Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ-ում` Վաշինգտոնի արվարձաններում, 2022 թվականի սեպտեմբերից իվեր առաջին անգամ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի, ԱՄՆի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև, խաղաղության պայմանագրի նախապատրաստման վերաբերյալ։ Փաստաթուղթը, որը ներկայումս քննարկվում է Վաշինգտոնում, կոչվում է «Հարաբերությունների կարգավորման համաձայնագիր»:
Ըստ Բայդենի վարչակազմին մոտ կանգնած փորձագետների, Միացյալ Նահանգները ձգտում են ապահովել, որ կողմերը կարգավորեն իրենց հարաբերությունները, կարողանան միասին ապրել, ինչպես նաև ամրապնդել տնտեսական կապերը և նույնիսկ ապահովել հավաքական անվտանգությունը տարածաշրջանում:
Եթե այս դիվանագիտական ձևակերպումները թարգմանենք մարդկային լեզվի, ապա Վաշինգտոնը ցանկանում է ոչ միայն բարելավել հայ-ադրբեջանական հարաբերությունները, այլև հայ և ադրբեջանցի ժողովուրդներին դարձնել դաշնակից ժողովուրդներ, ովքեր միասին կփորձեն դիմակայել ասենք Ռուսաստանին և Իրանին: Այսինքն` ամերիկացիների գլխավոր խնդիրը այնպիսի ընդհանուր հայտարարի բերել Երևանին և Բաքվին, որ նրանք ոչ միայն իրար թշնամի չընկալեն, այլև դառնան ԱՄՆ-ի դաշնակիցներն ընդդեմ Մոսկվայի և Թեհրանի: Իհարկե, այս հեռու գնացող ծրագրերը ամերիկացիները դեռ չեն ցանկանում բացել, քանզի դեռ նույնիսկ տարրական հարցերում ընդհանրություն չկա Երևանի և Բաքվի միջև, բայց գործընթացի գլխավոր ուղենիշը հայտնի է:
Մի կողմ թողնենք ամերիկացիների երազանքները, մանավանդ, որ դրանք այդքան էլ անկեղծ բնույթ չեն կրում: Պարզ է, որ ամերիկացիների այս ցանկությունը հաշվի առնելով, պաշտոնական Բաքուն միանգամից պահանջում է, որպեսզի Երևանը գրավոր հաստատի, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, առանց մեկնաբանությունների:
Երևանն իր հերթին համաձայն է դա անել, բայց փորձում է այդ փաթեթի մեջ տեղավորել այն թեզը, թե պետք է լինի մի միջազգային հարթակ, որտեղ ղարաբաղցի հայերը կկարողանան բանակցել Բաքվի հետ: Վերջինս կատեգորիկ ձևով մերժում է այս դրույթը, նշելով, որ «Ղարաբաղի հարց», որպես այդպիսին այլևս գոյություն չունի, և ինքը ոչ մի միջնորդ չի ճանաչելու: Իսկ ղարաբաղցի հայերի հետ կարող է բանակցել, բացառապես որպես մշակույթային ինքնավարության տրամադրման շրջանակներում:
Միաժամանակ, Բաքուն պահանջում է, որ իր հերթին Երևանն էլ ճանաչի ադրբեջանցիների վերադարձի իրավունքը Հայաստան: Այն ադրբեջանցիների, ովքեր «բռնի տեղահանվել են» Հայաստանից 1988-89 թվականներին:
Միայն այդ դեպքում Բաքուն պատրաստ է դիտարկել ղարաբաղցի հայերի ապրելու իրավունքը Ադրբեջանում: Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ Վաշինգտոնի համար մերժելի չեն ադրբեջանցիների պահանջները: Եվ հենց այդ հանգամանքով էր պայմանավորված այն հայտարարությունը, որ հնչեցվեց Վաշինգտոնից, թե «պետք է հարգել Հայաստանում և Ադրբեջանում ապրող բոլոր էթնիկ փոքրամասնությունների շահերը»: Այսպիսով՝ Փաշինյանի դիվանագիտական «աշխատանքի» արդյունքում, Արցախը ոչ միայն կորցրել է իր ինքնորոշման իրավունքի առաջքաշման հարցը, այլև արցախցիների խնդիրները, փաստացի հավասարվել են այն ադրբեջանցիների հետ, ովքեր տեսականորեն իրավունք են ստանալու վերադառնալ Հայաստան:
Իհարկե, մոտակա ժամանակաշրջանում այդ ադրբեջանցիները դեռ չեն կարողանա վերադառնալ Հայաստան, բայց Վաշինգտոնում Փաշինյանի և Ալիևի ջանքերով հիմնվում է այդ խնդրի լեգիտիմ հիմնավորումը: Վաղը, երբ բռնկվի նոր պատերազմ, ադրբեջանցիները հենց դրան են հղում անելու, երբ ուժով վերադարձնեն իրենց «փախստականներին» Հայաստան:
Վաշինգտոնում բանակցված փաստաթուղթը, ոչ թե վատն է, այլ ուղղակի մահաբեր է Հայաստանի ապագայի տեսանկյունից: Արցախի մասին այլև խոսք չկա, այն գրեթե զրոյացվել է Փաշինյանի իշխանության կողմից: Բացի այդ Փաշինյանը պահանջում է ամերիկացիներից, որպեսզի Ադրբեջանի հետ նման պայմանագիր կնքելուց հետո լինի միջազգային երաշխիքային մի որևէ ինստիտուտ: Բայց այստեղ էլ ամերիկացիները փաստացի մերժում են հայկական կողմի պահանջները, քանզի նման երաշխիք նրանք Փաշինյանին չեն կարող տալ: Ցանկացած բանիմաց մարդ, նայելով մեր տարածաշրջանի քարտեզին կարող է հասկանալ, թե ինչու ամերիկացիները չեն կարող տալ նման երաշխիք:
Բայց մի կողմ թողնենք Փաշինյանի այս պահանջի հարցը: Գործնականում նա ինչ է ասում, Երևանը չի հավատում թղթի վրա պայմանավորվածությանը և այդ իսկ պատճառով պահանջում է, որ ԱՄՆ տա երաշխիք, որ այդ թղթի գրվածը կյանքի կկոչվի և Ադրբեջանի կողմից չի խախտվի: Մարդկային լեզվով ասաց, Փաշինյանն ասում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի անցած ուղղու քաղաքականությունից ելնելով ԱՄՆ-ն պետք է հայերին երաշխիքներ տա, որպեսզի Հայաստանը իր կնիքը դնի այդ խաղաղության փաստաթուղթի տակ: Իրականում նման երաշխիքը, նշանակում է ամերիկյան զորք բերել մեր տարածաշրջան: Իսկ դա նշանակում է, որ Փաշինյանն առաջարկում է մի բան, որը կհամարվի Թեհրանի և Մոսկվայի կողմից ուղղակի թշնամություն: Իսկ եթե դրան ավելացնենք այն, որ դրան դեմ են նաև Թուրքիան և Ադրբեջանը, փաստացի ստացվում է, որ Փաշինյանն ամերիկացիներից պահանջում է մի քայլ, որին դեմ են մեր տարածաշրջանի բոլոր խաղացողները: Հասկանալի է, որ ամերիկացիները չեն կարող բավարարել Փաշինյանի այս ծիծաղելի պահանջը, գոնե զուտ այն պատճառով, որ պրակտիկ դա հնարավոր չէ: Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի տարածքներով դա հնարավոր չէ, իսկ Վրաստանը նույնպես չի ուզենա, հանուն Փաշինյանի փչացնել իր հարաբերությունները տարածաշրջանի բոլոր պետությունների հետ:
Ստացվում է, որ Փաշինյանը ամերիկացիներից պահանջում է մի բան, որին դեմ են բոլորը: Այսինքն՝ Փաշինյանը Հայաստանը փորձում է թշնամացնել տարածաշրջանի բոլոր երկրների հետ, նույնիսկ չգիտակցելով դա:
Հասկանալի է, որ նման գործչին այլևս չեն հավատում ոչ Թեհրանում, ոչ էլ Մոսկվայում: Անկարայում և Բաքվում նրան դիտարկում են, որպես միջոց Արցախը վերացնելու և Հայաստանի թուլացման համար, իսկ ամերիկացիների համար նա ցանկալի գործիչ է, ով թեև ապրում է մանկական երազանքներով, բայց վստահելի է, քանզի գերադասում է Վաշինգտոնին, այլ ոչ թե Մոսկվային: Բայց քանի որ Վաշինգտոնը վերջնաարդյունքում այդպիսի երաշխիքներ չի կարողանալու տալ, ստացվում է, որ այդ հարթակում բանակցությունները չեն կարողանալու ունենալ լուրջ հաջողություն: Դա հասկանում են նաև Բաքվում և Անկարայում: Վերջիններս այս բանակցություններից ունեն մեկ այլ նպատակ: Իրենք հասկանում են, որ միակ հարթակը, որտեղ հնարավոր կլինի հասնել արդյունքի դա մոսկովյան հարթակն է:
Այս ամերիկյան հարթակի միջոցով թուրքերն ու ադրբեջանցիները փորձում են ճնշումներ բանեցնել ռուսների վրա, որպեսզի վերջիններս վերախմբագրեն նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ի օգուտ Ադրբեջանի: Այն որ ամերիկյան այս հարթակը չի ունենալու հաջողություն, որոհետև այստեղ չի կարող լինել երաշխիքների իրական ինստիտուտ, հասկանում են բոլորը: Իհարկե տեսականորեն նման սցենարը հնարավոր կլիներ, եթե իհարկե կյանքի կոչվեր Բոլթոնի երազանքները և հայերը հանկարծ իրենց դաշնակից համարեին թուրքերին և ադրբեջանցիներին, իսկ թշնամի հռչակեին ռուսներին և իրանցիներին: Բայց դա հեքիաթի ժանրից է և ուրեմն իրենց ծրագրերը չեն կարող կյանքի կոչվել: Բայց այս բանակցային գործընթացը թույլ կտա Ադրբեջանին ևս մի քանի կոշտ քայլեր կատարել Հայաստանից պոկելով ևս մի քանի տարածքներ: Դա կանի այն փուլում, երբ այս ամերիկյան բանակցային տրեկը ավարտվի անարդյունք և Բաքուն կարողանա դրա համար լեգիտիմ ձևով մեղադրել Հայաստանին:
Իհարկե, մինչ այդ կոշտ քայլերը Բաքուն «կհամաձայնեցնի» նաև Մոսկվայի հետ, հասկացնելով վերջինս, որ դա այն «պատիժը» պիտի լինի հայկական կողմի համար, որ վերջիններս չեն ընդունում ադրբեջանցիների պայմանները: Ձեռքի հետ ադրբեջանցիները մինչ այդ կոշտ քայլը կատարելը, նախապես կխոստանան Մոսկվային, որ այդ քայլից հետո պատրաստ կլինեն գերակա համարել բանակցային գործընթացի ռուսական հարթակը:
Այս ամենից կտուժվի բացառապես հայ ժողովուրդը, քանզի Հայաստանը ևս մի քանի նոր տարածքներ կկորցնի, կլինեն մարդկային նոր զոհեր, բացի այդ ադրբեջանցիներին կհաջողվի փոքր ինչ խմբագրել նոյեմբերի 9-ի համաձայնագիրը իրենց օգտին: Այն ինչ այսօր կատարվում է, եղել է ուղիղ 100 տարի առաջ, սակայն հայ հանրությունը ոչ մի լուրջ հետևություն չի արել իր սխալներից: Քանզի որպեսզի ժողովուրդը գոնե չկրկնի իր սխալը, պիտի ունենա քաղաքական լուրջ առաջնորդություն, որն այսօր դեռ բացակայում է:
Հայ ժողովուրդը անընդհատ կորուստներ է արձանագրելու այնքան ժամանակ, քանի դեռ թատերաբեմ դուրս չեն եկել մարդիկ, ովքեր կկարողանան առաջարկել երկրին նոր առաջնորդություն և որը վստահություն կառաջացնի հանրության մեծ մասի կողմից:
Սա է իրականությունը:
Աղբյուրը՝ Zham.am