կարևոր
1600 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-10 21:49
Քաղաքական

Չնայած իշխանությունների ստեղծած վախի մթնոլորտին՝ գյուղերում շարունակվում է կյանքը. ընդդիմադիր պատգամավորներն այցելել են Գեղարքունիքի համայնքներ

Չնայած իշխանությունների ստեղծած վախի մթնոլորտին՝ գյուղերում շարունակվում է կյանքը. ընդդիմադիր պատգամավորներն այցելել են Գեղարքունիքի համայնքներ

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.                

«Գործընկերներ Իշխան Սաղաթելյան / Ishkhan Saghatelyanի, Արման Ղազարյանի և Գեղամ Մանուկյանի հետ հանգստյան օրերին այցելեցինք Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի Թթուջուր, Դպրաբակ և Վահան համայնքներ:

Անմիջական մթնոլորտում զրույցի բռնվելով մեր հայրենակիցների հետ՝ արձանագրեցինք հրատապ լուծում պահանջող մի շարք խնդիրներ։

Գյուղերում շարունակում է գերխնդիր մնալ միջհամայնքային տրանսպորտի հարցը: Բնակիչները չեն կարողանում ուղևորվել մայրաքաղաք, ՀՀ այլ մարզեր: Դեպի Երևան երթուղին գործում է շատ հազվադեպ:

Սողանքի հետևանքով կան քանդված և վթարային դարձած տներ, որտեղ շարունակում են բնակվել ընտանիքներ՝ խիստ վտանգավոր պայմաններում:

Բնակիչներին չի տրամադրվում թափուկ վառելափայտ։ Ձմռան սեզոնին ընդառաջ՝ այս խնդիրը մտահոգություններ է առաջացրել գյուղաբնակների շրջանում։ Նշեմ, որ Կառավարության որոշմամբ՝ անտառամերձ բնակավայրերի բնակիչներին հասնում է մինչև 8 խորանարդ մետր չափաբաժնով թափուկ վառելափայտ։

Ինչպես ՀՀ բազմաթիվ համայնքներում, նշված գյուղերում էլ բազմաթիվ են անմշակ, ոչ ոռոգելի հողատարածքները։ Ջրի ոչ արդյունավետ կառավարման հետևանքով հազարավոր հեկտարներով հողատարածքներ մնում են անջրդի։

Գյուղաբնակ մեր հայրենակիցները զրույցներում հայտնեցին, որ վատթարացել է սոցիալական դրությունը, և որ գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ զբաղվելը դարձել է ոչ ձեռնտու։ Եթե նախկինում անտոկոս գյուղատնտեսական վարկերը փոքր-ինչ մեղմում էին իրավիճակը, այժմ դրանք էլ չեն տրամադրվում։ Շատերը ստիպված են լինում տեղափոխվել մայրաքաղաք, վատագույն դեպքում՝ արտերկիր՝ հոգալու իրենց օրվա հացի խնդիրը։

Այս հանգամանքով է պայմանավորված նաև ամուսնությունների և ծնելիության նվազումը, ինչն էլ անդառնալի հետևանքներ է թողնում ժողովրդագրական պատկերի վրա։

Ճամբարակի տարածաշրջանում բացակայում են նաև ժամանցի վայրերը, որոնք կարող էին գրավիչ դարձնել տվյալ համայնքները երիտասարդության համար։ Չկան խաղահրապարակներ, սպորտային հրապարակներ, որոնք կապահովվեին երեխաների և դեռահասների օգտակար և հետաքրքիր ժամանցը։

Վահան համայնքի զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցինք հայրենիքի պաշտպանության համար ընկած մարտիկներին:

Մեր մարզային այցելությունները լինելու են շարունակական: Խնդիրներն արձանագրելուց և բարձրաձայնելուց զատ՝ կարևորում ենք նաև դրանց լուծումները գտնելը, ինչին էլ ուղղելու ենք մեր ջանքերը:

Շնորհակալ ենք մեր հայրենակիցներին, որ չնայած իշխանությունների ստեղծած վախի մթնոլորտին, հաստատակամ են իրենց դիրքորոշումներում:

Վերհանված այս բոլոր խնդիրների լուծումներն անչափ կարևոր են, քանի որ առանց ուժեղ, զարգացող համայնքների չենք կարող ունենալ ուժեղ պետություն»։