Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք տեսել ենք որոշակի հուսադրող զարգացումներ վերջին մի քանի օրերին, եւ ես հույս ունեմ, որ մոտ ապագայում հնարավոր կլինի և՛ ապրանքների, և մարդկանց ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, ինչպես դա եղել է նախկինում։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն». – Ձեր այցը հաջորդում է Վաշինգտոնի հաղորդագրությանը, որ առաջիկայում Բրյուսելում տեղի են ունենալու հայ-ադրբեջանական բանակցություններ: Արդեն կա՞ն հստակ պայմանավորվածություններ:
Տոյվո Կլաար. – Կոնկրետ ժամկետներ չկան, բայց, այո՛, իհարկե, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, և դա է պատճառը, որ ես այստեղ եմ՝ Երևանում։
«Ազատություն». – Խոսքը երկրների ղեկավարաների մակարդակով հանդիպման մասի՞ն է:
Տոյվո Կլաար. – Ակնհայտ է, որ դա է ձգտումը։ Եվ մեր տեսանկյունից շատ կարևոր է աշխուժացնել բրյուսելյան գործընթացը, քանի որ մենք և նախագահ Միշելն անձամբ տեսնում ենք դրա կարևորությունն ու մեծ նշանակություն տալիս դրան։
«Ազատություն». – Գուցե կարո՞ղ եք մոտավոր ժամկետ նշել:
Տոյվո Կլաար. – Ոչ, ոչ այս փուլում:
«Ազատություն». – Պարոն Կլաար, ինչպե՞ս եք տեսնում Լաչինի միջանցքում իրավիճակի հանգուցալուծումը: Փաստորեն անգամ Միջազգային դատարանի որոշումը չստիպեց Ադրբեջանին ապաշրջափակել այն։
Տոյվո Կլաար. – Դե, վերջին մի քանի օրերին որոշակի հետաքրքիր զարգացումներ եմ տեսնում։ Եվ հիմա ստացվեցին էլեկտրաէներգիայի և գազի վերականգնման մասին հաղորդումները։ Եվ այդ համատեքստում ես լիահույս եմ, որ գուցե ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է ընթանում։ Եվրամիությունը հետևողական հանդես է եկել իրավիճակի ապաշրջափակման օգտին: Մենք տարբեր շփումներ ենք ունեցել և՛ կուլիսներում, և՛ հրապարակային։ Եվ ընդհանրապես, մենք հաստատ համոզված ենք, որ կարևորն այն է, որ Ղարաբաղի բնակչությունը, տեղի հայերը կարողանան իրենց ապահով զգալ այն վայրում, որտեղ ապրում են, և դրա համար կարևոր է, որ իրական երկխոսություն մեկնարկի Բաքվի և Ստեփանակերտի միջև։ Եվ դա է առաջ գնալու ճանապարհը՝ մարդկանց ներգրավելու, վստահություն ներշնչելու, որ ապագայի համար ապահով զգան այն վայրում, որտեղ ապրում են։
«Ազատություն». – Բայց կա՞ համաձայնություն այդ երկխոսության համար միջազգային ձևաչափի, ինչը որ Երևանն է պնդում։
Տոյվո Կլաար. – Կրկին, կարծում եմ, որ ամենակարևորը Բաքվի և Ստեփանակերտի միջև իրական և տեսանելի երկխոսություն հաստատելն է։ Եվ ես նաև շատ ոգևորված եմ այն փաստով, որ նախագահ Ալիևը վերջերս Մյունխենում շեշտեց այս կետը։ Եվ, հետևաբար, դա այն է, ինչ մենք կարծում ենք, որ իսկապես պետք է լինի մեր բոլոր ջանքերի կիզակետը, որպեսզի այս կարգի երկխոսությունն իրոք իրականանա, և որպեսզի լինի հանձնառության զգացում, Ղարաբաղի բնակչությունը հեռանկար տեսնի։
«Ազատություն». – Նկատի ունեք, որ Իլհամ Ալիևը ցույց է տալիս, որ պատրա՞ստ է միջազգային նման մեխանիզմի։
Տոյվո Կլաար. – Դե, որ նա հանձնառու է բնակչության, հայ բնակչության ներկայացուցիչների հետ հարաբերություններ սկսել, և դա շատ կարևոր է։
«Ազատություն». – Իմ հարցն է, թե ո՞ր կողմը և ինչպե՞ս պիտի երաշխավորի այդ գործընթացը։
Տոյվո Կլաար. – Ինձ համար ամենակարևորն այն է, որ դա գործընթաց է, որը միայն փակ դռների հետևում չի ընթանում։ Ակնհայտ է, որ որոշ քննարկումներ կարող են տեղի ունենալ փակ դռների հետևում։ Բայց ամենակարևորն այն է, որ դա տեսանելի է ոչ միայն միջազգային հանրությանը, այլև առաջին հերթին՝ Ղարաբաղի բնակչությանը, բայց նաև միջազգային հանրությանը։ Իսկ դա ինքնին արդեն միջազգային հանրությանը տարբեր ձևերով ներգրավելու միջոց է։
«Ազատություն». – Լաչինի միջանցքին վերադառնալով։ Երևանը միջազգային գործընկերներից ակնկալում է ավելի գործուն միջոցներ, ճնշում Բաքվի վրա: Դուք դիտարկո՞ւմ եք պատժամիջոցների հնարավորությունը:
Տոյվո Կլաար. – Կրկին, կարծում եմ, որ մենք տեսել ենք որոշակի հուսադրող զարգացումներ վերջին մի քանի օրերին։ Եվ ես հույս ունեմ, որ մոտ ապագայում հնարավոր կլինի և՛ ապրանքների, և մարդկանց ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, ինչպես դա եղել է նախկինում։
Այդ համատեքստում կրկին ամենակարևորն է, որ բնակչությունը զգա, որ կարող է ապահով ապրել այն վայրերում, որտեղ նրանք ապրել են տասնամյակներ, դարեր շարունակ, և որ ցանկացած այլ խնդիր, նաև օրինական մտահոգություններ, քննարկվեն բանակցային սեղանի շուրջ։
«Ազատություն». – Մյուս կողմից, միայն կոչերը երկու ամսից ավելի է արդյունք չեն տալիս:
Տոյվո Կլաար. – Իսկապես, արդեն երկու ամիս է անցել, շատ երկար ժամանակ է։ Բայց դա միայն հորդորների մակարդակում չի եղել։ Մենք ներգրավվել ենք թե՛ հրապարակային, թե՛ կուլիսներում։ Եվ ինձ ոգևորում են վերջին մի քանի օրերի որոշակի զարգացումները։ Ու հույս ունեմ, որ ամեն ինչ ճիշտ ուղղությամբ կընթանա: