Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրացավ արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամ, Արցախի «Մարտական Խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր Կիմ Խաչատրյանի 28-ամյակը։
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ, Հայկական բժշկական իստիտուտի 5-րդ կուրսի ուսանող Կիմ Խաչատրյանը զոհվեց Արցախի հյուսիսային դիրքերի պաշտպանության ժամանակ՝ հոկտեմբերի 31-ին: Նա առաջնագիծ էր մեկնել՝ ՀՅԴ կամավորական վաշտերից մեկի կազմում ընդգրկվելով։
Շնորհալի, կյանքում ազգային արժեքներով ու ավանդույթներով առաջնորդվող, հայրենիքն անսահման սիրող Կիմը ծնվել է 1995 թ. մարտի 17 ին՝ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում, 2001-2012 թթ. սովորել և ավարտել է Արենիի միջնակարգ դպրոցը։ 2013-2015 թթ. ծառայել ՀՀ զինված ուժերում (Մեղրիում)։ Նպատակ ուներ ուսումն ավարտելուց հետո մասնագիտական գործունեությունը ծավալել հայրենի գյուղում, հիմնել ատամնաբուժարան։
Կիմի ծննդյան տարեդարձի առթիվ նրա շիրիմին էին այցելել դաշնակցական սերնդակից և ավագ ընկերները։
Փա՛ռք ու պատի՛վ քեզ, ընկեր Կիմ Խաչատրյան։
Ռազմաճակատ մեկնելու օրը Կիմը սոցցանցի իր էջում հրապարակել էր հետևյալ բանաստեղծությունը.
Բախտը մեկն է զինվորի`
Կամ մահ, կամ ազատություն։
Վառոդդ պահիր միշտ պատրաստ ու չոր,
Նշանահատիկդ միշտ ճշտված պահիր,
Որ գնդակն անցնի ճիշտ սրտի միջով,
Եվ նրան հանձնի անաչառ մահին:
Կռվի մեջ չկա գթության խնդիր,
Եվ ոչ էլ խղճի գերակայություն,
Խղճիդ հետ երբեք դաշինք մի կնքիր
Այլապես խիղճդ կդառնա քեզ թույն:
Թշնամուցդ ավելի եղիր անողոք,
Լուծիր հնացող ցավը վրեժի,
Թող քեզ չհուզեն կական ու բողոք,
Երբ քո խնդիրը մահն է հրեշի:
Թող որ թշնամիդ անիծի զարկդ,
Ոսոխիդ մայրը թող քեզ նզովի,
Բազուկդ սակայն կօրհնի քո ազգը,
Եվ քաջությունդ երգով կգովի:
Ստորև ներկայացնում ենք «Երկիր մեդիա» հեռուստաընկերության մեր գործընկերների՝ Կիմի ծննդյան օրվա առիթով պատրաստած տեսանյութը: