Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2015-02-02 18:28
Տնտեսական

Բանկերը վախենում են վարկ տրամադրել

Բանկերը վախենում են վարկ տրամադրել

Օրեր առաջ Yerkir.am-ը հայտնել էր, որ հանրապետության առևտրային բանկերի գերակշիռ մասը կա'մ ընդհանրապես վարկ չի տրամադրում, կա'մ էլ տրամադրում է բացառապես անշարժ կամ շարժական գույքի առկայության դեպքում:

 

Խնդիրը հասկանալու համար բավական է հայացք գցել Հայաստանի տնտեսության ներկա վիճակի վրա, որի վերաբերյալ իրենց գնահատականները բոլորովին վերջերս տվել են նաև երկու խոշոր վարկանիշային գործակալությունները` նվազեցնելով Հայաստանի վարկանիշը:

 

Հասկանալու համար, թե ինչո՞ւ բանկերը փող չեն տալիս, առաջին հերթին պետք է շարժվել հետևյալ տրամաբանությամբ` դուք ձեր հարևանին պարտքով գումար կտայի՞ք տնտեսական այնպիսի վիճակում, երբ վստահ չեք, որ նա գումարը կվերադարձնի: Ահա հենց այս տրամաբանությամբ էլ շարժվում են նաև բանկերը:

 

Այսպես է կարծում նաև տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը: «Բանկերը կասեցրել են իրենց ծառայությունների մի մասը, քանի որ վստահ չեն գումարի վերադարձելիության մեջ: Մյուս կողմից` նրանք հաշվարկներ են կատարում, թե այսուհետ ինչ տոկոսադրույքներ սահմանեն վարկերի համար: Սա, կարելի է ասել, տրամաբանական է, քանի որ տնտեսական աշխուժություն չի նկատվում այս պահին»,- նշում է նա:

 

Բացի այդ, անկախ այն հանգամանքից` տրամադրում են բանկերը վարկեր, թե` ոչ, ինքը` բնակիչը, վստահ չէ` կկարողանա՞ մարել տվյալ վարկը, հետևաբար, ռիսկի չի դիմում և նոր վարկերից փորձում է խուսափել:

 

Այս պահին բանկերը ակտիվորեն ավանդներ են վերցնում: Նախկին 12-14 տոկոս դրամային ավանդների փոխարեն առևտրային բանկերն առաջարկում են մինչև 20 տոկոսով ավանդներ: Իսկ այն բանկերը, որոնք տրամադրում են վարկեր, դրանց գերակշիռ մասը տրամադրում են դոլարով են: «Դոլարով վարկերն այս պահին այդքան էլ ռիսկային չեն, հետևաբար, բանկերը, տրամադրելով դոլարային վարկ, որոշ չափով ավելի հեռու են մնում ռիսկերից»,- նշում է տնտեսագետը:

 

Այն, որ բանկերը տրամադրում են վարկեր բացառապես անշարժ և շարժական գույքի գրավադրմամբ, նույնպես խոսում է այն մասին, որ այդ կերպ ֆինանսական կազմակերպությունները երաշխիք են ունենում, որ եթե քաղաքացին ի վիճակի չլինի մարել վարկը, նրա գրավադրված գույքը բավական է:

 

Այստեղ շատ կարևոր է նաև ԿԲ-ի սահմանած կապիտալի` 6 անգամ բարձր շեմը, ինչը նույնպես բանկերի մոտ որոշակի սպասումներ է ձևավորում: Այժմ տրամադրվող վարկերի վերջնաժամկետը լինելու է հենց 2017-ի փետրվարը, այսինքն` այն ժամանակահատվածը, երբ բանկերն արդեն պետք է ապահոված լինեն 30 միլիարդ դրամի կապիտալ: Հետևաբար, այս հանգամանքով ևս պայմանավորված, բանկերը դեռևս չեն շտապում մեր քաղաքացիներին վարկեր տրամադրել, ինչից, իհարկե, տուժում է նաև տնտեսությունը:

 

Ի՞նչ է ստացվում` վարկ Հայաստանում գրեթե չի տրամադրվում, իսկ Ռուսաստանից եկած տրանսֆերտները կտրուկ նվազել են: Այս պարագայում սպասելի է, որ ներքին առևտուրն ու ծառայությունները կկրճատվեն մի քանի անգամ, ինչն ավելի կնվազեցնի տնտեսական աշխուժությունը, որն էլ մոտ ապագայում կհանգեցնի մեծ գնաճի, ինչպես նաեւ տնտեսական աճի ցուցանիշի վատթարացման: