կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-22 16:49
Քաղաքական

Արմենուհի Կյուրեղյանն ԸՕ բարեփոխումների հետ կապված 3 առաջարկ ներկայացրեց

Արմենուհի Կյուրեղյանն ԸՕ բարեփոխումների հետ կապված 3 առաջարկ ներկայացրեց

ԸՕ բարեփոխումների նախագծի վերաբերյալ ԱԺ արտահերթ նիստում ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը նշեց, որ ելույթները լսելով, իր մոտ այնպիսի տպավորություն է, որ փորձում են համոզել, թե ինչքանով է ընտրական փոփոխությունների նոր փաթեթն ավելի առաջադեմ, քան նախորդը: Նրա խոսքով՝ որևէ մեկի մոտ նման կասկած չի առաջացել, որ առաջարկվող փաթեթում էապես դրական փոփոխություններ կան կուսակցական բազմակարծության ապահովման համար:

«Ինձ թվում էր, որ այս կարճ ժամանակը, որ տրվում էր ելույթների, քննարկումների համար, պետք էր օգտագործել` ավելի շատ նոր առաջարկների մասին խոսելով: Այնուամենայնիվ, մենք առաջարկություններ ունենք: Իմ հարցադրումը` որ ունենք մեկ կուսակցությանը 2/3 մանդատ տրամադրելու փաստագրում՝ և՛ հին օրենսգրքով, և՛ փոփոխությունների փաթեթում, արդյո՞ք այդ 2/3 մանդատը ճիշտ է տալ մեկ կուսակցությանը, այսինքն՝ դրանով մեկ կուսակցությանը տալ հնարավորություն էապես փոխելու սահմանադրական օրենքներն ու Սահմանադրությունը: Եթե դա այդպես է, ապա իզուր է այս փոփոխությունները բերելը  և հիմնավորելը կուսակցական բազմակարծություն ապահովելու պնդումով: Որովհետև մեր կուսակցությունը, ստանալով այդ հնարավորությունները, մերժում է միանգամից այդ բազմակարծությունը: Իսկ հարցին ի պատասխան հնչեցված այն տեսակետը, որ եթե հանրությունը տալիս է 90 տոկոսից ավելի ձայն մեկ կուսակցությանը, ինչո՞ւ նրա մանդատներից պակասեցնել, ես ուղղակի չեմ հասկանում այդ մոտեցումը»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ եթե կուսակցությունը 90 տոկոս մանդատ է ստացել, միևնույն է, գործող և առաջարկվող փաթեթով այդ 90 տոկոս մանդատները դարձվում են 70 տոկոս: Այս դեպքում, ըստ Կյուրեղյանի, ինչո՞ւ չեն համաձայնում 70 տոկոսն իջեցնել մինչև 68-67 տոկոս, որպեսզի մերժեն միակուսակցական որոշման հնարավորությունը: «Ճիշտ է, մենք առաջարկել ենք 2/3-ից իջեցնել մինչև 3/5, բայց պետք է քննարկել նաև հնարավորությունը 3/5-ից 2/3 միջակայքում որևէ թիվ ամրագրելու փաստարկը»,- ասաց նա:

Բացի այդ, պատգամավորի մեկնաբանմամբ, բազմաթիվ փորձեր են եղել, երբ ընտրության արդյունքներն ընտրատեղամասերում վերահաշվարկի պահանջի վրա բացվել են, քննարկվել, սակայն թեկուզ անգամ ամրագրվել են խախտումներ, բայց դրանք ընդհանուր արդյունքների վրա չեն ազդել: Կյուրեղյանը նշեց, որ իրենք առաջարկել են և քննարկման են դնելու հետևյալ մոտեցումը՝ ինչ անել, որ հնարավոր դառնա այդ վերահաշվարկների արդյունքների տարածումն ընդհանուր արդյունքների գնահատականի վրա: «Դրա համար առաջարկվել է մեխանիզմ. պատահականության սկզբունքով յուրաքանչյուր տարածքային հանձնաժողով տեղամասերում վերահաշվարկ է կատարում՝ անկախ նրանից` դիմումներ կա՞ն, թե՞ ոչ, և եթե հաշվարկի արդյունքները ծնում են ողջամիտ կասկած արդյունքների վերաբերյալ, ապա այդ արդյունքները պետք է տարածել ընդհանուր արդյունքների վրա: Նման հարցի քննարկումը խմբակցությունում, նաև առաջին փոխվարչապետի հետ հանդիպման ժամանակ բերեց այնպիսի մոտեցման, որ սա ողջամիտ տարբերակ է: Կարելի է անցնել նաև երկրորդ փուլի, ասենք՝ պատահականորեն ընտրված տեղամասերի քանակը եթե 3 էր, հիմա դարձնել 10, նորից վերահաշվարկ կատարել, և եթե դա ամրապնդում է այդ վարկածը, այդ դեպքում հնարավորություն տալ ԿԸՀ-ին` դիմել դատարան և արդյունքների վերագնահատման մեխանիզմ ունենալ»,- ասաց Կյուրեղյանը:

Նրա հավաստմամբ՝ վերոնշյալ առաջարկը քննարկման ժամանակ ընդունվել է, բայց փաստացի ընդունված փաթեթում ամրագրված է առաջարկի միայն մի մասը, այն է՝ տարածքային հանձնաժողովները պատահականության սկզբունքով պետք է որոշակի քանակությամբ տեղամասերում վերահաշվարկ կատարեն: Սակայն, ըստ պատգամավորի, եթե ողջամիտ կասկած է ծնվում ու արդյունքները տարածելու հնարավորություն չի նախատեսվում, այդ դեպքում նման վերահաշվարկն ինքնանպատակ է ստացվում:

Կյուրեղյանն ասաց նաև, որ իրենք ևս մեկ առաջարկ ունեն. քանիցս ՀՅԴ-ն հայտարարել է, որ կողմ է ռեյտինգային համակարգի վերացմանը, բայց կողմ են 100 տոկոսանոց բաց համամասնական ընտրակարգին անցմանը: 100 տոկոսանոց բաց համամասնական ընտրակարգ, ըստ Կյուրեղյանի, նշանակում է՝ ընտրողն ընտրում է ոչ միայն կուսակցությանը, այլը իր ընտրությամբ ինքն է ձևավորում հերթականությունը ցուցակներում: «Իսկ փակ համամասնական ցուցակը, որն այսօր դրվել է քննարկման, ենթադրում է, որ ցուցակում հերթականությունը որոշվում է ոչ թե ընտրողների կողմից, այլ կուսակցության ղեկավարի կամ ղեկավար մարմնի կողմից: Այս մոտեցումը պակաս ժողովրդավարական է, իր հետ չի բերում մասնակցային ժողովրդավարության ամրագրում, ինչպես նաև ներկուսակցական ժողովրդավարության ամրագրում: Բաց համամասնական ցուցակներին անցման մեխանիզմը կարելի է ընդունել գոնե անցումային դրույթներով, իհարկե, տեխնիկապես իրականացման բարդությունը հասկանալով, և ամրագրել, որ որոշակի ժամանակաշրջան հետո մենք կարող ենք անցնել նման մեխանիզմի»,- խոսքն ամփոփեց Կյուրեղյանը: