի աշխատակազմին էինք նամակ ուղղել, այն նույնպես անպատասխան էր մնացել։ Ընկերության դեմ սաբոտաժ է իրականացվում. կոնտեյներներն անհետանում են կամ այրվում»,- ասաց նա` որպես ապացույց ներակայացնելով մի տեսանյութ, որում քաղաքացին այրում է կոնտեյները:
Անդրադառնալով երկրորդ օպերատորի անհրաժեշտության մասին հայտարարություններին` ընկերության աշխատակիցը հիշեցրեց` նախորդ տարիներին ընկերությունը բարեհաջող իրականացնում էր իր պարտականությունները, հետևաբար` այլ օպերատորի կարիք չկա։
Դիմելով երևանցիներին` նա ասաց, որ իրենք արել են առավելագույնը, որպեսզի որքան հնարավոր է լավ աշխատեն, բայց անհնար է աշխատանքը շարունակել առանց քաղաքապետարանի հետ պայմանագիրը վերանայելու, այդ դեպքում քաղաքապետարանի բոլոր գործողությունները դատարկ խոստումներ են դառնում:
«Այսպե՞ս է Հայաստանը վերաբերվում օտարերկրյա ներդրողներին: Անկախ տարաձայնություններից՝ կարելի է պայմանավորվել: Այլ բան` եթե ի սկզբանե տրամադրվածությունն այլ է»,- ամփոփեց բանախոսը։