կարևոր
262 դիտում, 2 ժամ առաջ - 2024-11-15 17:57
Աշխարհ

Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ օդատիեզերական ոլորտում համագործակցության մասին

Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ օդատիեզերական ոլորտում համագործակցության մասին
Իսրայելական արդյունաբերական հսկան՝ «Ավիացիոն արդյունաբերություն» պետական պաշտպանական կոնցեռնը (IAI), 2023ին միջպետական պայմանագիր է ստորագրել Ադրբեջանի Հանրապետության «Ազերկոսմոս» տիեզերական գործակալությանը երկու OptSat500 դիտարկման արբանյակների մատակարարման վերաբերյալ, որոնք ունակ են անսովոր բարձր լուծաչափով երկրի մակերեսի նկարահանումներ կատարել: Արբանյակների արժեքը, իսրայելական Globes տնտեսական պարբերականի տվյալներով, կազմում է 120 մլն դոլար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ այն մասին, որ իսրայելական արտադրողը Ադրբեջանի քաղաքցիներից բարձր որակավորում ունեցող անձնակազմ կպատրաստի ձեռք բերված սարքավորումների աշխատանքի եւ տեխնիկական հսկողության համար: Որոշվել է նաեւ ադրբեջանում ստեղծել օդատիեզերական ոլորտում նորարարությունների կենտրոն եւ համատեղ բիզնես կենտրոն: Երկու կողմերն էլ կզբաղվեն գիտական ծրագրերի իրականացմամբ եւ առաջխաղացմամբ։ Իսրայելը պարտավորվել է նաեւ Ադրբեջանի համար պատրաստել տիեզերական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներ եւ ստեղծել տիեզերական համագործակցության համատեղ կենտրոն:

Ըստ «Իրանե Էմրուզ» տեղեկատվական ռեսուրսի՝ իրավաչափ է խոսել Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ համագործակցության նոր փուլի մեկնարկի մասին: Նշենք՝ ենթադրելով իրանական ուղղությամբ իր քաղաքականությունը՝ Իսրայելը Ադրբեջանը հռչակում է որպես տարածաշրջանային կարեւորագույն ռազմավարական գործընկեր: Դա օրինաչափ կերպով բխում է վերջին տասնամյակների սպառնալիքների գիտակցումից, երբ իրանական նախկին լուրջ մարտահրավերներին գումարվել են նորերը՝ կապված ազգային ատոմային ծրագրի իրականցման հետ, որը, ինչպես Երուսաղեմում են զգում, մահացու վտանգ է կրում հենց Իսրայելի գոյության համար։ Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերություն իրականցնելով՝ Իսրայելը նպատակ է հետապնդում վերացնել իր ազգային անվտանգության ռիսկերը։ Նա շահագրգռված է նաեւ Ադրբեջանի ազգային բանակի մարտունակության աստիճանի բարձրացմամբ՝ արձագանքելով Հարավային Կովկասի կոնֆլիկտածին տարածաշրջանում նրա ներկայությանը․ Իրանը ստիպված է իր երկրի հյուսիսի հարակից շրջաններում կենտրոնացնել զգալի ռազմական ուժեր, որոնք հնարավոր է օգտագործվեին մերձավորարեւելյան ուղղությամբ: Ըստ էության, Ադրբեջանի հետ սերտ գործընկերությունն այս տարածաշրջանում, որը Իսլամական Հանրապետության յուրօրինակ «փափուկ մատույցն է», օգնում է Իսրայելին հնարավորինս նվազեցնել Իրանից բխող անվտանգության սպառնալիքները:

Երկու երկրների միջեւ անվտանգության, ռազմական, քաղաքական, նավթային եւ առեւտրատնտեսական ոլորտներում ավանդաբար զարգացող հարաբերություններին գումարվել է դինամիկ փոխգործակցությունը օդատիեզերական ոլորտում, ինչը հաստատվում է վերը նշված երկու ժամանակակից արբանյակների վաճառքով այս երկրին, ինչը նոր սահմաններ է բերում երկկողմ համագործակցությունը տիեզերքում: Այս քայլի կարեւորության մասին է խոսում նաեւ այն փաստը, որ կողմերից յուրաքանչյուրը 2023ի հոկտեմբերի 3-ին առանձին հայտարարություն է տարածել այդ կապակցությամբ։ Համաձայնագիրն ինքնին ստորագրվել է տիեզերական գիտությունների եւ տիեզերագնացության 74-րդ միջազգային կոնգրեսի աշխատանքային օրերին, որն այդ օրերին աշխատում էր Բաքվում:

Քննարկվող երկու արբանյակները իսրայելական օդատիեզերական արդյունաբերության նորույթ են, դրանք նախգծված եւ արտադրված են Իսրայելում, եւ նկարագրվում են որպես հագեցած ժամանակակից բազմասպեկտրալ էլեկտրաօպտիկայով, որն ապահովում է նախկինում աներեւակայելի բարձր լուսաչափթվ պատկերի թույլատրելիություն, որտեղ կարելի է տեսնել կես սանտիմետրից ավելի մեծ առարկաներ: Նրանք ունեն ավելի երկար կյանք՝ համեմատած նախորդ արբանյակների հետ եւ ունեն փոխանցման եւ պատկերման ավելի առաջադեմ հնարավորություններ: Globes-ի տվյալներով՝ նոր արբանյակները դիտարկման եւ նկարահանման դաշտի լայն ծածկույթ ունեն եւ համատեղելի են ամենատարբեր կրիչ-հրթիռների հետ: «Ռադիո Ֆարդա» կայքը ահղորդում է՝ Իսրայելը նաեւ պարտավորվել է Ադրբեջանին տրամադրել արբանյակների շահագործման համար անհրաժեշտ տեխնոլոգիաներ, ինչը կհամապատասխանի Ադրբեջանում իրականացվող AzerSky ազգային արբանյակային ծրագրին եւ կծածկի նրա պահանջմունքներն այդ ոլորտում:

Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության տխուր արտագաղթի ֆոնին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առճակատման համատեքստում Հարավային Կովկասում իրավիճակի սրումը գրեթե չի անդրադառնում իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների վրա։ Առաջվա պես դինամիկ են մնում նախարարական մակարդակով այցերը, որոնք կոչված են իրագործելու նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, հատկապես անվտանգության ոլորտում՝ հաշվի առնելով երկրներից յուրաքանչյուրի համար իրանական գործոնի սրությունը։ ․․․ «Ռադիո Ֆարդան» ողջ իրավիճակը կապում է մեկ ամբողջության մեջ՝ հայտարարելով «Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ տիեզերական համաձայնագիրը ստորագրվել է այն բանի հետ կապված, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանը զինաթափել է հայ անջատողականներին Լեռնային Ղարաբաղում եւ արագ ռազմական գործողության արդյունքում վերահսկողություն ստացել այդ տարածաշրջանի նկատմամբ»: Նույն կերպ է արձագանքում նաեւ իսրայելական հայտնի Wallanews ինտերնետ-ռեսուրսը՝ գրելով․ «ղարաբաղյան ռազմական գործողության արդյունքում Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ խոշոր համաձայնագիր ստորագրվել տիեզերական արդյունաբերության ոլորտում», եւ Իսրայելը «շարունակում է զինել Բաքվին»: Իսկ ահա այսպես է բնորոշում Հարավային Կովկասի տարածաշրջանի ներկա իրավիճակը վերը մեջբերած Globes իսրայելական տնտեսական թերթը. «Իսրայելի ռազմական օգնությունն իր դերն է խաղացել Ադրբեջանի հաջողության գործում»։ Նրա պնդմամբ՝ Իսրայելի եւ Հանրապետության միւ հարաբերությունները «հիմնված են ոչ միայն Իսրայել նավթի արտահանման եւ Իսրայելից զենքի ներմուծման վրա, այլեւ Թեհրանի դեմ նշանակալի համագործակցության հիման վրա»: Այստեղ ավելացնենք Իսրայելի արտգործնախարարի պնդումն այն մասին, որ իր երկրի հարաբերությունները Բաքվի հետ «շատ կարեւոր են» եւ «բարձր պոտենցիալ» ունեն՝ կապված իրանական սահմանին Ադրբեջանի աշխարհագրական դիրքի հետ։

Հրեական պետության համար ադրբեջանի հետ գործընկերությունը իսլամական համայնքի հետ երկխոսության մեջ մտնելու ջանքերի մի մասն է, որն առաջ է մղվում Իսրայելին ոչ միշտ բավարարող հաջողություններով: Ադրբեջանի հետ հարաբերությունները տեղավորվում են Իրանի հետ տարածքային մերձեցման մեջ գտնվող եւ նրանց հետ կապված պատմական ու քաղաքակրթական կապերով պետությունների շրջանակում, որոնց հետ Իսրայելը կցանկանար առավել ակտիվ լինել: Այս փաստը լավ գիտակցում են Իսրայելում՝ հետխորհրդային տարածքի երկրների հետ իրենց համգործակցության առաջնահերթություններից մեկը համարելով մշտապես գործընկերներին ապացուցել, որ «Իսրայելը կարող է նրանց ավելին տալ, քան Իրանը»։ Հետխորհրդային իսլամական տարածքի նման երկրների հետ իր հարաբերություններում Իսրայելը բազմիցս փորձում է կառուցել իրավահավասար եւ փոխադարձ շահավետ հարբերություններ, որոնք միանշանակ հասկացնել կտան իսլամական աշխարհի երկրներին, որ հրեական պետությունն ի վիճակի է եւ պատրաստ է դրական կապեր ունենալ մահմեդական բնակչություն ունեցող երկրների հետ։ Ադրբեջանը վերածվել է Իսրայելին նավթի հիմնական մատակարարի եւ վերջին տարիներին դարձել է իսրայելական ռազմական տեխնիկայի հիմնական գնորդը: Այս առումով Ադրբեջանը զբաղեցրել է առաջատար տեղերից մեկը իսրայելական սպառազինությունների գնման ծավալներով։ Փորձագետների գնահատականներով՝ 2016-2020ին Իսրայելի մատակարարումներն ապահովել են Ադրբեջանի զինանոցի գրեթե 70 տոկոսը, ինչը Բաքվին առավելություն է տվել Երեւանի նկատմամբ եւ խթանել Իսրայելի խոշոր պաշտպանական արդյունաբերությունը: Իսրայելը բազմիցս հայտարարել է՝ լրջագույնս օգնում է Ադրբեջանի անվտանգության ամրապնդմանը, ցավոք, միաժամանակ անուղղակիորեն եւ առանց դա ցանկանալու, ներքաշվելով երկու հակամարտող կողմերի ռազմական գործողությունների մեջ։

 

Մ․ Ի․ Մեսամեդ

Աղբյուրը՝ iimes.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի