Փոխարժեքներ
18 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Խոսքի և գործողությունների չափազանցված կամ չհասկացված ազատության պայմաններում ականատեսը եղանք մեր հոգևոր կառույցներից հիմնասյունի` Հայ առաքելական եկեղեցու և նրա հոգևոր սպասավորների վրա հարձակումների ու ոտնձգությունների: Եկեղեցու բարեփոխման պահանջների անվան տակ փորձ է արվում ժողովրդի մեջ կոտրել հավատը հոգեւոր կառույցի նկատմամբ: Առաջին հերթին դա փորձ է վտանգելու մեր ավանդական արժեքները: Խոսքը մասնավորապես վերաբերում է ընտանիքին: Այս հարցերի շուրջ զրուցեցի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար տեր Եսայի քահանա Արթենյանի հետ:
- Տեր Եսայի, մեր հասարակության մեջ որոշակի խմորումներ են, տեղի են ունենում տեսակետների բախումներ ընտանեկան արժեքների նկատմամբ ոտնձգությունների հետ կապված, որոնք մասնավորապես ակտիվացել են «թավշյա» հեղափոխությանը հաջորդած ժամանակահատվածում: Որպես հոգևորական, ի՞նչ գնահատական կտաք այս երևույթին:
- Ընտանիքը մեր հասարակության ամենակարևոր այն օղակներից մեկն է, որով պայմանավորված են նաև մեր պետականությունը, հոգևոր և ազգային կյանքը: Ընտանիքում են ծնվում մեր զինվորն ու հոգևորականը, մեր նախարարն ու վարչապետը, բանվորն ու պարզ աշխատավորը: Այս պատճառով բոլոր ժամանակներում եկեղեցին հատուկ ուշադրություն է կենտրոնացրել ընտանիքի վրա, որպեսզի այն լինի առողջ, այնտեղից դուրս եկող մեր հայրենակիցները հոգևոր իմաստով լինեն ամուր և ազգային պատկանելության տեսանկյունից` գիտակից: Այսօր ընտանեկան ինստիտուտի նկատմամբ պարտադրվում է այն մոտեցումը, որ, ինչպես տեսանք ընտանեկան բռնության հետ կապված օրենքի նախագծի քննարկումների ընթացքում, խրախուսվեն ազատ բարքերը և մեզ հրամցվող նմանատիպ օտար արժեքները: Ավանդական արժեքների ֆոնի վրա, որոնք սխալ են մեկնաբանվում շատ հաճախ, բերվում են փաստարկներ, թե անհրաժեշտ է, որ ընտանիքում բոլորը լինեն ազատ, իրավահավասար և այլն: Այստեղ ավանդական մոդելն է խեղաթյուրվում: Երբ ասում ենք` ընտանիքի ավանդական մոդել, նկատի չունենք այն, որ ընտանիքի հայրը ձեռքով պիտի խփի սեղանին, կարգադրություններ անի, բռնություն կիրառի: Ընտանիքի ավանդական, քրիստոնեական մոդելը սա չէ:
-Օրինակի հիման վրա կարո՞ղ եք դա ներկայացնել:
- Ավանդական մոդելը քրիստոնեական արժեքներով ձեւավորված ընտանիքն է, որտեղ հայրն ու մայրը, նրանց զավակներն ունեն իրենց տեղերը: Երբ ընտանիքի ավանդական մոդելը ներկայացվում է սև գույներով կամ սխալ մեկնաբանությամբ, դրան իբրև հակադրություն բերելով «եվրոպական արժեքները», հաճախ մարդիկ ասում են, թե ինչ լավ է, որ այսպիսի ազատ մտածելակերպ կա, մոռանալով, որ այստեղ թիրախ է վերցված ոչ թե այն ընտանիքը, որտեղ կա բռնություն, այլ` առհասարակ ընտանիքի խորհուրդն ու գաղափարը, որոնց նկատմամբ է կատարվում այդ ոտնձգությունը: Զավակ-ծնող, եղբայրներ-քույրեր հարաբերությունների, այսպես կոչված, ազատականացման գործընթացում մեկը մյուսի համար պատասխանատու չէ, ամեն մեկը կարծում է, թե ինքն ազատ է ու արհամարհում է դիմացինի ազատությունը, այսինքն` ես ինչ ուզեմ, կանեմ, շատ էլ, որ այս ընտանիքի անդամ եմ: Ազատության գաղափարի սխալ կամ թյուր պատկերացումն է մեզ հրամցվում: Այնինչ, քրիստոնեությունը 2000 տարի է` խոսում է այս արժեքների մասին եւ սովորեցնում, որ ազատություն՝ չի նշանակում սանձարձակություն:
- Ազատության սխալ մեկնաբանություններին նաև հանրային կյանքում ենք ականատես: Համահայկական շարժման օրերին, թվում էր, թե սիրո և ազատության մթնոլորտ պիտի տիրեր, սակայն տեսանք հակառակը՝ շատ դեպքերում գլխիվայր շուռ եկած էին այդ հասկացությունները, խեղաթյուրված էին սիրո ու մասնավորապես ընկերասիրության մասին պատկերացումները: Դա նաև քրիստոնեական բարոյական արժեքներից հեռացվածության հետևա՞նքը չէ:
- Իհարկե: Ամբողջ խնդիրն այն է, որ մարդու եսն ու էգոիզմն են շեշտադրվում. դու ես, քո ցանկություններն են, ինչ ուզես, կարող ես անել, ո՞վ է ասել, թե որևէ մեկը քեզ պիտի սահմանափակի, դու ազատ ես: Այնինչ, խղճի ազատությունը չի նշանակում ստեղծել ամեն օր նոր կրոնական ուղղություններ և այլն: Կրոնի ազատությունը չի նշանակում Աստված ստեղծել. ես այս Աստծուն չեմ հավանում, չեմ ուզում, ես ինձ համար նոր Աստված եմ ստեղծում, այսինքն` ինչպես անում են աղանդավորները: Խոսքի ազատությունը չի նշանակում բոլորին զրպարտել ու հայհոյել և չկրել պատասխանատվություն: Ազատությունն այսօր սխալ է մեկնաբանված մեր իրականության մեջ: Իհարկե, մարդիկ շատ լավ գիտեն, որ քրիստոնեությունն ազատության լավագույն կրողն է: Քրիստոնեությունից ավելի լիբերալ համակարգ գոյություն չունի աշխարհում, երբ իմ ազատությունը չի սահմանափակում ուրիշի ազատությունը: Սա ամենաիդեալական, կարևոր պայմանն ու չափանիշն է մեզ համար: Այսօր, սակայն, դիտավորյալ սա աղճատվում և սխալ է մեկնաբանվում, որպեսզի բերեն այն հակադարձումը, թե` տեսե′ք, այսպես վատ է, ձեզ խանգարում են, ձեզ արգելում են, իսկ դուք պետք է լինեք ազատ:
Հայ ընտանիքում երբեք որևէ մեկի ազատությունը չի սահմանափակվել բռնի կերպով կամ դիմացինի ազդեցությամբ: Եթե ես խուսափել եմ ինչ-որ բան ասելուց, այսպես կամ այնպես խոսելուց, չի նշանակում, որ ես կաշկանդված եմ եղել կամ էլ` իմ վրա բռնացել են: Սա իմ հարգանքի դրսևորումն է: Աղանդավորական ուղղվածություններն ընտանիքի անդամներին կիսում են երկու բանակի և քայքայում են ընտանիքը հենց այս ձևով: Ասենք` մեկը գնում է այս աղանդի կողմը, մեկը չի գնում, ու դրանից ծնվում է կոնֆլիկտ, ինչի հետևանքով, մեծ մասամբ, ընտանիքները բաժանվում են:
Սոցիալական խնդիրն է հաջորդ մարտահրավերն ընտանիքի համար, երբ փոխվում են տղամարդու և կնոջ դերերը: Սա արդեն ոչ թե որևէ կրոնական կազմակերպության կամ կրոնական հողի վրա է կատարվում, այլ, ավելի շուտ, դաստիարակության ու համընդհանուր` և′ բարոյական, և′ իրավական, և ′ մարդկային արժեքների խեղաթյուրման հետեւանք է: Ամենամեծ խնդիրն այսօր այն է, որ տղամարդն իր տեղն ընտանիքում չունի կամ չի կարողանում գտնել: Կարող ենք բերել բազմաթիվ սոցիալական պատճառներ, օրինակ` տղամարդը չի աշխատում, կինն է աշխատում և նրա փոխարեն ընտանիքը պահում, ու դոմինանտն այդ տեսակ ընտանիքում դառնում է կինը, բայց դրանք արդարացումներ չեն: Եթե ընտանիք է, այստեղ կարևոր չէ, թե ով ինչքան է վաստակում: Տղամարդն ունի իր տեղն ընտանիքում, կինը` իր տեղը: Այստեղ ոչ թե դերերը նսեմացված են, մեկը մյուսին զիջում են կամ մեկը մյուսից առավել է, այլ ամեն մեկն իր գործառույթն ունի:
- Սոցիալական արդարության հաստատման` հրապարակում հնչեցվող կամ կառավարությունում մշակվող ծրագրերը բավարա՞ր են: Դրանք և նոր իշխանությունների կողմից առաջարկվող մոդելները կկարողանա՞ն հարթել հայ ընտանիքների առջև ծառացած խնդիրները:
- Սոցիալական մասով ես չգիտեմ, թե որքանով կհաջողեն: Համենայն դեպս, հույս ունենք, հավատում ենք, որ կհաջողեն: Ես այդքան էլ ծրագրերին չեմ հավատում: Այստեղ շատ կարևոր է մարդկային գործոնը: Կարող է հրաշալի ծրագիր գրվել, բայց գործադրողներն այն պարտաճանաչորեն կամ բարեխղճորեն չիրականացնեն: Մենք այդ օրինակներն ունենք մեր պատմության մեջ և մեր անկախացումից հետո. թղթով ցուցանիշներում ամեն ինչ լավ է, բայց տեսնում ենք, թե, օրինակ, սոցիալական խնդիրներն ինչքան են խորանում մեր իրականության մեջ, կամ ինչպես է քայքայվում ընտանիքը: Որքան էլ մարդուն ասում ես` հավատա, որ վաղը լավ կլինի, նրա համար կարևոր է ներկան: Սոցիալական խնդիրները բազմաթիվ դժբախտությունների, ընտանեկան խեղված ճակատագրերի պատճառ են դարձել:
- Մեր երկրում սոցիալական խնդիրներն ուժեղ քաղաքական ցնցումների չե՞ն տանի հասարակությանը:
- Ես կարծում եմ` ազգովի քաղաքականությամբ զբաղվելն ամենամեծ բացթողումը կլինի: Իհարկե, պետք է գնալ ընտրությունների, մասնակցել ակտիվ, բայց անընդհատ հետաքրքրվել, եզրակացություններ անել: Կան մարդիկ իրենց պաշտոններում, թողե′ք աշխատեն: Եթե ուզում ենք սոցիալական իրավիճակը մեր երկրում շտկվի, եկեք ամեն մեկս բարեխղճորեն մեր գործը կատարենք:
- Հոգևորականի խոսքը նույնպես կարևոր է, թեև հնչում են կարծիքներ, թե եկեղեցին անկախ կառույց է և չպետք է խառնվի երկրում տեղի ունեցող փոփոխություններին: Եկեղեցու կամ հոգևորականի նկատմամբ հարձակումները յուրատեսակ բռնություն չե՞ն:
- Ընտանեկան խնդիրներին եկեղեցին չի կարող չմիջամտել, և սա չի նշանակում, որ եկեղեցին խառնվում է պետական գործերին: Եթե, օրինակ, Ազգային ժողով է ներկայացվում որևէ օրինագիծ, որի մեջ եկեղեցին վտանգ է տեսնում ընտանեկան, մարդկային, բարոյական արժեքների հարցերում, շատ բնական է, որ եկեղեցին դիրքորոշում հայտնի և նույնիսկ առաջարկի վերանայել օրենսդրական նախաձեռնությունները, ինչպես եղավ ընտանեկան բռնությանը վերաբերող կամ խղճի ազատության մասին օրենքների և այլ դեպքերում: Այստեղ բացարձակապես միջամտության հարց չկա: Այդպես են ներկայացնում այն մարդիկ, ովքեր լավ են հասկանում, որ եկեղեցին մեր հոգևոր-ազգային կառույցներից ամենագլխավորն է: Ինչքան էլ պայքարում են եկեղեցու դեմ, հասկանում են, որ անզոր են, որովհետև ոչինչ չի ստացվելու: Կարող են որոշ ժամանակահատված խռովություններ, ներքին անհանգստություններ և ընդվզումներ առաջացնել, բայց եկեղեցու դեմ ոչ ոք չի կարող պայքարել, որովհետև եկեղեցին Քրիստոսի մարմինն է, և այդ ժայռին պիտի բախվեն ու իրենք պիտի կործանվեն: Հասկանալի է, որ եկեղեցին, լինելով կրողը ազգային, հոգևոր, բարոյական արժեքների, միակ ինստիտուտն է, որը երաշխավորն է այն բանի, որ այս արժեքները մեր հասարակության մեջ պահպանվեն: Մեր եկեղեցին, ինչքան ազատական, նույնքան էլ պահպանողական է: Մենք մեր եկեղեցու հայրերի շնորհիվ գտել ենք ոսկե միջինը: Բայց կան մարդիկ, ովքեր լավ հասկանում են, որ եկեղեցին շատ ու շատ հարցերում խանգարում է իրենց ծրագրերին: Եվ դրա համար փորձում են հեղինակությունը ստվերել, զրպարտություններ, բամբասանքներ, կեղծ տեղեկատվություններ տարածել, բայց հիմնականում մարդիկ հավատացյալ են և հավատում են Աստծուն ու առաքելական մեր սուրբ եկեղեցուն:
Զրուցեց Մարիամ Հովսեփյանը