կարևոր
238 դիտում, 2 ժամ առաջ - 2024-11-15 21:40
Քաղաքական

«Մի՛ անտեսեք Ցեղասպանությունը». Գրետա Թունբերգը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ակցիա է իրականացնում

«Բաքվում  գտնվող միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին  և COP29-ի  մասնակից պաշտոնյաներին կոչ եմ անում այցելել հայ գերիներին, պատանդներին ու քաղբանտարկյալներին և պահանջել նրանց անհապաղ ազատ արձակումը», - այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի  ժամանակ հայտարարել է  հայտնի էկոակտիվիստ Գրետա Թունբերգը։

Նա ընդգծել է, որ կլիմայական արդարությունը նշանակում է արդարություն բոլորի համար. «Չենք կարող ձևացնել, թե հոգ ենք տանում կլիմայի և շրջակա միջավայրի մասին,  երբ Ադրբեջանի նման երկիրը, որն էթնիկ զտում ու ցեղասպանություն է իրականացրել, կլիմայական անվտանգության օրակարգ է առաջարկում: Երկիր, որը որևէ մտադրություն չունի իրական կլիմայական գործողություններ ձեռնարկել: Մենք չենք կարող ունենալ կլիմայական արդարություն առանց իրական արդարության»: 

Ակցիայի ավարտին ցուցադրվել է Բաքվում COP29-ի անցկացման վայրի և դրանից ոչ հեռու գտնվող բանտի քարտեզը, որտեղ պահվում ու անմարդակային վերաբերմունքի են ենթարկվում  հայ գերիներն ու պատանդները:  «Միջազգային լրագրողներ և կազմակերպություններ, գնացե՛ք և տեսե՛ք , թե  բնապահպանությունից ու սոլիդարությունից խոսող երկրի ղեկավարն ինչպես է վարվում մարդկանց հետ»,-ընդգծել են ակցիայի մասնակիցները:

Մանրամասները՝ տեսանյութում: