Փոխարժեքներ
15 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի ելույթը՝ ԱԺ-ում
«Սիրելի հայրենակիցներ,
Օրվա իշխանությունները ազգային ու միջազգային բոլոր հնարավոր հարթակներում անընդհատ թմբկահարում են, թե մեր երկիրը դարձրել են ժողովրդավարության բաստիոն և երկրում արմատախիլ են արել կոռուպցիան:
Երեկ քննարկվում էր օրենքի մի նախագիծ, որն իրականում ամբողջացնում է կոռուպցիոն մի լուրջ սխեմայի ցիկլ:
Ասեմ, թե խոսքն ինչի մասին է:
ՔՊ մեծամասնության միաձայնությամբ ընդունվել է օրենք այս տարի, որով սկսած 2027թ-ից բոլոր բուժաշխատողները կարող են մասնագիտական գործունեություն ծավալել, եթե կունենան անհատական լիցենզիա, որը կստանան, եթե լիազոր մարմնի կողմից կազմված հանձնաժողովում հանձնեն 2՝ տեսական գիտելիքները և գործնական հմտությունները ստուգող քննություն:
Պատկերացրեք, օրինակ այդ հանձնաժողում ասենք փոխնախարար Նանուշյանը կամ նախարար Ավանեսյանը կամ ուրիշ որևէ մեկը ստուգում է միջազգային ճանաչում ունեցող որևէ մեր հայրենակից պրոֆեսորի գործնական հմտություններին տիրապետելու մակարդակը:
Հաջորդը. Անհատական լիցենզիա ստանալու կարևոր պայման է ՇՄԶ անհրաժեշտ քանակով կրեդիտներ ունենալը, որը մինչև հիմա բժիշկները հավաքում էին մասնագիտական, իրենց կողմից ընտրված տարբեր դասընթացներին մասնակցելով, ընդ որում վճարելով դրանց համար:
Որոշ կառույցներ որոշ դեպքերում կազմակերպում էին անվճար դասընթացներ և բժիշկը հնարավորություն էր ստանում որոշակի քանակությամբ կրեդիտներ ձեռք բերել անվճար:
Եվ կար սահմանափակում, որ ոչ մասնագիտական կրեդիտները չէին կարող ավել լինել, քան 20 կրեդիտ:
Նորմալ, հասկանալի պահանջ:
Հիմա, քննարկվող նախագծով ինչ է ասում կառավարությունը:
Կան արդիական և կարևոր ընդհանուր բնույթի թեմաներ, որոնց դասընթացներին մասնակցությունը պետք է լինի պարտադիր: Նորից հասկանալի պահանջ:
Եվ ասում է, որ անհրաժեշտ կրեդիտները բուժաշխատողը պետք է հավաքի իր կողմից ընտրված և կառավարության կողմից հաստատված բոլոր պարտադիր թեմաների ցանկից:
Ներկա իրավակարգավորումների համաձայն՝ յուրաքանչյուր 5ամյա շրջափուլում ավագ բուժաշխատողների համար հնգամյա շրջափուլում նախատեսված է որոշակի քանակությամբ ՇՄԶ կրեդիտ։ Նշված ՇՄԶ կրեդիտնեը բուժաշխատողները ձեռք են բերում իրենց ցանկությամբ տարբեր ՇՄԶ միջոցառումներին մասնակցելով, գիտական աշխատանքների/աշխատությունների հրատարակման միջոցով, արտերկրի համալսարանական կլինիկաներում/գիտահետազոտական կենտրոններում չկրեդիտավորված վերապատրաստման դասընթացների մասնակցության միջոցով և այլն։ Կրեդիտավորված միջոցառումներին մասնակցությունը կամավոր է, և բուժաշխատողն ինքն է որոշում, թե իր մասնագիտությանը վերաբերող որ միջոցառմանը, կամ հարակից
ինչ հմտություններ են պետք՝ հետագա աշխատանքները ավելի որակյալ կազմակերպելու համար։
Պատճառաբանելով արտաքին մարտահրավերները, ինչպես նաև նոր ձևավորվող մշակույթները որոշ դասընթացներ պարտադիր դարձնելը մի շարք հարցեր է առաջացնում,
- օրինակ քանի տոկոս ՇՄԶ դասընթացը պետք է լինի պարտադիր,
- հասկանալի չէ, դա մասնագիտական կրեդիտ է համարվելու, թե հարակից։
Հիմնավորման մեջ որպես օրինակ, կրկնում եմ որպես օրինակ, բերվում է բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների վերաբերյալ դասընթացների անհրաժեշտությունը:
Նշեմ, որ 2022 թ-ից «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային նստիտուտ»-ի կայքի դասըթաց բաժնում այդ դասընթացը դրված է որպես ինքնակրթման ՇՄԶ կրեդիտավորված 10 դասընթացների շարքում, որոնց բուժաշխատողները մասնակցում են անվճար։
Որպես հաջորդ օրինակ բերվում է բուժաշխատողների՝ արտակարգ իրավիճակներում, աղետների ժամանակ տուժածներին ցուցաբերվող անհետաձգելի բուժօգնության պատրաստվածությունը, դա տասնյակ տարիներ կատարվել է պետական աջակցությամբ ՝ առանց բուժաշխատողների վճարների՝ հաշվի առնելով պետության անվտանգային խնդիրները։
Բացի այդ առաջարկվող նախագծում որևէ սահմանափակում այդ պարտադիր թեմաների ծավալի վրա, որևէ համամասնության սահմանում ինքնուրույն ընտրված և պարտադիր սահմանված թեմաների ծավալների վերաբերյալ չկա:
Փաստորեն ասվում է.
միևնույն է, դուք վճարում եք կրեդիտի համար, ուրեմն կվճարեք իմ ասած թեմաների համար, որոնց համար կրեդիտների տրամադրության թույլտվությունը կունենան միայն իմ նախընտրած կազմակերպությունները և այն քանակությամբ նման թեմաների համար, ինչքան մտքովս կանցնի:
Եթե որևէ մեկը կարող է հերքել իմ ասածների հնարավորությունը, խնդրում եմ մատնանշել օրենքով նախատեսված համապատասխան սահմանափակումը:
Իսկ ինչ եմ առաջարկում ես.
- Անպայմանորեն օրենքով սահմանել համամասնության սահմանում ինքնուրույն ընտրված և պարտադիր սահմանված թեմաների ծավալների վերաբերյալ:
- Անպայմանորեն կարգավորել յուրաքանչյուր պարտադիր թեմայի կրեդիտների անհրաժեշտության ժամկետները, հակառակ պարագայում կունենանք իրավիճակ, ինչպես նշել եմ հանձնաժողովի բոլոր քննարկումներում , նաև երեկ, ու այդպես էլ պատասխան չեմ ստացել:
- Իսկ ինչ իրավիճակ, ասեմ. կունենանք իրավիճակ, երբ 5 տարի անց բժշկից կպահանջեք 4,5 տարի առաջ արդիական ու պարտադիր համարվող թեմայի անհրաժեշտություն, ինչն ինքնին անտրամաբանական է:
Առաջարկում եմ ՔՊ-ին՝դեմ քվեարկել նախագծին, չընդունել:
Հակառակ պարագայում ձեր ձեռքով լիազոր մարմինը իր համար կոռուպցիոն հնարավորություն են ստեղծում:
Այժմ անդրադառնամ պ-ն Թունյանի ՝ իմ ելույթին անդրադարձին:
Պ-ն Թունյանը փորձեց արձագանքել առողջության համապարփակ ապահովագրման համակարգի ներդրման իրենց խոստումից հրաժարվելու, այն տապալելու մասին իմ ելույթին:
Նախ հարց.
Ինչու՞ հանկարծ չարձագանքեցիք Մարտունու ԲԿ-ի վերաբերյալ իմ ներկայացրած տվյալներին:
Թե՞ փորձեցիք հանրությանը շեղել այդ հարցից, չէ ՞ որ , ըստ էության, ես խոսեցի այդ ԲԿ-ի վերակառուցման, վերազինման անվան տակ 244.309.515 դրամի անհասկանալի ծախսման մասին, թե՞ դա բյուջեի մսխման, կոռուպցիոն ռիսկի հեչ նման չի:
Հիշեցնեմ, ինչի մասին է խոսքը.
Մի կողմից նախարարությունը ասում է, որ անցյալ տարի Մարտունու ԲԿ-ում արդեն նույնատիպ ծրագրի շրջանակներում ավելացվել են մահճակալների թիվը և ստեղծել ռադիոլոգիական բաժանմունք, որի համար ծախսվել է լրացուցիչ 224.309.515 գումար, մյուս կողմից՝ հարցմանը ի պատասխան, ո՞ր մասնաճյուղում է ստեղծվել ռադիոլոգիական բաժանմունքը, ինչո՞ւ մինչև COVID-19-ը և ռազմական դրությունը նախատեսված չի եղել ռադիոլոգիական բաժանմունք, և ի՞նչ հագեցվածություն ունի այն, ԱՆ-ն պատասխանում է՝ ռադիոլոգիական բաժանմունքն ի սկզբանե նախատեսված է եղել և գործում է Ա մասնաշենքում: Երկրորդ պատասխանը հակասում է առաջինին: Այսինքն՝ մի կողմից փաստվում է, որ հավելյալ գումարը ծախսվել է լրացուցիչ (ռադիոլոգիական) բաժանմունք ստեղծելու համար, մյուս կողմից պնդվում է, որ այդ բաժանմունքը նախատեսված է եղել ի սկզբանե հաստատված ծրագրով, ինչի համար, բնականաբար, հատկացված է եղել գումար: Հետևաբար, չի հիմնավորվում, թե ինչի վրա է ծախսվել պատկառելի գումարը՝ 224.309.515 դրամը
Հիմա հարց. Արդյոք սա կոռուպցիոն դրսևորում չէ, բյուջեի միջոցների անբացատրելի, կոռումպացված ծախսեր:
Հաջորդ հարցին՝ 14 մահճակալները ո՞ր բաժանմունքում են ավելացրել, ԱՆ-ն պատասխանում է, որ դա արտակարգ իրավիճակներում ծառայություններ մատուցելու համար է և կոչվում է ընդհանուր նշանակության բաժանմունք, որը ծավալվել է նկուղային հարկում:
Ասեմ, որ արդեն շուրջ 5 ամիս է, ինչ մարտունեցի երեխաները հոսպիտալիզացվում են այդ նկուղային հարկում, այլ ոչ նրանց համար նախատեսված մանկական բաժանմունքում: Հարց է առաջանում՝ եթե Մարտունիում մանկական ինֆեկցիաների առումով արտակարգ իրավիճակ է (ելնելով նախարարի պատասխանից), ապա ինչո՞ւ չկա պատկան մարմինների կողմից, օրինակ, կառանտին հայտարարելու որոշումներ, ի՞նչ վիրուս է «թևածում» Մարտունիում և ստեղծում արտակարգ իրավիճակ: Իսկ եթե մարտունեցի երեխաներին նկուղում բուժելու որոշումը նախարարի, մարզպետի և ԲԿ-ի տնօրենի քմահաճույքն է, ապա ո՞վ է թույլ տվել նրանց կայացնել նման որոշում և մարտունեցի երեխաներին բուժել նկուղում՝ խախտելով մի շարք սանիտարական նորմեր
Այժմ առողջության ապահովագրման համակարգի ներդրման մասին:
Պ-ն Թունյան, չգիտեմ, հասկացաք, թե ոչ , բայց ձեր խոսքով հաստատեցիք, ոչ թե հերքեցիք իմ ասածը:
Ես ասում էի, որ եթե չէիք ուսումնասիրել, չէիք հաշվարկել ձեր մտավոր ու ֆինանսական հնարավորությունները, ինչու՞ էիք խոստանում, ինչու՞ էիք ներառում կառավարության ծրագրում:
Ես ասում էի.
Խոստանալուց առաջ մտածեք, հաշվարկեք, նոր ծրագիր գրեք ու ներկայացրեք հանրությանն ու ԱԺ-ին: Ես ձեր կառավարության ծրագրից էի մեջբերում, ոչ թե x մամուլի ինչ որ հոդվածից:
Փաստորեն ձեր ուժի մտավոր ռեսուրսների պարագայում ավելի քան 3,5 տարի պետք եկավ, որ հասկանաք, որ այդ համակարգը առնվազն մինչև 2026թ. հնարավոր չէ ներդնել: Ես էլ հենց
դա եմ ասում, բա ինչու էիք թոշակառուին խոստանում, որ 2025թ-ից իրենք արդեն ներգրավված կլինեն այդ համակարգի մեջ:
Կխնդրեի հարմար պահի ներկայացրեք, թե այդ ինչ նոր ուսումնասիրություններ եք արել, հետազոտույուններ եք արել, որ հիմա էլ պնդում եք, որ 1 տարի հետո ունենալու եք այդ համակարգը ներդնելու ռեսուրսը:
Այդ հիմքերը ներկայացրեք թոշակառուներին, ում խոստացել էիք, որ 2025թ-ից իրենց առողջապահական ծախսերը ապահովագրական համակարգով հոգալու է պետությունը:
Չմոռանաք, որ ձեր ընտրողների զգալի մասը թոշակառուներ են, ում խոստացել էիք թոշակի աճ, որը 2025թ-ին չի լինելու:
Ես դրա մասին էի խոսում, և դուք դա ապացուցեցիք:
Ես մի անգամ էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում.
Դուրս եկեք ՛՛Պինգվինաշեն՛՛ մուլտֆիլմի հերոսի կարգավիճակից, ով ասում էր.
- Ես առաջ անում եմ, հետո եմ մտածում, այդպես հարմար է, բա»: