Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուս լրագրող Ստանիսլավ Մուդրին, լինելով ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում, հոդված է գրել սահմանին տիրող իրավիճակի մասին, որը հրապարակվել է Ridus.ru-ում:
Լրագրողն իր հոդվածում նախ շնորհակալություն է հայտնել ԼՂՀ ԱԳՆ-ին և արցախցի զինծառայողներին` իրեն առաջին գիծ թողնելու համար: «Դրանից այն կողմ ականապատ տարածք է, այնուհետեւ` Ադրբեջանի տարածքը»,- գրում է լրագրողը և հավելում, որ, իր իսկ անվտանգությունից ելնելով, իրեն թույլ չեն տվել ավելի առաջ գնալ, սակայն ինքը կարողացել է գլուխը դուրս հանել խրամատից:
«Հեռադիտակից ինձ նայող ադրբեջանցին, հարյուրավոր մետրեր ձգվող փշալարերը և դաշտի վրա ականների մասին տեղեկացնող նշաններն ինձ ստիպեցին հասկանալ, որ ամեն ինչ լուրջ է: Ես չէի վախենում: Իմ քաղաքացիական հագուստը սահմանի այն կողմի զինվորներին հուշում էր, որ ես նորակոչիկ չեմ: Ինչպես հայտնի է, ադրբեջանական կողմը միջազգային դիտորդներին, այդ թվում` ԵԱՀԿ, թույլ չի տալիս անցնել իր պաշտպանական գիծը: Ղարաբաղցիները, հակառակը, ընդունում են բոլորին: Բանն այն է, որ պատերազմը շարունակվում է: Ժամանակ առ ժամանակ ադրբեջանցի դիպուկահարները (ասում են` երիտասարդ ուկրաինուհիներ են) խփում են անզգույշ զինվորներին, ինչի արդյունքում պատասխան կրակահերթից մարդիկ են զոհվում: Եվ, իհարկե, ադրբեջանական կողմը չի ցանկանում, որպեսզի դիտորդները տեսնեն այս ամենը»,- գրել է նա:
Հոդվածում ռուս լրագրողն անդրադարձել է նաև պաշտպանական կետին, նշել այնտեղ առկա իրերը, աղոթատեղին և հավելել, որ զինվորներն այստեղ սոված չեն մնում: Նռան հյութ, կոնֆետներ, թխվածքաբլիթ, պահածոներ` ահա այն ամենը, ինչ լրագրողը տեսել է պաշտպանական կետում:
Ստանիսլավ Մուդրին նշում է նաև, որ ժամկետային զինծառայողները բանակ են զորակոչվում երկու տարով և «մեծ սիրով գնում են ծառայության, որը նրանց համար ազգային հպարտություն է»:
Հոդվածի վերջում ռուս լրագրողը գրում է. «Ամեն ամիս Ադրբեջանը հայտարարում է կորցրած տարածքները վերադարձնելու մասին, այնժամ, երբ ղարաբաղցիներն ամեն օր շարունակում են ամրացնել սեփական սահմանները և պատրաստել զինվորների նոր սերունդ: Կողմերից մեկն ապրում է զավթողական ամբիցիաներով, մինչ մյուս կողմը նոր կյանք է կառուցում: Հնարավոր է` զավթման նոր փորձը մեկընդմիշտ խաղաղություն հաստատի այս հողում, սակայն ավելի լավ է` առանց պատերազմի. Ղարաբաղը չափից շատ ընկերական և գեղեցիկ տարածք է պատերազմի համար»: