Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅ Դաշնակցության հայտարարությունը ՀՀ երկրորդ նախագահի կալանավորման կապակցությամբ, եթե չասեմ պայթեցրել է «Ֆեյսբուքը», ապա առնվազն զորաշարժի է ենթարկել այդ սոցիալական ցանցի գորշ զանգվածին: Որպեսզի կարողանաք պատկերացնել այդ վիրտուալ զորաբանակը, ապա Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների թիվը պետք է բազմապատկել 10-ով, որովհետև նրանցից յուրաքանչյուրն իր անձնական էջից բացի, միջին հաշվով, մի 10-ը հատ էլ «ֆեյք» ունի: Ուստի գրոհը, որ նրանք ձեռնարկեցին Դաշնակցության հայտարարության վրա, որը շատ դեպքերում գրոհ էր հենց Դաշնակցության վրա, բավականին տպավորիչ էր հատկապես վայնասունի առումով: Հասկանալի է` հիշել էին բոլշևիկյան «պատմական» կինեմատոգրաֆից մնացած բոլոր ֆրազները և հասել մինչև մեր օրերը, թե գործող կառավարության մեջ ներկայացված Դաշնակցությունը, Նիկոլին թողած, պաշտպանում է Քոչարյանին: Իսկ Գյումրու «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը նույնիսկ հայտարարել էր, որ Դաշնակցությունը տեղ տանելու բան չէ: Այս ամենը, իհարկե, խոսում է այն մասին, որ օրվա իշխանությունը չէր սպասում նման հայտարարության ՀՅԴ-ի կողմից կամ, առնվազն, չէր կարծում, որ կառավարական պորտֆելներ ունեցող քաղաքական ուժը կարող էր մի հայտարարություն անել, որը ոչ մի կերպ չէր տեղավորվի այդ կառավարության ղեկավարի հախուռն գործողությունների ծիրին մեջ: Հիմա, սակայն, երբ շոկը անցնում է, պետք է հասկանալ, որ խնդիրը ամենևին էլ մեկ անձ ավել, մեկ անձ պակաս ձերբակալել-կալանավորելը չէ, այլ տվյալ անձի կալանավորման բուն շարժառիթներն ու հատկապես քաղաքական հետևանքները, որոնք կարող են շատ տխուր լինել նոր Հայաստանի համար:
ՀՅԴ-ն մտահոգություն է հայտնել, որ երկրորդ նախագահին նման հապճեպությամբ մեղադրանք ներկայացնելն ու կալանավորելը քաղաքական հետապնդման երանգներ է պարունակում: Այսօր արդեն կարելի է հանգիստ պայմաններում չափուձև անել` Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ցնծության ոռնոցով և հորթային հրճվանքով ողջունողնե՞րն էին ճիշտ, թե՞ Դաշնակցությունը, որ իր կառավարական գործընկերոջը հուշում է (ընդհուպ բարձրաձայն) հնարավոր հետևանքների մասին: Նորից գամ Լևոն Բարսեղյանի գրառմանը: Այսպիսի հարց` ո՞ւմ հետ է նախընտրում ճանապարհ գնալ Գյումրու տարածաշրջանում թավշյա հեղափոխություն հույս ու հավատ Բարսեղյանը` համահարթեցված զոմբիների՞, թե՞, Դաշնակցության, որի հետ այդ ընթացքում կարող է նաև քաղաքական երկարակեցության դասեր առնել: Կարծում եմ, կարիք չկա Բարսեղյանին հիշեցնելու, որ վաղը զոմբիների մի ուրիշ խումբ նման և գուցե ավելի սաստիկ ոռնոց է բարձրացնելու, երբ հերթական իշխանափոխությունը կատարվի Հայաստանում: Իսկ որ դա հենց այդպես էլ լինելու է, ոչ ոք չի կասկածում: Դրա հիմքերը դրվել են այլևս:
Քոչարյա՞նն էր հարցազրույց տալիս «Երկիր մեդիային», թե՞ Քոչարյանը չէր: Եթե Քոչարյանն էր, ապա խալն ո՞ւր էր: Մարդիկ սկսել են արդեն չհավատալ իրենց տեսածին: Համակարգին ծանոթները պնդում են, որ Քոչարյանին ոչ մի տեղ էլ չեն պահում և միայն հայտարարել են, թե կալանավորել են: Նույնիսկ պատմում են, որ Սերժի Վաչոյին են տեսել Սևանում այն օրերին, երբ նա կալանավորված էր տակավին: Հայաստանի իրավապահ համակարգից ամեն ինչ էլ սպասելի է, եթե, իհարկե, նրա վերադասի համար գլխավորը շոուն է, կոռուպցիայի դեմ պայքարում հերթական ռեկորդը գրանցելու ցանկությունը: Չէ, իսկապես, ո՞վ է տեսել նախագահին հրավիրեն հարցաքննության որպես վկայի, պայմանավորվեն հարցաքննությունը տեսանկարահանելու շուրջ, բայց ամեն ինչ գլխի վրա շրջեն և մեղադրանք ներկայացնեն նրան ու կալանավորեն: Ինչո՞ւ չեք ցուցադրում տեսանյութը, որ «հեղափոխություն» արած հանրությունը սեփական աչքերով տեսնի, թե ինչ է կատարվել ՀՔԾ-ում: Թափանցիկ չէ այս ամենը, պարոնայք, թափանցիկ չէ: Իսկ ինչ վերաբերում է նման հարցերում մեր իրավապահների պրոֆեսիոնալիզմին, ապա կարելի է այդ մասին դատել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի թեմայով Լավրով-Մնացականյան հեռախոսազրույցի մանրամասներից: Հասկանալի է, չէ՞, որ պետք էր «դիլետանտ» լինել Հայաստանի համար դժվարին օրերին ՀԱՊԿ-ի մեջ խժդժություն գցելու, մեր լավը չուզողին ուրախացնելու համար: Մոսկվայից, իհարկե ափսոսանքի խոսքը չուշացավ, և մեզ հասկացրին, որ չենք գնահատել այն աշխատանքը, որի արդյունքում Խաչատուրովին է վստահվել Հայաստանի անվտանգությունը երաշխավորող այդ միջազգային կառույցի ղեկավարի պաշտոնը:
Առավել շրջահայաց մարդիկ պնդում են, որ Քոչարյանի կալանավորումը ամենևին էլ մարտի 1-ի գործի բացահայտմանն ուղղված անշահախնդիր քայլ չէ, և, ըստ էության, փորձ է` ռեաբիլիտացնելու բախումներ հրահրելու գործում մեծ ներդրում ունեցած մի շարք ընդդիմադիր գործիչների, այդ թվում և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Ժամանակը ցույց կտա ամեն ինչ: Մանավանդ` շտապելու տեղ էլ չունենք: Քոչարյանը կալանավորված է, Խաչատուրովին գործից կհանեն, իսկ Միքայել Հարությունյանին էլ երկար կյանք, որ ԱԱԾ մեր «առյուծները» կարողանան նրան գտնել ու բերել Հայաստան: Իսկ ի՞նչ ենք անելու այն տեսաձայնագրությունների հետ, որ այս օրերին ակտիվ շրջանառվում են էլեկտրոնային մամուլում և սոցիալական ցանցերում և, որոնք այնքան էլ բարենպաստ չեն 2008թ. ընդդիմության համար: Եթե ոմանք այնքան միամիտ են, որ կարծում են, թե ԱԱԾ-ն 2008թ. նախագահական ընտրությունների օրերին և դրանից հետո զբաղված է եղել շարիկ գլորելով, մեղմ ասած` սխալվում են: Հավանաբար մենք ականատես և ականջալուր կլինենք նոր բացահայտումների` այս անգամ արդեն հակառակ ճամբարում, այլ խոսքով` բարիկադների մյուս կողմում տեղի ունեցած այլանդակությունների մասին: Եվ կրկին կծառանա մարտի 1-ի զոհերի` տասնամյա վաղեմության դաժան հարցը` ինչո՞ւ սպանեցիք, որին պատասխանել այսօր չի կարող ոչ այդ օրերի նախագահը և ոչ էլ մանավանդ ժողովրդին բախումների տարած ընդդիմությունը, որն առաջնորդում էր 10-ամյա մրափից արթնացած ՀՀՇ-ական վերնախավը:
ՀՅԴ-ի հայտարարությունը ողջախոհության կոչ է, դա ևս մեկ հիշեցում է այն մասին, որ նոր կեղծիքով նախորդ կեղծիքը կոծկել չի կարելի, որ նման մոտեցումով մենք ընդամենը կշալակենք հերթական` երրորդ կեղծիքը: Իսկ դա մեզ ամենևին պետք չէ, եթե համարում ենք, որ, նոր Հայաստան ենք կառուցում, որ հեղափոխություն ենք արել, որպեսզի ի վերջո ձերբազատվենք նախկին այլանդակություններից, դառնանք ավելի միասնական և ամուր:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ