կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-03 16:37
Քաղաքական

Դավիթ Գասպարյանի առաջարկությունները՝ Երևանի ապագա քաղաքապետին

Դավիթ Գասպարյանի առաջարկությունները՝ Երևանի ապագա քաղաքապետին

Երևանի քաղաքապետի ընտրությունները բնականոն, ճիշտ ընտրություններ են լինելու, և մտքովս չի անցնում, որ ընտրակաշառք է բաժանվելու. լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց գրականագետ Դավիթ Գասպարյանը՝ խոսելով առաջիկայում կայանալիք` Երևանի քաղաքապետի ընտրությունների մասին:

Գասպարյանը Երևանի ապագա քաղաքապետին մի շարք առաջարկություններ ունի անելու: «Կարծում եմ՝ Երևանում պետք է բացել արևմտահայերենի ուսուցման դպրոց. չինարենի, անգլերենի, ռուսերենի խորացված ուսուցման դպրոցներ ունենք, բայց արևմտահայերենի ուսուցման չունենք: Հայաստան վերջին տարիներին մեծ թվով սիրիահայեր են եկել, և մենք պետք է մեր դռները լայն բացենք նրանց առջև: Բացի այդ՝ արևմտահայերենը մեռնող լեզու է համարվում, ուստի առաջարկում եմ նաև Սահմանադրության մեջ ավելացնել՝ ՀՀ պետական լեզուն հայերենն է` գրական արևելահայերենն ու արևմտահայերենը»,- ասաց նա:

Գրականագետն այլ առաջարկներ էլ ունի. նրա խոսքով՝ քաղաքապետի առաջին գործը պետք է լինի «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը վերանայելը: «Այսինքն՝ պետք է վերանայվի այն մարդկանց ցուցակը, ովքեր ստացել են այդ կոչումը: Մարդ կա՝ արժանի չէ անգամ իր գյուղը մտնել, բայց Երևանի պատվավոր քաղաքացի է: Բացի այդ՝ պետք է Աբովյան պուրակից վերև ընկած հատվածն այգու վերածել, իսկ ամեն տարի տնկվող ծառերը, առհասարակ, ջրել ու խնամել, թե չէ՝ ամեն տարի տնկում են ու տնկում»,- ասաց նա:

Գասպարյանը նշեց նաև, որ հիանում է Մոսկվայի քաղաքապետով. տարեկան մետրոյի 5-6 կայարան է ավելացնում, իսկ մեր մետրոն դարձավ փակուղի՞: Ըստ նրա՝ պետք է մետրոյի կայարաններ ավելացնել դեպի Լամպերի գործարան, Աջափնյակ, Նոր Նորքի հատվածներում:

Նա անդրադարձավ ևս մեկ խնդրի՝ կիսակառույցներին: Գրականագետի գնահատմամբ՝ Երևանը լիքն է կիսակառույցներով ու փակված խանութներով: «Քանի-քանի շենքեր քանդեցին ու փոխարենը ոչինչ չկառուցեցին: Եթե չեք կառուցելու, գոնե հինը պետք չէ քանդել: Քաղաքի տեսքը մի' աղճատեք»,- հորդորեց գրականագետը:

Գասպարյանն իր խոսքն ամփոփեց՝ ասելով, որ Երևանում անհրաժեշտ է նաև աղբի մշակման գործարան կառուցել: «Երևանը պետք է մի հատ լավ լողացնեն, սիրունացնեն»,- հավելեց նա: