կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-05 14:36
Քաղաքական

ՀՀԿ-ն ո´չ ինքնանպատակ վարչապետի թեկնածու կառաջադրի, ո´չ էլ ինքնանպատակ կգնա արտահերթ ընտրությունների. Շարմազանով

ՀՀԿ-ն ո´չ ինքնանպատակ վարչապետի թեկնածու կառաջադրի, ո´չ էլ ինքնանպատակ կգնա արտահերթ ընտրությունների. Շարմազանով

ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ԲՀԿ-ի կողմից դեռ չի լսել վերջնական պատասխան՝ համաձա՞յն են արտահերթ ընտրությունների, թե՞ ոչ: «Բացի «Ելք»-ից, չեմ լսել, որ լինի այնպիսի ուժ, որն ասի՝ համաձայն եմ, որ խորհրդարանը գնա ինքնալուծարման»,- հավելեց նա:

Ըստ Շարմազանովի` կա ընտրության երկու տարբերակ: «Կան ընտրություններ, կան պարտադրված ընտրություններ: Երբ վարչապետը հրաժարական է տալիս, դա արդեն պարտադրված ընտրություն է»,- շեշտեց նա:

Հարցին` հնարավո՞ր է արտահերթ խորհրդարանական ընտրություններից խուսափելու համար Հանրապետականն առաջարկի վարչապետի իր թեկնածուին, Շարմազանովն պատասխանեց. «Մենք ո'չ ինքնանպատակ թեկնածու կառաջադրենք, ո'չ ինքնանպատակ կգնանք արտահերթ ընտրությունների, ո'չ էլ ինքնանպատակ որևէ բան կանենք: Ամեն ինչի տակ պիտի լինի գաղափար»:

Նրա խոսքով` վարչապետի առաջարկը եթե ոչ վատագույն, ապա լավագույն տարբերակն էլ չէ: «Երբեմն դու ընտրում ես վատի ու վատթարագույնի միջև, հիմա գնդակը նրա դաշտում է: Եթե, ըստ Սահմանադրության, հրաժարական ես տալիս, ապա քաղաքական ուժերը, ըստ իրավիճակի, երկրի շահերից ելնելով, կքննարկեն` առաջադրո՞ւմ են, թե՞ չեն առաջադրում: Առաջադրելուց հետո էլ կքննարկեն` ինչ ծրագրեր են բերում, ում են առաջադրում, ինչ պիտի անի»,- ասաց Շարմազանովը: