Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունն այսօր դեմ արտահայտվեց ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի և Լևոն Դոխոլյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» օրենքի նախագծին:
Կառավարության բացասական եզրակացության մասին զեկուցող` աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ասաց, որ թեեւ կառավարությունը կարեւորում է երիտասարդ ընտանիքներին աջակցություն ցուցաբերելը, սակայն համարում է, որ նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնության տրամադրումը անհրաժեշտ է իրականացնել «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ամրագրված` հասցեականության սկզբունքի համաձայն, ըստ որի` սոցիալական ծառայությունները տրամադրվում են իսկապես դրա կարիքն ունեցող անձին:
Այս պարագայում, նշեց Արտեմ Ասատրյանը, այս նախագծով անհրաժեշտ է հստակ սահմանել այն չափանիշները որոնց հիման վրա հնարավոր կլինի որոշել նորաստեղծ ընտանիքի կարիքավորության աստիճանը:
«Մյուս կողմից` հաշվի առնելով, որ պետական բյուջեում եւ միջնաժամկետ ծախսերի ծրագրում սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացված միջոցների չափաքանակներ նախատեսված են, նաեւ կոմիտեում քննարկման ժամանակ առաջարկ արվեց անդրադարձ կատարել այս խնդիրներին` 2015 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հստակ նայելով, թե 2015 թվականի բյուջեով նախատեսված սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացված միջոցների շրջանակներում ինչպիսի հնարավորություններ կան` լրացուցիչ ծրագրեր ընդգրկելու կամ լրացուցիչ ծրագրեր իրականացնելու հետ կապված»,- նշեց Արտեմ Ասատրյանը:
Ըստ պատգամավորենրի ներկայացրած օրինագծի' նորաստեղծ ընտանիք է համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով առաջին անգամ ամուսնացող տղամարդու եւ կնոջ ամուսնությունը գրանցելու օրվանից մինչեւ 1 (մեկ) տարի ժամկետը ստեղծված ընտանիքը:
Օրենքով պատագամավորներն առաջարկում են սահմանել , որ նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն ցուցաբերելու կարգը եւ չափը սահմանում է ՀՀ կառավարությունը, իսկ այդ ընտանիքների միանվագ դրամական օգնության նվազագույն չափը չի կարող պակաս լինել, քան 300 հազար ՀՀ դրամը:
Պատգամավորներն իրենց օրենսդրական նախաձեռնությունը հիմնավորում են նրանով, թե, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ծնելիության ցածր մակարդակը, որը պայմանավորված է նաեւ ամուսնությունների թվի ցածր ցուցանիշով, ինչպես նաեւ ելնելով Հայաստանի Հանրապետության դեմոգրաֆիական անվտանգության ապահովման խնդիրներից, անհրաժեշտություն է առաջացել պետության կողմից դրամական միջոցների տրամադրմամբ ՀՀ-ում խրախուսել ամուսնությունները եւ աջակցել նորաստեղծ ընտանիքներին:
Օրինագծի հեղինակների համոզմամբ' օրենքը հնարավորություն կտա նորաստեղծ ընտանիքներին լուծելու առաջնային անհրաժեշտության ծախսերից բխող ֆինանսական խնդիրները, ինչպես նաեւ կնպաստի Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրության եւ ծնելիության հետ կապված որոշակի խնդիրների լուծմանը: