կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-08 11:02
Տարածաշրջան

Քանի որ Սևանը հայ է, հա՞. թուրք լրագրողի հոդվածը Սևան Նիշանյանի մասին

Քանի որ Սևանը հայ է, հա՞. թուրք լրագրողի հոդվածը Սևան Նիշանյանի մասին

Վերնագիրը փոխառել եմ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» պիեսից, եթե չեմ սխալվում, Նուրեդդին Սևինի թարգմանությամբ. հրեա վաշխառու Շեյլոկն ասում է` քանի որ հրեա եմ, հա՞…

 

Շեյլոկը Վենետիկի դատավորների առաջ հրեաների գույքի հետ կապված խտրականության մասին խոսելիս, թվելով անարդարությունները, հարցնում է. «Քանի որ հրեա եմ, հա՞»:

 

Խոսելու եմ Սևան Նիշանյանի մասին, այն Սևանի, ով իմ ճանաչած ամենաախորժելի «թերություններ», մարդուն տեղը դնելու չափ հակասական մտածելակերպ և նրան «աշխարհի իսկական քաղաքացի» դարձնող լայն մտահորիզոն ունի:

 

Դատապարտվեց: Շիրինջե գյուղում իր սեփական 60 մետրանոց հողի վրա մեկ սենյականոց քարե շենք կառուցելու համար դատարանը (դատարանը, ո՛չ թե օրենքը) նրան երեք տարով բանտարկեց: Ձայն չհանեց, չլացեց, չտրտնջաց, «տեսեք` իմ հանդեպ ինչ անարդար են» չասաց ու ողորմածություն մուրալու համար ինքն իրեն չնվաստացրեց: «Եթե դատարանն է որոշել, կգնամ` կպառկեմ (պատիժս կկրեմ)»,- ասաց ու գնաց:

 

Նրան Թորբալը բաց բանտում փակեցին: Բանտի տանիքը կործանարար տեղ է: Ով չի եղել, չի իմանա: Ես եղել եմ, գիտեմ: Պահակները մարդու աչքերից հասկանում են` մի բան կպոկե՞ն, թե՞ չէ: Իսկ եթե հասկացան, որ` չէ, ուրեմն փորձանքի մեջ ես: Չորս պատի մեջ ինքնապաշտպանվելը հեշտ բան չէ: Գլխավոր պահակն արդեն ինքն իրեն կեսաստված համարող մեկն է: Իսկ տնօրե~նը, էհե~…

 

Թորբալը բաց բանտում պահակներից մեկը Սևան Նիշանյանի վարկային քարտը գողացավ: Գողության մասին մամուլը տեղեկացավ: Սակայն գողի փոխարեն՝ Սևան Նիշանյանը պատասխան տվեց և նրան անմիջապես Թորբալը բաց բանտից Բուջա փակ բանտը տեղափոխեցին:

 

Սևան Նիշանյանի հետ նոր բանտում տեղի ունեցող ընթացիկ իրադարձությունների մասին հաղորդում է նրա մտերիմ ընկերը` Շիրինջեի Մաթեմատիկայի գյուղը Սևանի հետ փրկող Ալի Նեսինը:

 

«Հին հավաբներ հիշեցնող, 60 հոգու համար նախատեսված բանտախցում պահում են 103 հոգու, ինչը հազվադեպ է լինում` հիմնականում 130-ն են: Գետնին փռված, անբացատրելի կեղտոտ սպիտակեղենով անկողինը կիսում են երեք հոգով: Նիշանյանին անկողին տալը դժգոհություն է առաջացրել բանտում: Սակայն նա, ուրիշների ավելի վատ դրության մեջ լինելը մատնանշելով, ասում է` «լավ եմ»: Գիշերը այնտեղ չեն ջեռուցում, օդափոխության համար պատուհանը նույնիսկ չեն բացում: Տրվող սնունդն անհնար է ուտել: Բանտախցում սեղան-աթոռ չկա: Այդ իսկ պատճառով նրանք, ովքեր Սևանի նման տեղ չունեն, ամբողջ օրը նստելու տեղ չեն գտնում: Սակայն Սևանն այդ պայմաններին հերոսի պես է դիմակայում: Երիտասարդ ժամանակ էլ էր այդպիսին: Վաղը գնալու եմ նրան տեսակցության: Հուսով եմ` ավելի լավ լուրերով կվերադառնամ»:

 

Ալի Նեսինը ճշմարիտ է: Սևան Նիշանյանն այս պայմաններին նույնպես կդիմանա, գլուխը չի խոնարհի ստվերների առաջ:

 

Բայց ինչո՞ւ է լռում Սևան Նիշանյանը, չէ՞ որ մենք կարող ենք չլռել:

 

Հարց ենք տալիս` ապօրինի շինությունների «դրախտավայր» և ապօրինի շինությունների կենտրոն Թուրքիայի՝ Քուշադասըյի շրջանում Սևան Նիշանյանին ապօրինի մեկ հարկանոց շենքի համար տարիներով հետապնդելն ու վերջում ինչ-որ պատրվակով երկու տարի ազատազրկելը հանուն ինչի՞ է:

 

Քանի որ Սևանը հայ է, հա՞:

 

«Սխալ հանրապետություն» գրքով պաշտոնապես ընդունված կարծրատիպը փոխելու, ընթերցողներին ճշմարտությունը բացելու ու միմիայն դրան, այլ ոչ թե այն բանին, ինչ պարտադրվում է, հավատալու մասին հիշեցնելու համա՞ր նման գրողների թշնամի հռչակեցին:

 

Քանի որ Սևանը հայ է, հա՞:

 

Գրեթե հանրապետության տարիքի եղող Թուրք լեզվի կենտրոնի չհաջողեցրածը Սևանի` «Բառերի տոհմաբանություն» աշխատությունով հաջողեցնելը ձեզ հունից հանում է:

 

Քանի որ Սևանը հայ է, հա՞:

 

Չնայած այսքան ճնշմանը, մահվան սպառնալիքին` խլված հողերից երբեք չհրաժարվող, մտածածը, իմացածը, հավատացածը, չհավատացածը խիզախորեն, անվախորեն և ճոխ արտահայտող, կարծրատիպ փոխող ձեր երկրացու նկատմամբ մահացու ոխ եք պահում:

 

Քանի որ Սևանը հայ է, հա՞:

 

Նշենք, որ թուրք մաթեմատիկոս Ալի Նեսինը Սևանյանի մասին ասել էր. «Էրդողանը երկու ամիս բանտում անցկացնելուց հետո դարձավ վարչապետ, իսկ հիմա՝ հարցական է՝ երեք տարի բանտում մնալուց հետո ի՞նչ կդառնա Նիշանյանը: Ես կասկած չունեմ, որ Սևանը մի օր դուրս է գալու բանտից, ինձ համար հարցական է՝ երբ նա ազատ արձակվի, ո՞րտեղ են գտնվելու նրան բանտարկողները»:

 

Ալի Նեսին

 

Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի