կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-24 17:28
Քաղաքական

Արմենուհի Կյուրեղյանն առաջարկում է «Բնակարան նորաստեղծ ընտանիքներին»-ից օգտվողների տարիքային շեմը բարձրացնել

Արմենուհի Կյուրեղյանն առաջարկում է «Բնակարան նորաստեղծ ընտանիքներին»-ից օգտվողների տարիքային շեմը բարձրացնել

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ դեռևս նախորդ կառավարությանը դիմել էր  առաջարկով՝ «Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան» ծրագրի պայմանների մեջ փոփոխություն կատարել, և ամուսինների գումարային տարիքը 65-ից դարձնել 80:

Կյուրեղյանի խոսքով՝ եթե ամուսինների տարիքային գումարը 65-ից անց է, սակայն նրանք երկրին երեխա են պարգևել,  ինչքանո՞վ է արդար ծրագրից օգտվելու համար նրանց մերժելը՝ հիմնավորելով, որ գումարային տարիքը 65 չէ, այլ 65 + 1 ամիս է: «Ուզում եմ հասկանալ՝ հիմա ի՞նչ թվաբանությամբ եք հասել 70-ի, ֆիքսվել է գումա՞ր, ընտանիքների քանա՞կ, թե՞ ուղղակի որոշվել է բոլոր դիմումատու ընտանիքներին ապահովել հիփոթեքային վարկի հնարավորությամբ»,-հարցրեց պատգամավորը:

Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ եթե հիմնավորման մասին խոսեն, ապա հավասարապես պակաս հիմնավորում ունի թե' 65-ը, թե' 70-ն ու 80-ը: Ըստ էության, ըստ նրա, սուբյեկտիվ դատողություն է դրված դրա տակ: «Եթե Ձեր ասած տրամաբանությամբ առաջնորդվենք, ու հարցին հակադարձեմ` մենք չունենք նման վիճակագրություն, որ գումարային տարիքով 80-ի հասնող այսքան թվով ընտանիքներ կան, որոնք բնակարանի կարիք ունեն: Եթե դրա տակ խոր հաշվարկ եք փնտրում, կդժվարանամ նման հաշվարկ ներկայացնել, ուստի կարող ենք քննարկել նաև Ձեր ասած տարբերակը: Սակայն պետք է հաշվի առնել մի հանգամանք՝ դրանով մենք անընդհատ ընթացիկ ծախսեր ենք ավելացնում՝ պերմանենտ ավելացնելով բյուջեի բեռը, և ավելացնում ենք արագացող տեմպով»,- ասաց Ջանջուղազյանը:

Նա պարզաբանեց, որ ընթացիկ ծախսերն ավելանալու են ոչ թե մեկ տարվա կտրվածքով, այլ ամեն տարի, քանի որ վարկերը տարեցտարի են փակվում:

Կյուրեղյանն արձագանքեց, որ մինչև 80 տարեկան գումարային տարիքով` համատեղ անչափահաս երեխա ունեցող ընտանիքների թիվը գուցե շատ քիչ է, բայց նրանք էլ կարելի են համալրել ծրագրից օգտվողների շարքը՝ այն հիմնավորումով, որ երկու 40 տարեկան ամուսնացել են ու համատեղ երեխա ունեն: «Նորաստեղծ ընտանիքի գաղափարը պետք է պահպանել, այսինքն՝ եթե անգամ 40 տարեկանում են ամուսնանում ու երեխա են պարգևում մեր երկրին, պետք է նրանց հնարավորություն տրվի օգտվելու այդ ծրագրից»,- ասաց պատգամավորը:

Ջանջուղազյանն էլ նշեց, որ պատրաստ են կրկին քննարկել Կյուրեղյանի առաջարկեը: