Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ Ելփին գյուղի դպրոցում դասադուլ է: Պատճառը, ըստ ծնողների, այն է, որ անցած տարվանից գյուղ է ներթափանցել աղանդավորների ինչ-որ խումբ և ամեն ինչ իրար խառնել: Ըստ ահազանգի՝ աղանդավորական շարժումը մտել է նաև դպրոց, և աշակերտներին նույնպես փորձում են ներքաշել դրա մեջ:
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ տեղյակ է՝ որոշ դպրոցներում կան խնդիրներ, և տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն ուսումնասիրում է դրանք ու փորձում լուծել խնդիրները:
ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ խնդիրը հարթելու համար Ելփին է այցելել տեղի փոխմարզպետը և բնակիչների հետ բանակցությունների մեջ է: «Այնտեղ տարբեր խնդիրներ կան: Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել դպրոցում: Հարցը դեռ քննարկվում է»,- ասաց նա:
Համայնքի ներկայացուցիչ Խորեն Ավետիսյանը իր հերթին տեղեկացրեց, որ ինքն էլ հանդիպել է ծնողների հետ, զրուցել: Նրա խոսքով՝ ծնողները հիմա բոլորովին այլ բան են ասում: «Օրեր առաջ ասում էին՝ աղանդավորական շարժում է դպրոց մտել, իսկ հիմա ասում են, որ 4 ուսուցիչ չպետք է աշխատի դպրոցում: Ծնողները հավաստիացնում են, որ նրանք իրենց երեխաներին վիրավորել են՝ անվանելով «անասուն, ոչխար»: Ուսուցիչներից երկուսը ներողություն են խնդրել արդեն, ասում են՝ եթե նման բան է եղել, կներեք: Սակայն ծնողները չեն ընդունում նրանց և ուզում են, որ դուրս գան դպրոցից»,- ասաց Ավետիսյանը:
Ինչ վերաբերում է դպրոց աղանդավորական շարժման մուտքին, ապա, նրա հավաստմամբ, նման բան չկա: «Մենք խոսեցինք ուսուցիչների հետ, և միայն մեկն ասաց, որ, այո, ինչ-որ խմբակ է հաճախում, սակայն դպրոցում չի քարոզում: Այդ ուսուցիչն ասաց, որ դասից հետո խմբակ է հաճախում, ինչն իր իրավունքն է: Ծնողներն ուղղակի մտածում են, որ նրա հետ շփվող ուսուցիչները գուցե նույնպես այդ խմբակն են հաճախում»,- ասաց Ավետիսյանը:
Նա նշեց նաև, որ փոխմարզպետի հետ հանդիպման ժամանակ նույնպես ծնողները բարձրացրել են այս հարցն ու ասել, որ այդ 4 ուսուցիչներին պետք է աշխատանքից հեռացնեն՝ իրենց երեխաներին վարկաբեկելու համար: «Այդ ուսուցիչներից երկուսին արդեն իսկ զգուշացում են տրվել, իսկ մյուս երկուսի հետ կապված խնդիր չկա, կարծես: Երեխաները մեղավոր չեն: Այս հարցն արագ պիտի կարգավորվի, ու դպրոց գնան: Տհաճ իրավիճակ է»,- նշեց Ավետիսյանը:
Նշենք, որ դեռ պարզ չէ՝ արդյո՞ք վաղը դպրոցում կվերսկսվի ուսումնական բնականոն գործընթացը: