Փոխարժեքներ
15 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
«Թույլ տվեք հստակություն մտցնել. մեր հիմնական քաղաքականութոյւնը նպատակ ունի ապահովել մեր ժողովրդի գոյատեւումը եւ խաղաղության, բարեկեցության եւ անվտանգության ամենաբարձր մակարդակը մեր 85 միլիոն քաղաքացիների համար: Ով էլ սպառնա մեր հայրենիքին՝ մենք առանց վարանելու միջոցներ կձեռնարկենք՝ անկախ նրանից, թե ով է այն։ Մենք թույլ չենք տա որեւէ միջամտություն կամ փոփոխություն ոչ մեր 782 հազար քառակուսի կիլոմետր տարածքում, ոչ էլ Ազգային ուխտի սահմաններում», – հոկտեմբերի 19-ին հայտարարել է Էրդողանը՝ դիմելով համայնքների ղեկավարներին (մուխթարներին)։
Էրդողանը հաճախ բացահայտ հայտարարում է իր նեոօսմանական հավակնությունների մասին՝ ափսոսք հայտնելով քեմալականների առաջնորդների զիջումների համար՝ հատկապես 1923 թ-ի Լոզանի պայմանագրի վերաբերյալ, որը գծեց ժամանակակից Թուրքիայի սահմանները: Էրդողանը դիտարկել է հունական կղզիներ ներխուժելու հնարավորությունը, սպառնացել Կիպրոսին հետագա գործողություններով տրոհված կղզում, որի զգալի մասը թուրքական բանակի կողմից պահվում է արդեն ավելի քան կես դար, զորքեր է ուղարկել Սիրիա եւ Լիբիա՝ օգնելու թուրքամետ խմբավորումներին, ընդգծում Ղարաբաղում իր երկրի դերը Ադրբեջանի հաջողություններում։
«Ազգային ուխտը» (Misak-ı Milli) բաղկացած է վեց բանաձեւերից, որոնք ընդունվել են 1920 թ-ի հունվարի 28-ին Կոստանդնուպոլսում պագամավորների պալատի վերջին նիստում եւ հրապարակվել նույն թվականի փետրվարի 12-ին: Այն ուրվագծում էր Օսմանյան պետության ենթադրյալ սահմանները։ Դրանից անմիջապես հետո՝ 1920 թ-ի մարտի 16-ին, բրիտանական զորքերը գրավեցին Ստամբուլը եւ ցրեցին օսմանյան խորհրդարանը։ Սակայն ավելի ուշ ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն ընդունեց այս դաշնագիրը որպես առաջնորդող սկզբունք իր սկսած անկախության եւ արտաքին օկուպացիայի դեմ շարժման ընթացքում։ Ըստ թուրքական պատմական ընկերության (Türk Tarih Kurumu, TTK), որը հիմնադրվել է Աթաթուրքի կողմից 1931ին, քարտեզը, որը ստեղծվել է Ազգային դաշնագրի սկզբունքների հիման վրա, ներռում է տարածքներ Կովկասում, Սիրիայում, Իրաքում եւ Լիբանանում, ինչպես նաեւ Կիպրոս կղզին, հունական կղզիները Էգեյան եւ Միջերկրական ծովերում եւ Հունաստանի Արեւմտյան Թրակիայի մի մասը Եվրոպայի հարավ-արեւելքում: Թվում է, թե Էրդողանի նախապես պատրաստված հայտարարությունը գրեթե աննկատ է մնացել։ Մինչդեռ, այն հազիվ թե հանպատրաստից դարձավ, քանի որ ընթերցվում էր Թուրքիայի առաջնորդի կողմից հեռուստասուֆլերի միջոցով։ Հայտարարությունն ակնհայտորեն մտածված էր եւ կոչված էր ընդգծելու թուրքական կառավարության վաղեմի դիրքորոշումը։
Էրդողանը եւ նրա համախոհները կարծում են՝ Իրանում, Սիրիայում, Իրաքում եւ Թուրքիայում բնակվող քրդերի հետ հաշտեցումը կարող է նպաստել Misak-ı Milli-ի համաձայն տարածքների ընդլայնման ծրագրերին: Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ցմահ բանտարկության մեջ գտնվող առաջնորդ, իսկ որոշ ժամանակ անց Թուրքիայում քրդերի հաշտեցման հիմնական բանակցող Աբդուլլահ Օջալանի կողմից «ազգային ուխտի» հիշատակումն էլ ավելի է ամրապնդում այդ երկրի իրրեդենտիստական հավակնությունների մասին ենթադրությունը։ Ավելի վաղ Օջալանն արդեն համագործակցել էր Էրդողանի կառավարության հետ երկու անհաջող խաղաղ նախաձեռնոթյունների ժամանակ։ Բանտախցում գրված եւ 2013-ին Նովրուզի տոնակատարության ժամանակ հրապարակայնորեն ընթերցված նամակում նա հայտարարել է՝ զինված պայքարի դարաշրջանն ավարտվել է: Օջալանի առաջարկած նոր քաղաքական տեսլականում ընդգծվում էր թուրքերի եւ քրդերի խաղաղ եւ իրավահավասար համակեցությունը Misak-ı Milli-ի կողմից սահմանված սահմաններում, ըստ որի 1918 թ-ի Մուդրոսի զինադադարի ժամանակ չգրավված տարածքները համարվում էին թուրքական հայրենիքի մաս։ Փաստաթղթի համաձայն՝ Կարս եւ Արդահան (այժմ Թուրքիայի մաս) եւ Բաթում (այժմ Վրաստանում) նահանգների, ինչպես նաեւ Արեւմտյան Թրակիայի (այժմ Հունաստանում) կարգավիճակը որոշվելու է տեղական հանրաքվեներով: Բացի այդ, փաստաթղթում նշվում էր Մոսուլի վիլայեթի (այժմ՝ Իրաքում) թուրքական պատկանելության մասին։
Օջալանի ելույթներն Անատոլիայի եւ Միջագետքի ժողովուրդների միավորման օգտին, ինչպես նաեւ Misak-ı Milli-ին ոչ երկիմաստ անդրադարձները համահունչ են ինչպես 1920-ականների սկզբին Մուսթաֆա Քեմալի շարժումը սատարած քուրդ առաջնորդների դիրքորոշմանը, այնպես էլ «Ազգային ուխտում» նշված շրջաններում Բարձր Դռան ժառանգներին ավելի մեծ դեր վերադարձնելու հավակնություններին։ Չնայած տարածքային բռնակցումը դժվար կլիներ, Անկարայի էքսպանսիոնիստական քաղաքականությունը, հարմարեցված ժամանակակից պայմաններին, առավել նկատելի է Իրաքում եւ Սիրիայում: Վերարտադրելով հինավուրց «բաժանիր եւ տիրիր» մարտավարությունը՝ Ակ-Սարայի տերը սերտ փոխշահավետ դաշինք կնքեց Էրբիլը վերահսկող Բարզանի ընտանիքի հետ։ Օջալանի անվան հիշատակման շուրջ բանակցությունների հաջողության դեպքում փոփոխություններ կարող են տեղի ունենալ նաեւ Սիրիայի հյուսիս-արեւելքում, որի մի մասը վերահսկվում է ՔԱԿ-ի հետ կապված «Սիրիական ժողովրդավարական ուժերի» կողմից: Թուրքական բանակը ներկայումս զբաղեցնում է Սիրիայի հյուսիսում գտնվող թուրքական սահմանի մոտ գտնվող տարածքի մի մասը, որը որոշակի հանգամանքներում կարղ է միավորվել ՍԺՈՒ - ի կողմից վերահսկվող շրջանների հետ:
Misak-ı Milli-ի հիշատակմամբ վերսկսված քննարկումները նպատակ ունեն հանգստացնել թուրք հասարակությանը, որն ընդունել է պաշտոնական դիրքորոշումը, որ քրդերի պահանջները, ի վերջո, կարող են հանգեցնել երկրի բաժանմանը հարավ-արեւելքի անջատմամբ: Այս փաստաթղթի վերաբերյալ Էրդողանի եւ Օջալանի նման տարբեր մարդկանց նման հռետորաբանությունը «կարող է օգնել մեղմել խորը հոգեբանական եւ պատմական տրավման, որը շատ թուրքեր ունենում են կայսրության կորստի եւ Առաջին համաշխարհային պատերազմից հետո պետության ստեղծման համար հետագա ազգային պայքարի պատճառով»,-ենթադրում է Nordic Monitor-ը: Այլ կերպ ասած՝ շրջանառվում է այն գաղափարը, որ «PKK-ի հետ խաղաղությունը չի հանգեցնի թուրքական պետության հետագա պառակտմանը կամ անկախ Քուրդիստանի ստեղծմանը։ Ավելի շուտ, այն ճանապարհ կբացի Թուրքիայի միավորման եւ նրա տարածքների ընդլայնման համար, նույնիսկ եթե ֆիզիկապես դա հեշտ չի լինի»։
Իհարկե, դա այդպես է, ինչի մասին լիովին վկայում է հոկտեմբերի 23-ին Անկարայում թուրքական Aerospace Industries (TAI) օբյեկտի վրա հնչեղ հարձակումը։ Հնարավոր է՝ Թուրքիայում արգելված «կւսակցությունը ձգտում է բանակցությունների վերջին փուլում ավելի շատ լծակներ ստանալ Օջալանի վրա ազդելու համար։ Այս մարտավարությունն արտացոլում է նմանատիպ սխեմա, որը նկատվել է նախորդ ձախողված բանակցություններում, երբ Օջալանը գաղտնի շփվել Իրաքում ՔԱԿ հրամանատարների հետ իր փաստաբանների միջոցով, որպեսզի շարունակի հարվածները թուրքական թիրախներին՝ դրանով իսկ ամրապնդելով իր դիրքերը բանակցություններում», հետագայում ակնարկելով ներկուսակցական ղեկավարության համար հնարավոր պայքարին»՝ թուրքական կառավարության հետ երկխոսության նպատակահարմարության եւ պայմանների տեսանկյունից։ Պարզ ասած՝ ՔԱԿ-ի Իրաքի եւ Սիրիայի ղեկավարներն ակնհայտորեն վախենում են մնալ այս գործընթացի լուսանքում»:
«Թող [Օջալանը] գա եւ ելույթ ունենա DEM կուսակցության (ժողովուրդների հավասարության եւ ժողովրդավրության կուսակցությունը, որը ՔԱԿ – ի քաղաքական թեւն է) ժողովում, որպեսզի հայտարարի՝ ահաբեկչությունն ավարտվել է, եւ որ կազմակերպությունը լուծարվել է», - հոկտեմբերի 22-ին նման անհավանական հայտարարություն էր արել ազգայնականների առաջնորդ եւ իշխող կոալիցիայում Էրդողանի գործընկեր Դեւլեթ Բահչելին, եւ դա ակնհայտորեն հեշտ չէ: Ըստ երեւույթին, «վրջին բանակցություններում տարաձայնությունների առարկան ... ՍԺՈՒ -ի վերջնական կարգավիճակն է եւ այն, թե ինչպես են դրանք հաշվի առնվելու ընդհանուր կարգավորման մեջ: Էրդողանի կառավարությունը վաղուց է ՍԺՈՒ -ին եւ նրանց ռազմական թեւին, Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին անվանում ահաբեկչական կազմակերպություններ եւ հաճախ է հարձակումներ իրականացնում Սիրիայի քրդական օբյեկտների վրա: Ավելին, ՍԺՈՒ -ի ամերիկյան աջակցությունը մշտպես բարդացրել է Թուրքիայի երկկողմ հարաբերություններն ԱՄՆ-ի հետ։ «Եթե այս հարցը լուծվի, դա կարող է զգալի քաղաքկան կապիտալ ապահովել Էրդողանի կառավարության համար, ինչը թույլ կտա նրան օգտագործել այդ հաջողությունը միջազգայնորեն՝ ընդլայնելու Թուրքիայի ազդեցությունը 1920 թ-ի Ազգային ուխտում նշված որոշակի տարածքների վրա», – ենթադրում է ընդդիմադիր թուրքական պարբերականը:
«Քրդական հարցի» կարգավորման ուղղությամբ վճռական քայլերը ողջունելի կլինեին Անկարայի արեւմտյան գործընկերների կողմից, ինչպես նաեւ կհամապատասխանեին «Արդարություն եւ զարգացում կուսակցություն» քաղաքական գոյատեւման շահերին, որը վերջին տեղական ընտրություններում պարտվել էր հիմնականում այն պատճառով, որ քրդական ծագում ունեցող շատ ընտրողներ ձայն էին տվել ընդդիմությանը: Իսկ «տիտղոսային» ազգի կողմից աջակցության կորուստը առավել եւս դրդում է հնարամիտ կոմբինացիաների միջոցով դիմել քրդերին։ Հետազոտող Խալիլ Քարավելին նշում է․ «թուրքական պետությունն օգտագործում է ազգայնականությունը, աշխարհիկությունը, իսլամը եւ լիբերալիզմը որպես ճկուն գաղափարական գործիքներ, այլ ոչ թե որպես ինքնանպատակ: Պատմականորեն այդ գաղափարախոսությունները կիրառվել են կախված պետության կարիքներից, ինչը ցույց է տալիս Թուրքիայի յուրահատուկ պրագմատիզմը ներքին եւ արտաքին խնդիրների լուծման գործոմ»։ Այս առանձնահատկությունն ամբողջությամբ օգտագործում է պետության գործող ղեկավարը, տարբեր գաղափարական բաղադրիչներով քաղաքական ուտեստների պատրաստման անկրկնելի վարպետը, որը, կարծես, կարող է «վաճառել» ներքին (եւ ոչ միայն) հանրությանը, եթե ոչ ամեն ինչ, ապա գոնե շատ բան։
Ալեքսանդր Գրիգորեւ
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի