կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-30 12:30
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ առաջինը կառաջադրի ՍԴ դատավորի թեկնածու․ Սուրեն Գրիգորյանը՝ ՍԴ մասին օրենքում փոփոխությունների մասին

Փոփոխվում է ՍԴ դատավորների թափուր տեղերի համար թեկնածու առաջադրող մարմինների հերթականությունը՝ առաջին առաջադրումը կատարվելու է կառավարության կողմից, երկրորդը՝ ՀՀ նախագահի կողմից, երրորդը՝ դատավորների ընդհանուր ժողովի կողմից․ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը Աժ-ում ներկայացնելով ՍԴ մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

«ՍԴ-ում այս պահին առկա երեք թափուր պաշտոնների համար առաջադրումները կատարվելու են հետևյալ հերթականությամբ․ կառավարություն, ՀՀ նախագահ, դատավորների ընդհանուր ժողով։ Այս փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ եթե հերթականությունը պահպանվի գործող օրենքով սահմանված կարգով՝ ՀՀ նախագահ, դատավորների ընդհանուր ժողով և կառավարություն, կխախտվի Սահմանադրության 166 հոդվածի 1-ին մասին այն պահանջը, որ առաջադրվող երեք սուբյեկտները երեքական թեկնածու են առաջադրում»,-ասաց Սուրեն Գրիգորյանը։

Նախագծով նաև սահմանվում է, որ, չնայած սահմանված հերթականությանը, առաջադրող մարմնի կողմից առաջադրում չի կատարվում, եթե կոնկրետ մարմնի կողմից առաջադրված կոնկրետ դատավորների թիվը հավասար է երեքի։

Ուժը կորցրած է ճանաչվում 17-րդ հոդվածի 5-րդ մասը, որը նախատեսում է միաժամանակյա մի քանի թափուր պաշտոնի դեպքում համալրման ընդհանուր կանոնը։

Փոփոխություններ և լրացումներ են կատարվում ՍԴ մասին սահմանդրական օրենքի 88-րդ հոդվածում, որում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է 2020 թ-ի հունիսի 22-ին ԱԺ ընդունած և նույն թվականին ուժի մեջ մտած Սահամանադրության 213-րդ հոդվածով կատարված փոփոխություններով։

«Նախ, այս հոդվածով ուժը կորցրած են ճանաչվում այն բոլոր դրույթները, որոնք ի սկզբանե նախատեսվում էին և այս կամ այն կերպ հնարավորություն էին նախատեսում դատավորներին գնալ վաղ կենսաթոշակի»,-ասաց «Իմ քայլի» պատգամավորը։

Հոդվածում ամրագրվում է, որ ՍԴ անդամներին և դատավորներին, որոնց լիազորությունները դադարել են լիազորությունների ժամկետը ավարտելու հիմքով վերջին փոփոխություններով,  նշանակվում է կենսաթոշակ օրենքով սահմանված կարգով, այն դատավորներին, ումը չի դադարում, սակայն իրենց պաշտոնավարման ժամկետը կրճատվում է և սահմանվում 12 տարի՝ հաշվարկելով արդեն պաշտոնավարման տարիները թե՛ որպես ՍԴ անդամ, թե՛ որպես դատավոր։

Ամրագրվում է, որ թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են կառավարության կողմից, ՀՀ նախագաի կողմից և դատավորների ընդհանուր ժողովի կողմից փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում։

Ամրագրվում է, որ ՍԴ նախագահ է ընտրվում այդ երեք թափուր պաշտոնների համալրումից հետո 10-օրյա ժամկետում։

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին օրենքում փոփոխությունները բխում են հիմանական օրենքից, որ կարգավորվի կենսաթոշակի հետ կապված հարաբերությունները»,-նշեց Սուրեն Գրիգորյանը։

Նշենք, որ հունիսի 26-ին ուժի մեջ է մտել ԱԺ ընդունած Սահմանադրության փոփոխությունները։ Այդ փաստով պայմանավորված, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սուրեն Գիրգորյանն ու Վագահն Հովակիմյանը ԱԺ արտահերթ նիստի օրակարգ են բերել փոփոխությունների փաթեթ, որով ՍԴ մասին օրենքի 88-րդ հոդվածի անցումային դրույթները համապատասխանեցվում է Սահմանադրության 213-րդ հոդվածի նոր խմբագրությանը։ Օրենքը այս պահին փաստացի հակասում է Սահմանադրությանը և այդ խնդիրը հրատապ լուծելու համար օրինագծի հեղինակներն առաջարկեցին հարցը քննել առաջին ընթերցմամբ հաստատելուց հետո երկրորդ ընթերցումը 24 ժամվա ընթացքում կազմակերպելու ընթացակարգով։

Հիշեցնենք, որ Սահմանադրության՝ հունիսի 26-ին ուժի մեջ մտած փոփոխությունները վիճարկելու համար ԱԺ ԲՀԿ խմբակցությունը դիմել է ՍԴ, իսկ ԼՀԿ խմբացությունը հայտարարել է, որ դա կանի հուլիսի 7-ից հետո։ Ընդդիմադիրները փոփոխությունները համարում են հակասահմանադրական, քանի որ դրանք ԱԺ-ում ընդունելիս չի պահպանվել Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգը և երկրորդ ընթերցման քվերակությունից առաջ չի ուղարկվել ՍԴ։ Բացի այդ, օրենքն ընդունելուց հետո չի ուղարկվել ՀՀ նախագահի ստորագրմանը և հրապարակմանը։

Մանրամասն՝ տեսանյութում․