Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գրքի շնորհանդեսը Երևանում նույնպես տեղի ունեցավ: Նշենք, որ գիրքն արդեն իսկ ներկայացվել էր Գյումրիի, Վանաձորի ու Կապանի գրքասեր հանրությանը: Գրքի հրատարակիչն «Էդիթ Պրինտ»-ն է: Գրքի հեղինակն ամերիկացի հետաքննող լրագրող Ուիլյամ Չ. Ռեմփելն է, թարգմանիչներն են քույրեր՝ Ալինա և Աննա Միրզոյանները:
Ալինա Միրզոյանի խոսքով՝ սա առաջին համապարփակ գիրքն է, որը ներկայացնում է Քըրքորյանի կենսագրական մանրամասները: Ըստ նրա՝ հայտնի է, որ Քըրքորյանն իր կյանքում ներամփոփ մարդ է եղել, ուստի գիրքը լավ առիթ է նրա մասին ավելին իմանալու համար: «Քըրքորյանը գործունեություն է ծավալել տարբեր ոլորտներում՝ օդագնացություն, բիզնես ոլորտ, և գրքի թարգմանության համար որոշ հետազոտական աշխատանք էր պետք կատարել՝ տերմիններին ծանոթանալու համար: Հետաքրքիր էր գրքի թարգմանության գործը գլուխ բերելը, քանի որ բացահայտելու շատ բաներ կային: Կարծում եմ՝ ընթերցողներն էլ նոր Քըրքորյան են բացահայտելու, մանավանդ՝ գրքում ներկայացված է, օրինակ, նրա վերջին այցը Հայաստան, փոխհարաբերությունները մի շարք մարդկանց հետ: Այն, որ Քըրքորյանն անվանի մարդ էր համարվում ոչ միայն Հայաստանում, այլ նաև ԱՄՆ-ում, փաստում է նաև այն քայլը, որ ամերիկյան բանկերը Քըրքորյանին խոշոր վարկեր էին տրամադրում՝ որպես երաշխիք վերցնելով միայն նրա ստորագրությունը»,- ասաց Միրզոյանը:
«Էդիթ Պրինտ»-ի հիմնադիր-նախագահ Մկրտիչ Կարապետյանը տեղեկացրեց, որ գրքի ռուսերեն թարգմանության և լույսընծայման իրավունքը ևս «Էդիթ Պրինտ»-ին է պատկանում, և մինչև տարեվերջ ընթերցողների դատին կհանձնվի գրքի ռուսերեն տարբերակը: «Բացի Հայաստանի մարզերից, օրեր առաջ գիրքը ներկայացվել է Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառում և շատ ջերմ ընդունելության արժանացել տեղի հայերի կողմից: Քըրքորյանի մասին կարելի է շատ խոսել, քանի որ նա բազմապրոֆիլ գործունեություն է ծավալել»,- ասաց նա:
Շնորհանդեսի ընթացքում ցուցադրվեց նաև Ռեմփելի տեսաուղերձը. «Այս ուսումնասիրության ամենաապշեցնող բացահայտումներից մեկն ինձ համար Քըրքի առատաձեռնությունն էր. այն ահռելի սահմանների էր հասնում, և, իհարկե, Հայաստանն ավելի լավ գիտի, թե ինչքան առատաձեռն էր Քըրք Քըրքորյանը, քան որևիցե մեկը: Մինչդեռ մարդկանց մեծ մասը տեղյակ չէ, քանի որ մեծ մասամբ իր կարիերայի ընթացքում Քըրքի բարեգործություններն անանուն կերպով էին արվում: Նա ջանում էր դրանք գաղտնի պահել. ասենք՝ նա գումար չէր տա որևէ մեկին, մինչև վերջինս չհամաձայներ նվերի աղբյուրը գաղտնի պահել: Սա համապատասխանում էր բարեգործության` նրա կանոնին, այն է՝ «Բարեգործությունը, որը փոխարենը ինչ-որ բան է ակնկալում, բարեգործություն չէ»»: