կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-11 20:44
Քաղաքական

Սերժ Սարգսյանը` ՀՀԿ-ի վարչապետի թեկնածու. Շարմազանով

Սերժ Սարգսյանը` ՀՀԿ-ի վարչապետի թեկնածու. Շարմազանով

Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ ԳՄ հերթական նիստը: Նիստի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նիստը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:Նիստի ընթացքում ԳՄ անդամները ամփոփել են  նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տասը տարիները:

«Այդ տասը տարիները բարդ, մարտահրավերներով լի, բայց միևնույն ժամանակ պետականաշինության, նախաձեռնող արտաքին քաղաքականության և անվտանգության ապահովման ամրապնդման տարիներ էին: Անշուշտ եղել են նաև բացթողումներ, թերություններ, բայց ակնհայտ է, որ 2008-ի և 2018-ի Հայաստանը տարբեր են , թե ժողովրդավարության զարգացման, թե անվտանգության ապահովման առումով, թե արտաքին նախաձեռնող քաղաքականության զարգացման առումով»,- ասաց Շարմազանովը:

Նրա խոսքով` նիստի ընթացքում քննարկվել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեության մեկ ու կես տարին:

«Շնորհակալություն ենք հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին իր պետականամետ, ազգային գործունեության համար, ինչպես նաև շնորհակալություն ենք հայտնել վարչապետ Կարեն Կարապետյանին այս մեկ ու կես տարվա արդյունքների համար»,- ասաց նա:

Անդրադառնալով վարչապետի թեկնածուին, Շարմազանովը նշեց, որ այսօր ՀՀԿ ԳՄ-ն սկսել է քննարկումները ապագա վարչապետի հարցի հետ կապված: Ըստ Շարմազանովի, քննարկումները ընթացել են միասնության ու համերաշխության մթնոլորտում, ՀՀԿ ԳՄ  բոլոր անդամները առանց բացառության ընդունել են վարչապետի թեկնածուի հետ կապված այն առաջարկը, որն աառաջ էր քաշել նախօրեին ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանը:

«Մենք շաբաթ օրը ՀՀԿ խորհրդի նիստին կներկայացնենք մեր վարչապետի թեկնածուին: Պարզ է` ով է լինելու վարչապետի թեկնածուն, և քանի որ այլ կարծիքներ չեն հնչել, այլ անուններ չեն հնչել, որևէ մեկի մտքով այլ անուն չի էլ անցել,  բոլորս միահամուռ վստահում ենք Սերժ Սարգսյանին: Երկուշաբթի օրը ՀՀԿ-ն պաշտոնապես ԱԺ-ում կառաջադրի վարչապետի իր թեկնածուին, ապրիլի 17-ին ԱԺ-ում մենք կքվեարկենք»,- ասաց նա: