կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-07 14:33
Հասարակություն

«Միացե՛ք ժողովրդին՝ քանի դեռ ուշ չէ»․ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի կոչը՝ Երևանի քաղաքապետին, համայնքապետերին և ավագանու անդամներին

«Միացե՛ք ժողովրդին՝ քանի դեռ ուշ չէ»․ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի կոչը՝ Երևանի քաղաքապետին, համայնքապետերին և ավագանու անդամներին

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի կոչը՝ Երևանի քաղաքապետին, համայնքապետերին և ավագանու անդամներին․

«ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՊՐՆ՝ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ,

ԵՐԵՒԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒՆ,

ԵՐԵՒԱՆ ՔԱՂԱՔԻ ԲՈԼՈՐ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏՆԵՐԻՆ,

ԵՐԵՒԱՆ ՔԱՂԱՔԻ ԲՈԼՈՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻՆ․

Հարգելինե՛ր,

Բոլորդ ծանոթ եք ՀՀ-ում և Արցախում տիրող խայտառակ իրավիճակին, որը հետևանք է նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն հայտարարության ստորագրմանը, որի պատասխանատուն, որպես իշխանության գլուխ հանդիսացող անձնավորություն, վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։

Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքում արդեն սկիզբ առել է ու ամեն օր ընդլայնվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժում։ Հայրենիքի Փրկության շարժում անվան տակ համախմբվել են բազմաթիվ կուսակցություններ, մտավորականներ, արվեստի գործիչներ, Ն․Փաշինյանի հրաժարականի պահանջով հանդես են գալիս գիտական և ակադեմիական ինստիտուտներ ինչպես նաև մարզային և համայնքային իշխանություններ։

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն կոչ է անում Երևանի բոլոր համայնքապետերին և ավագանիներին, հատկապես Երևանի ավագանուն ու քաղաքապետ Հայկ Մարությանին անհապաղ հայտարարելու, որ իրե՛նք ևս միանում են Փաշինյանի և իր կառավարության հրաժարականի պահանջին ու սատարում են Վազգեն Մանուկյանի թեկնածությանը։ Սա քաղաքական խնդիր չէ, այլ Հայաստան հայրենիքի և համայն հայ ժողովուրդի հանդեպ հանցանք գործած մարդու հեռացման պահանջ։

Միացե՛ք ժողովրդին՝ քանի դեռ ուշ չէ, որպեսզի՝

- կարողանաք բաց ճակատով ներկայանալ Երևանի բնակչությանը,

- իրավունքը վաստակեք սփոփելու նահատակված, վիրավորված, անհետ կորած կամ գերևարված զինվորի ծնողին, և

- առանց ամաչելու նայեք Ձեր զավակների և թոռների աչքերին ու ասեք, որ լքել եք հայկական հողը թուրքին հանձնող ապազգային անձնավորությանը և միացել հայ ժողովրդին»։