Փոխարժեքներ
16 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Արցախյան պատերազմից ի վեր գերիներին վերադարձնելու խնդիրն այդպես էլ չի լուծվում։ Դեռ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի 8-րդ կետում հատուկ նշվում էր գերիների և պատանդների փոխանակման մասին։ Ու, չնայած այն հանգամանքին, որ հայկական կողմը հանձնեց բոլոր ադրբեջանցի գերիներին, այդ թվում՝ այն ադրբեջանցի դիվերսանտերին, որոնք մարդ էին սպանել, ադրբեջանական կողմը գերիներին կա՛մ չի հանձնում, կա՛մ էլ այդ մարդկանց քաղաքական առևտրի թեմա է դարձնում։ Լրիվ այլ հարց է նաև այն, որ Բաքվում բազմաթիվ գերիների ուղղակի կտտանքների ու խոշտանգումների են ենթարկում։ Ադրբեջանն ուղղակի թքած ունի միջազգային մարդասիրական իրավունքի և պատերազմի օրենքների վրա։
Ավելին, Ադրբեջանում արդարադատության անվան տակ դատական շոուներ են կազմակերպում՝ հայ գերիներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը կեղծ, շինծու մեղադրանքներով ազատազրկման դատապարտելու նպատակով։ Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ Ադրբեջանն այդքան սանձարձակ ձևով է գործում։ Թերևս պատճառն այն է, որ այդ երկրի վրա չկա անհրաժեշտ չափի միջազգային ճնշում։ Միջազգային տարբեր կազմակերպությունների ու պաշտոնյաների կողմից արվող կոչերին կոնկրետ գործողություններ չեն հետևում։ Թվում էր, թե COP29 կլիմայական համաժողովից առաջ կամ ընթացքում Ադրբեջանը որոշակի քայլեր կձեռնարկի գերիներին ազատ արձակելու ուղղությամբ, բայց դա տեղի չունեցավ։ Մյուս կողմից՝ համաժողովի ֆոնին պահն առավել քան պատեհ էր գերիների հարցը բարձրացնելու և Ադրբեջանի վրա միջազգային ճնշում բանեցնելու ուղղությամբ։
Մեզանում ընդունված է միշտ խոսել միջազգային դերակատարների մասին, թե նրանք բավարար ջանքեր չեն գործադրում այս ուղղությամբ, սակայն պարզից էլ պարզ է՝ որպեսզի միջազգային դերկատարները քայլեր ձեռնարկեն կամ տեղից շարժվեն, այդ ուղղությամբ պետք է ակտիվ աշխատանք տանեն առաջին հերթին ՀՀ իշխանությունները։ Բայց ՀՀ ղեկավարությունն այդպես էլ հրապարակային չի բարձրացնում գերիների թեման։ Ավելին, նրանք նույնիսկ ներսում են խուսափում այդ թեմայի արծարծումից: Օրինակ՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ներկայացրեցին «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը, որով կոչ էր արվում միջազգային հանրությանը՝ օգտագործել իր ազդեցությունը և պահանջել Ադրբեջանից անմիջապես ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս բոլոր հայ գերիներին, ովքեր անօրինական կերպով պահվում են Բաքվում: Իսկ ի՞նչ արեցին իշխող ուժի ներկայացուցիչները, ճիշտ է՝ չմասնակցեցին քվեարկությանն, ու արդյունքում նախագիծը չընդունվեց։
Տեղի ունեցածից կարելի է մի քանի հետևություն անել։ Կա՛մ իշխանություններն այնքան են վախեցած, որ չեն ցանկանում հանկարծ Բաքվին «նեղացնել», կա՛մ էլ հերթական ծառայությունն են մատուցում Ադրբեջանին, որպեսզի այդ երկրի ղեկավարությունը շոյի իրենց գլուխը և սպառնա միայն ընդդիմադիր «ռևանշիստներին»։ Մյուս խնդիրն էլ այն է, որ ՀՀ իշխանություններն ինչքան էլ ցույց տան, թե մտահոգված են գերիների ճակատագրով, իրականում շահագրգռված չեն, որ գերիներին Ադրբեջանը հանձնի, քանի որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները Հայաստան գալուց հետո հարցեր կարող են բարձրացնել ու նույնիսկ Արցախի ճակատագրի հետ կապված շարժում սկսել։ Իսկ իշխանությունները մտահոգ են, բնականաբար, նման հեռանկարից։ Ավելին, առնվազն Ռուբեն Վարդանյանի քաղաքական ներկայությունից, քաղաքական ստվերից Նիկոլը պարզապես սարսափում է»: