|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Սպառողներին վաճառվող բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների շուրջ ինչ-որ փորձագետների կողմից 2018 թվականի հոկտեմբերի 4-ին ԶԼՄ-ներով ներկայացված հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում, զուրկ են որևէ հիմքից, և բացահայտ ապատեղեկատվություն են, որոնք հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեն։
Մասնավորապես, նշվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից անարդյունավետ ներդրումներ, ծախսեր իրականացնելու, խաղատուն, հանգստյան տուն կառուցելու և դրանք բնական գազի սակագներում ներառելու մասին: Իրականում՝ ինչպես ներդրումային, այնպես էլ շահագործման և պահպանման ծախսերը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից մանրամասն ուսումնասիրվում և վերլուծվում են, ինչի արդյունքում, համաձայն գործող մեթոդիկաների, սակագներում ներառվում են միայն ընկերության լիցենզավորված գործունեությանն առնչվող և հիմնավորված ծախսերը։ Նշված ամբողջ գործընթացը, մինչև սակագների սահմանումը, անցնում է բաց և թափանցիկ ընթացակարգով և ներկայացվում է հանրության քննարկմանը»:
Հիշեցնենք , որ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված էլեկտրաէներգիայի և գազի սակագնի ստուգումն իրականացնող աշխատանքային խմբի անդամ, էներգետիկայի ոլորտի փորձագետ Էդուարդ Արզումանյանը հոկտեմբերի 4-ին կայացած ասուլիսում հայտնեց, թե ուսումնասիրությունները ցույց են տվել, որ էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է նվազեցնել առնվազն 10 դրամով, իսկ գազի սակագինը հնարավոր է նվազեցնել առնվազն 10 տոկոսով: