Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ելույթս մի խնդրի մասին է, որն այսօր չլուծելու, կանխարգելիչ աշխատանքներ չիրականացնելու պարագայում, վաղն այն դառնալու է ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք, եւ սա չափազանցություն չէ: Խոսքը թմրանյութերի շրջանառության ծավալների աճի եւ այդ շրջանառության ձեւի փոփոխության մասին է։ Այս մասին Ազգային Ժողովի ամվիոնից հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Վիճակագրությունը, ամենամեղմ ձեւակերպման դեպքում, խիստ մտահոգիչ է․ դինամիկ աճը տերեցտարի հստակ է: Այսպես. 2018 թվականին գրանցվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների 877 դեպք, 2019-ին՝ 1088, 2020-ին՝ 1226, 2021-ին՝ 1544 դեպք, 2022 թվականին՝ ուշադրություն 2266 դեպք, նախորդ տարվա 1544-ի դիմաց գրանցվել է աճ 47 տոկոս։ Եւ սրանք միայն արձանագրված պաշտոնական թվերն են: Դեպքերի շուրջ 50 տոկոս աճը պայմանավորված է հիմնականում համացանցի, իսկ մեծամասամբ տելեգրամ ալիքների միջոցով կատարվող դեպքերի ավելացմամբ, որոնց գովազդները կարելի է տեսնել դպրոցների պատերից սկսած մինչեւ կանգառներ։ Տելեգրամ ալիքների միջոցով թմրամիջոցների տարածվածության խնդրի ծավալները պատկերացնելու համար նշեմ, որ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում 2022թ․-ի տարեսկզբին ստեղծվել է առանձին բաժին: Միայն այս բաժնի կողմից հայտնաբերվել է թմրամիջոցների վաճառաքով զբաղվող 435 տելեգրամյան, այսպես կոչված շոփ, 35 ալիք, նաեւ 100-ից ավել այսպես կոչված չաթեր, ուր քննարկումներ են ծավալվում այս կամ այն տելեգրամյան ալիքի մատուցած ծառայությունների որակի, կամ այդ որակի բացակայության մասին: Շեշտում եմ՝ սրանք դեռ պաշտոնական տվյալներն են»,- ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ թմրամիջոցների մաքսանենգության մասով էլ նորամուծություններ կան․ օրինակ 2022թ․-ին դեպքերի 76 տոկոսը կատարվել է փոստային առաքանիների միջոցով: Թմրանյութի համար գումարն էլ մեծամասամբ փոխանցվում է էլեկտրոնային դրամապանակներին, տարածված են բիթքոյնով վճարումները:
«Համացանցով հիմնական վաճառվող թմրանյութերը դրանք սինթետիկ թմրանյութերն են, ամենատարածվածը՝ մետամֆետամինը: Հենց այս չարիքն է երիտասարդների շրջանում ամենաշատ իրացվողը, կամ իրացվողներից մեկը: Մասնագետների, հոգեբանների հետ զրույցները ցույց են տալիս, որ իրազեկման լրջագույն բացեր ունենք այստեղ. թմրանյութ օգտագործող երիտասարդների զգալի հատվածը համոզված է եղել, որ օրինակ մեթամֆետամինը կախվածություն չի առաջացնում: Դա այդպես չէ, սիրելի երիտասարդներ, այդ սինթետիկ թմրամիջոցը հանդիսանում է կախվածության բարձր աստիճանի հոգեխթանիչ, դրա երկար օգտագործումը վնասում է գլխուղեղը եւ այլ ծանր հետեւանքներ է առաջացնում ձեր ֆիզիկական եւ հոգեկան առողջությանը»,- ավելացրեց պատգամավորը:
Ընդդիմադիր գործիչը ցավով արձանագրեց, որ թմրանյութ օգտագործողների տարիքային շեմը երիտասարդացել է, ավելացել է օգտագործող կանանց թիվը, անչափահասների թիվը․
«Ցանկացած հասարակության, որի, առավել եւս երիտասարդության, մի հատվածը գտնվում է թմրանյութերից կախվածության մեջ, շատ ավելի հեշտ է այո կառավարելը, բայց հավատացեք, այսօր այս խնդիրը չլուծելու դեպքում, սա վաղը կամ այսօր այստեղ նստածներից յուրաքանչյուրի տուն կարող է մտնել:
Սա այն ինֆորմացիայի քիչ մասն է, որ այստեղ հասցրեցի ներկայացնել, ակնհայտ է՝ իրազեկման լրջագույն աշխատանքներին զուգահեռ, պետք են կանխարգելիչ հստակ աշխատանքներ, պետք է թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի նոր ռազմավարություն: Սա լրջագույն սպառնալիք է պետությունը պետք է կանգնեցնի այս կործանարար ընթացքը՝ բոլոր հնարավոր եւ անհնարին լծակները գործի դնելով, հակառակ դեպքում հիմնավոր կարող են դառնալ կասկածները, որ այս ամենը տեղի է ունենում իշխանության ներկայացուցիչների հովանավորչության ներքո»,- ասաց նա։