Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկատիրություն հեշտությամբ սկսելը հնարավոր է թղթի վրա ու գովազդային հոլովակներում: Իսկ իրականում բազմաթիվ ունակ ու կարող մարդիկ ուղղակի չեն կարողանում սկսել իրենց փոքր բիզնեսը կամ շարունակել նախկինում սկսած, գործած, բայց հանգամանքների բերումով ժամանակավորապես դադարեցված բիզնեսները:
Այդպիսի երիտասարդ ձեռներեց Մարինե Ավետիսյանն էլ օրերս Yerkir.am-ին պատմեց, որ իրենք ՍՊԸ են ունեցել դեռեւս 1997 թվականից, որը զբաղվել է հիմնականում Հունաստանից անհատական խնամքի միջոցների, տնտեսական ապրանքների, հրուշակեղենի ներկրմամբ: 2008 թվականից էլ Մարինե Ավետիսյանն է դարձել ՍՊԸ-ի տնօրենը, նորմալ աշխատել են: Սակայն հետո, երբ Հունաստանում ճգնաժամ սկսվեց, Մարինեի հույն գործընկերները դադարեցրել են իրենց ապրանքների արտահանումը, եւ Մարինեն 2011 թվականի կեսերից դիմում է գրել ու ՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել:
Այժմ հունական ընկերությունը նորից սկսել է իր ապրանքների արտահանումն ու Հայաստանում Մարինեի ընկերությանն առաջարկել կրկին աշխատել իրենց հետ: Մարինե Ավետիսյանը կանգնել է խնդրի առջեւ' գումար չկա, որ նորից ներդնի այդ գործում, հույներն էլ կրեդիտով չեն աշխատում: Երիտասարդ գործարարը փորձել է դիմել բանկերին, վարկային կազմակերպություններին...
«Բանկերն իրենց գովազդներում շատ խոստումնալից բաներ են ասում, բայց նախ' սկսնակ բիզնեսին նրանք ընդհանրապես աջակցություն չունեն, ռիսկայնությունը բարձր է: Բայց այլ երկրներում այսպես է' եթե դու նորմալ բիզնես պլան ես ներկայացնում, թեկուզ չնչին գումար' չեմ ասում 100 կամ 200 հազար դոլար, բայց, ասենք, 10 հազար դոլարը մեծ բան չէ, ու դու ինչ ապրանք բերում ես, դա կարող ես գրավադրել ու բիզնես վարկ վերցնել: Նրանք ինձ ասում են' մենք ձեզ դիտարկում ենք, որպես սկսնակ բիզնես... »,- պատմեց Մարինե Ավետիսյանը:
Իր փոքր բիզնեսի համար շրջանառու միջոցներ հայթայթելու ճանապարհին նա դիմել է «Պրոկրեդիտ» բանկին, «Առէքսիմ» բանկին, «Յունիբանկին», ոչ մեկն էլ չի համաձայնել վարկավորել նրա բիզնեսը: Բանկերում Մարինեին խորհուրդ են տվել դիմել վարկային կազմակերպություններին: Մարինեն դիմել է «Ֆասթ կրեդիտ» եւ «Նոր հորիզոն» ՈւՎԿ-ներին: Բայց ՈւՎԿ-ներն էլ անշարժ գույքի գրավադրում են պահանջում:
«Բոլորն անշարժ գույք են ուզում՝ որպես գրավ: Ես անշարժ գույք ունեմ, բայց միայն դրա համասեփականատերն եմ, չեմ կարող գրավադրել: Պետական ծրագրերի մասին չեմ լսել, բայց մասնավորներից ում նայում ես, բոլորն էլ ունեն ՓՄՁ վարկավորում, բայց բոլորի մոտ ստանդարտ նույն պայմաններն են' չէ, դու սկսնակ բիզնես ես, մենք քեզ չենք դիտում որպես գործող բիզնես, իսկ սկսնակ բիզնեսին աջակցություն չունենք: Նախ' առաջին հարցը' ինչո՞ւ սկսնակ բիզնեսին աջակցություն չունեն, եւ երկրորդ' ինչո՞ւ պետք է ես համարվեմ սկսնակ բիզնես, եթե գործում եմ 1997 թվականից, ճիշտ է, այդ ժամանակվանից չեմ կարող, բայց, գոնե 2008 թվականից սկսած, կարող եմ շրջանառությունը ցույց տալ: Բայց չեն ուզում լսել, ասում են' մեզ համար դա հիմք չէ»,- ներկայացրեց Մարինե Մարտիրոսյանը:
Մենք ուսումնասիրեցինք Մարինե Մարտիրոսյանի նշած բանկերի եւ ՈւՎԿ-ների կայքերն ու դրանցում առաջարկված վարկերի պայմանները: ՈւՎԿ-ներում վարկերի ժամկետները տատանվում էին 6 ամսից 4 տարվա միջակայքում' 16-18 եւ 24 տոկոս տարեկան տոկոսադրույքներով' անշարժ գույքի կամ ոսկու գրավով:
Գրեթե նույն պայմաններն էլ առաջարկում էին բանկերը, ամենաերկարը' մինչեւ 144 ամիս տեւողությամբ, հիմնականում 14-ից 18-19 տոկոս տարեկան տոկոսադրույքով' գրավով երաշխավորված վարկեր ՓՄՁ-ին: Բանկերից մեկի ներկայացրած առաջարկներում նշվում է նաեւ, թե ապահովման միջոց են հանդիսանում ինչպես գրավադրվող անշարժ գույքը, այնպես էլ ֆիզիկական ու իրավաբանական անձանց երաշխավորությունները:
«Ես կարող եմ 10 երաշխավոր բերել, բայց դա հարց չի լուծում: Ինձ միշտ ասել են' կա'մ պետք է ցույց տաս նվազագույնը 6 ամսվա շրջանառություն, կա'մ սկսնակ բիզնես ես, ու քեզ չենք ֆինանսավորի, կա'մ էլ անշարժ գույք գրավադրիր, ու մենք քեզ վարկ կտանք: Բայց այդ դեպքում էլի բիզնես վարկ չեն տալիս, սպառողական վարկ են տալիս»,- ասաց Մարինե Ավետիսյանը:
Դեռեւս մի կողմ թողնենք, որ բիզնեսը' հատկապես ՓՄՁ-ն, առավել եւս՝ սկսնակ, միշտ ցածր տոկոսադրույքներով ու երկարաժամկետ վարկերի կարիք է ունենում: Մի կողմ թողնենք նաեւ այն, որ ոչ մի սկսնակ բիզնես չի կարող 24 տոկոս տարեկան տոկոսադրույքով վարկ վերցնել ու կայանալ, եթե, իհարկե տարաբնույթ «նրբությունների» հետ գործ չունի: Աշխարհում մի ընդունված մոտեցում էլ կա' սկսնակ բիզնեսին աջակցելու նպատակով կիրառվում են նաեւ վարկավորման այնպիսի մեխանիզմներ, որտեղ հենց բիզնես ծրագրերն են գրավի առարկա: Բայց Հայաստանում այս պրակտիկան տարածում չունի:
Հայաստանն այսօր մոտ 3 միլիարդ 738 միլիոն դոլարի արտաքին պարտք ունի: Այդ պարտքերի շարքում քիչ չեն բավականին ցածր տոկոսադրույքներով վարկերը, որոնք հենց ունեն ՓՄՁ զարգացնելու նպատակ: Այդ գումարները պետությունը, հիմնականում, ԿԲ-ի խողովակով, տալիս է առեւտրային բանկերին, որպեսզի վերջիններս էլ այն մտցնեն տնտեսության մեջ, ու ՓՄՁ-ն զարգանա: Բայց, ինչպես տեսնում ենք, առեւտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները մինչեւ գործարարից 7 կաշի չքերթեն, վարկ չեն տալիս: Իսկ սկսնակ բիզնեսին շա~տ մեծ դժվարությամբ են վարկ տալիս՝ երբեմն նույնիսկ ռիսկերի կառավարման մի քանի աստիճան կիրառելով:
Իսկ ինչո՞ւ կառավարությունը բոլորիս անունից տոկոսով վերցված միջոցները նույն ցածր տոկոսներով կամ, գոնե դրանց վրա չնչին տոկոսներ ավելացնելով, չի տրամադրում տնտեսությանը, հատկապես՝ ՓՄՁ-ին, կամ ինչո՞ւ չի ստիպում բանկերին այնպես աշխատել, որպեսզի Մարինե Ավետիսյանի կարգավիճակում հայտնված ձեռնարկատերերը կարողանան գործ սկսել, շարունակել, ու երկրին օգուտ բերել:
Գևորգ Ավչյան