Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Անցնող շաբաթը նշանավորվեց ԱԺ-ում տեղի ունեցած բուռն քննարկումներով. 2025 թ. բյուջեի քննարկման ժամանակ, ի թիվս իշխանության չափազանց վտանգավոր ուղեգծի մատնանշման, ընդդիմադիր պատգամավորների կողմից եղան նաև բազմաթիվ բացահայտումներ ու կարևոր դիտարկումներ, որոնք ամբողջական են դարձնում անցնող և գալիք բյուջետային տարիներին առկա գործընթացները:
Այսպես, պարզվեց՝ ընթացիկ բյուջետային տարվա 2-րդ եռամսյակում աշխատատեղերը ոչ թե ավելացել, այլ կրճատվել են թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում, բացասական է եղել նաև միգրացիոն սալդոն՝ երկրից, Հայաստանի ճամփորդական փաստաթղթերով, հեռացել է ավելի քան 20,000 քաղաքացի:
Փաստվեց, որ չնայած ՀՀ-ն իր աջակցությունն էր հայտնել ցեղասպան Ադրբեջանին, որ Բաքվում անցկացվի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը (COP-29), այդուհանդերձ, ՀՀ իշխանությունների կողմից երկիրը շարունակական ստորացումների ու նվաստացուների ճանապարհով տանելը հանգեցրել է նրան, որ Ադրբեջանը շարունակում է գերիներին օգտագործել որպես լծակ ՀՀ-ի դեմ: Այնինչ, նորմալ երկրում պետք է դա տրամաբանորեն հակառակը լիներ:
Ընդհանուր առմամբ, ներկայացված բյուջեն անվանվեց «պարտքով ու երազներով ապրելու բյուջե», ձախող բյուջե, իրականության աղճատում, չհիմնավորված խոստումներ, ձախողումների արձանագրում:
Այս տարվա սեպտեմբերի 30-ի դրությամբ պետական պարտքը կազմում է 4,842 տրիլիոն դրամ։ 2025 թվականի վերջին կառավարությունը պլանավորում է պարտքային բեռը հասցնել 6,161 տրիլիոն դրամի։ ԿԲ փոխարժեքով՝ 15,9 մլրդ ԱՄՆ դոլար։ 2025 թվականին պետական պարտքն աճելու է 900 մլրդ դրամով՝ օրեկան՝ 2,5 մլրդ դրամ։
2025 թվականին պետական պարտքի սպասարկման ծախսերը (վճարվելիք տոկոսագումարը) կկազմեն 394,1 մլրդ դրամ՝ ավելի շատ քան առողջապահության, արդարադատության, արտաքին գործերի, էկոնոմիկայի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, նախագահի, ազգային ժողովի, վարչապետի և բոլոր մարզպետարանների բյուջեները միասին։
Ամեն օր Հայաստանը մոտ 1 մլրդ 80 մլն դրամ տոկոս է վճարելու։ Արտարժույթով վերցված պարտքը «ծանրացնում» է դրամը, հայկական ապրանքներն արտերկրում դարձնելով ոչ մրցունակ։ 2025 թվականին արտահանումները նվազելու են մոտ 40%-ով, (ներմուծումները՝ մոտ 34%-ով)։ 2019 թվականի համեմատ 2020-2022 թվականների համախառն տնտեսական աճը կազմել էր մոտ 10%:
Ուստի, անիրատեսական և բացարձակապես կեղծ են այն պնդումները, թե նախորդ տարիների, արտածին գործոններով պայմանավորված տնտեսական աճի բարձր տեմպերը, մեծացրել են Հայաստանի տնտեսական պոտենցիալը։
2022-ին արձանագրված 12.6, 2023-ին՝ 8.3 տոկոսանոց աճից հետո այս տարի սպասվում է 5.8 տնտեսական աճ։ 2025 թվականին նախատեսվում է ապահովել 5.6 տոկոսանոց աճ, իսկ հաջորդ երկու տարում սպասվող աճը կկազմի 5.5%: Հիշեցնեմ, որ կառավարությունն, իր ծրագրում խոստացել էր «առնվազն տարեկան 7% աճ, իսկ բարենպաստ պայմաններում՝ 9%»:
Կառավարությունը խաբել է ժողովրդին նաև բազմաթիվ գործարանների և նախագծերի ստեղծման մասին իր խոստումներով: Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք որևէ նոր գործարան չի բացվել։ Իսկ այն արտադրական ձեռնարկությունները, որոնց ժապավենը կտրել էր Փաշինյանը, փակվել են ընդամենը շաբաթներ անց։ 2024 թվականի առաջին կիսամյակում օտարերկրյա ուղիղ ներդրումները կազմել են մինուս 21,2 մլրդ դրամ, այսինքն՝ ներդրումային միջոցները հեռանում են Հայաստանից: Ֆիզիկական անձանց անունով կատարված դրամական փոխանցումներն էապես նվազել են։ 2023 թվականին փոխանցումները կազմել էին 1,658 տրլն դրամ, իսկ զուտ ներհոսքը՝ 518 մլրդ դրամ, ապա այս տարի ներհոսքը կազմել է 1,557, իսկ զուտ ներհոսքը՝ 348 մլրդ դրամ՝ 1,5 անգամ ավելի քիչ։ Կրճատվել է զբոսաշրջային հոսքը։
Այսպիսով, այլևս աներկբա է, որ Հայաստանի բարձր տնտեսական աճը պայմանավորված էր արտածին պատահական գործոններով, ինչպես որ համարյա երեք տարի բարձրաձայնում է ընդդիմությունը։
Աննախադեպ չափերի է հասնում երկրում խաղամոլությունը, թմրամոլություն ու հանցագործությունների թիվը:
Սպառողական վարկերի աննախադեպ աճը ցույց է տալիս, որ հայաստանցիները, ինչպես և Հայաստանը, թաղված է պարտքերի մեջ։
Փաստվեց, որ կառավարությունը ոչ միայն չի կատարել իր ծրագրային խոստումները, այլև որոշ ուղղություններով շեղվել է դրանցից 180 աստիճանով: Խոսքը, մասնավորապես, Արցախի հիմնահարցի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունների և այլնի մասին է: Խաթարվել են նաև հարաբերությունները Արևմուտքի հետ. Նիկոլ Փաշինյանը ՀՀ միակ ղեկավարն է, ում ԱՄՆ ոչ մի նախագահ չի ընդունել:
Եվրամիության հետ հարաբերությունները կարգավորվում են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, որը ստորագրվել է դեռևս 2017 թվականին։ Երկրի անվտանգության համակարգը կազմաքանդված է այն աստիճան, որ օտարերկրյա ներդրողները չեն կարող այլևս ՀՀ սուվերեն տարածքում անգամ գործարան կառուցել:
Հասկանլի չէ, թե պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը «նախահեղափոխական գներով» որքան են կազմում, և արդյոք վերականգնվել է Հայաստանի նախապատերազմական ռազմական պոտենցիալը։
Գիտության և կրթության ոլորտները ևս անմխիթար վիճակում է. փակվում են գիտական հաստատությունները: Ականատեսն ենք փակման եզրին կանգնած բուհերի, իսկ կառավարության առաջարկած միջոցառումները ոչնչի մասին են:
Փաշինյանի իշխանությունն ուղղակի կազմաքանդել է նաև Սփյուռքի հետ կապերը. ստեղծված անհասկանալի ու մակաբույծ կառույցը՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, ուղղակի զրոյի է հասցրել Սփյուռքի ներուժի օտգագործումը երկրի զարգացման գործում:
Փաշինյանի իշխանությունը շարունակում է, այսպես կոչված, խաղաղության կեղծ օրակարգը մատուցել հասարակությանը՝ առաջնորդվելով «մասը զիջենք, որ մյուս մասը կարողանանք պահել», «զիջենք, որ Ադրբեջանի հարձակումը հետաձգենք» կործանարար թեզերով ու մտայնությամբ: Արդյունքում՝ թշնամին ավելի է ամրացնում իր դիրքերը և պատրաստվում է՛լ ավելի ցավոտ խոցել, իսկ իշխանությունները է՛լ ավելի մոլեգին կերպով են կատարում թշնամու պահանջները՝ հարձակվելով արդեն պետության և պետականության հենասյուների՝ Անկախության հռչակագրի, խորհրդանիշների, ինչպես նաև ազատաշունչ երգերի և այլնի վրա:
Ի դեպ, ամենևին պատահական չէ, որ իշխող ՔՊ խմբակի ելույթների առյուծի բաժինը հենց ՀՅ Դաշնակցության դեմ էր ուղղված. սա ևս լիովին օրինաչափ է և տեղավորվում է ՀՀ կազմաքանդման թուրք-ադրբեջանական պլանների մեջ:
Ողբերգությունն այն է նաև, որ տրամաբանությանն ու իրերին հակառակ գործող ՔՊ-ական վարժեցված խմբակը փորձում է Հայաստանի Առաջին Հանրապետությունն ստեղծած, նորանկախ հանրապետության կայացման գործում արյուն ու քրտինք թափած և պետականությունը որպես բացարձակ արժեք դիտարկող ուժին՝ ՀՅ Դաշնակցությանը, ներկայացնել իբրև պետության համար վտանգ ներկայացնող կառույց-գաղափարախոսություն: Կարճ ասած՝ Փաշինյանի իշխանությունը վերածվել է Էրդողան-Ալիև զույգի բիրտ գործիքի, որով մաշկազերծ է արվում Հայաստանի Հանրապետությունը:
Ինչպես և սպասելի էր, ընդդիմադիր պատգամավորների վերոնշյալ փաստարկված ու հստակ ելույթներին իշխանության ներկայացուցիչներն արձագանքեցին ոչ բովանդակային, չարչրկված ու մաշված, ծաղրավիրավորական, մերկապարանոց և, որն ամենացավալին է, թուրքական հայեցակարգերի վրա հիմնված թեզերով ու որակումներով:
Հավելենք նաև, որ ընդդիմադիր պատգամավորները շնորհակալ աշխատանք տարան իրենց ճակատում և արժանի են դրվատանքի:
Վահե Սարգսյան