կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-01 16:00
Քաղաքական

Որոշ քաղաքական գործիչների շրջանում անհասկանալիորեն ակտիվացել է հակադաշնակցական հիստերիան. Սուրեն Մանուկյան

Որոշ քաղաքական գործիչների շրջանում անհասկանալիորեն  ակտիվացել է հակադաշնակցական հիստերիան. Սուրեն Մանուկյան

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սուրեն Մանուկկյանի ելույթը Ազգային ժողովի հատուկ նիստում

Մեծարգո պարոն Փաշինյան,

հարգարժան պարոն Բաբլոյան,

հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ.                                                                    

Վերջին ժամանակներում որոշ քաղաքական գործիչների  մոտ անհասկանալիորեն  ակտիվացել է հակադաշնակցական հիստերիան: Թեև օրեր կպահանջվի ամբողջությամբ և լիարժեք  ներկայացնելու համար Դաշնակցության դերը ազգային գաղափարախոսության և հայապահպանության գործում, հարկ եմ համարում ևս մեկ անգամ հակիրճ ներկայացնել  նորանկախ Հայաստանի ծննդյան, նրա հետագա առաջընթացի, զարգացման գործընթացում Դաշնակցության կատարած աշխատանքները:

  • Ինչպես  բոլորս գիտենք` Դաշնակցությունն իր ստեղծման առաջին իսկ օրից ականջալուր է հայ ժողովրդի պահանջներին ու ազգային ձգտումներին, միշտ ներկայացրել և շարունակում է ներկայացնել հայության հավաքական տեսակետը աշխարհի բոլոր մակարդակներում, որի վառ օրինակներից է Հայ դատի հանձնախմբերի ձևավորումը:
  •  Աշխարհի շուրջ 50 երկրներում 1909 թվականից առ այսօր գործում է Հայ օգնության միությունը:
  • Անուրանալի է Դաշնակցության մեծ  դերն Արցախյան գոյամարտի հաղթանակներում, որի համար իրենց կյանքն են զոհել նաև բազմաթիվ դաշնակցականներ:
  • Հիշենք նաև Արցախի  համար մարտնչող ազատամարտիկների բուժման և օգնության ուղղությամբ կազմակերպված` Դաշնակցության լայնածավալ աշխատանքները:
  • Դաշնակցությունը աշխարհի մի քանի  տասնյակ երկրներում ունի կառույցներ, որոնք անհերքելիորեն ավելի ուժեղ են և ավելի մեծ գործեր են կատարել ու շարունակում են կատարել հօգուտ մեր հայրենիքի, քան այդ երկրներում գոյություն ունեցող ՀՀ դեսպանատները և ՀՀ սփյուռքի նախարարությունը: Անհերքելի է նաև այն հանգամանքը, որ դաշնակցության նվիրյալներն այդ ամենը կատարում են առանց վարձատրության, ասեմ ավելին՝ բազմաթիվ են դեպքերը, երբ իրենց վերջին լուման և անգամ կյանքն են ներդրել հանուն հայրենիքի բարօրության:
  • Դաշնակցությունը մշտապես հավատարիմ է մնացել իր գաղափարներին ու սկզբունքներին, եղել է պետության, պետականության կողքին, անհրաժեշտության դեպքում համագործակցել նաև տվյալ ժամանակահատվածում գործող իշխանությունների հետ՝ հօգուտ պետության և ազգային շահերի, հարկ եղած դեպքերում նաև ընդվզել է՝ դարձյալ հօգուտ պետության և ազգային շահերի:

Ինչպես բոլոր կուսակցություններում, այնպես էլ Դաշնակցությունում եղել են և կան անհատներ, որոնք երբեմն սխալվում են, սակայն այդ հանգամանքը որևէ մեկին իրավունք չի վերապահում բացասական արտահայտվել տասնյակ տարիների անբասիր պատմություն ունեցող կառույցի մասին:

Անգամ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որն այս պահին վայելում է հայ ժողովրդի բարձր վստահությունը, ոչ նախկինում, երբ Ազգային Ժողովի պատգամավոր էր, և ոչ էլ այժմ Դաշնակցության մասին բացասական չի արտահայտվել, որովհետև նա գնահատում է Դաշնակցության անցած պատմական ուղին և կարևորում  է նրա դերն ու նշանակությունը:

Միշտ հիշենք, որ Դաշնակցությունը մնում է հավատարիմ իր սկզբունքներին և իր ժողովրդին:

…  Շնորհակալություն…