կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-16 20:27
Տնտեսական

Կեղծիք` կեղծիքի հետեւից

Կեղծիք` կեղծիքի հետեւից

«Գլոբալ Գոլդ Մայնինգ» (ԳԳՄ) հայաստանյան մասնաճյուղի դուստր ձեռնարկությանը՝ «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ին, մի շարք պետական գերատեսչությունների կողմից տրամադրված փաստաթղթերը փաստում են, որ կատարվել են բազմաթիվ կեղծիքներ:

 

Այսպես` դեռեւս 2005-ի օգոստոսի 5-ին այն ժամանակվա ՀՀ տնտեսական զարգացման նախարարության կողմից ընկերությանը տրամադրված թիվ ՀԱ-Լ- հան 14-356 հանքարդյունահանման լիցենզիայով ընկերությանը տրվում է իրավունք ՀՀ Արագածոտնի մարզի Մելիքգյուղ համայնքում գտնվող «Թուխմանուկ» հանքավայրի կենտրոնական տեղամասից արդյունահանել ոսկու եւ արծաթի պաշարներ` տարեկան 168,5 հազար տոննա հանքաքար՝ 667,2 կգ ոսկի եւ 3,725 տոննա արծաթ:

 

2006-ի հուլիսի 7-ին ՀՀ բնապահպանության նախարարությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությամբ դրական եզրակացություն է տալիս հանքավայրի` բաց եղանակով (2 տարի ժամկետով) հանքարդյունահանման աշխատանքային նախագծին` պահանջ սահմանելով, որ ընկերությունը պետք է մինչեւ գործունեության իրականացումը փորձաքննության ներկայացնի հանքավայրի ստորգետնյա շահագործման, հանքհարստացուցիչ ֆաբրիկայի և պոչամբարի համատեղ նախագծային փաստաթղթերը:

 

Այսօր մի շարք մասնագետներ, այդ թվում` իրավաբաններ, ուշադրությամբ հետեւում են «Թուխմանուկ» հանքավայրում առկա խնդիրներին, ուսումնասիրում վերոհիշյալ ընկերության` 2005-2012 թթ. փաստաթղթերը:

 

Դրանց համաձայն` ընկերության տնօրինությունը պարտավոր էր մինչեւ բաց եղանակով հանքարդյունահանման աշխատանքներ սկսելը փորձաքննության ներկայացնել ստորգետնյա շահագործման, հանքհարստացուցիչ ֆաբրիկայի և պոչամբարի համատեղ նախագծային փաստաթղթերը` ամբողջությամբ, ինչը, ըստ իրավաբանների, չի արվել, քանի որ, համաձայն որոշ տեղեկությունների, ներկայացման ենթակա փաստաթղթերի վերաբերյալ որեւէ հաստատված` դրական կամ բացասական եզրակացություն չկա:

 

Իսկ հանքավայրի մոտ տեղակայված հարստացուցիչ փորձարարական ֆաբրիկայի` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունն /25.04.2003 թ. ՓԲ-38 / արդեն իսկ 2006թ.-ի հուլիսի 7-ի դրությամբ ուժը կորցրած է եղել, քանի որ տրամադրված է եղել 2 տարի փորձնական շահագործման ժամկետով: Ընդ որում` ֆաբրիկայի գործունեությունը կարելի է սկսել միայն փորձաքննությունից եւ դրա դրական եզրակացություն ստանալուց հետո:

 

Ըստ էության` 2008թ. հուլիսի 7-ից մինչ օրս ԳԳՄ-ն հանքարդյունահանում է իրականացրել է առանց հանքարդյունահանման աշխատանքային նախագծի առկայության` դրանով իսկ կոպտորեն խախտելով ՀՀ օրենսդրության շատ պահանջներ: Առկա փաստաթղթերից երեւում է, որ հանքարդյունահանումն իրականացվել է աշխատանքային նախագծի խախտումներով եւ սահմանված չափաքանակներից բավականին քիչ չափաքանակներով ինչը, համաձայն տվյալ պահին գործող օրենսդրության, հանդիսացել է հանքային իրավունքի դադարեցման հիմքերից մեկը:

 

Կան նաեւ անհամապատասխանություններ լիցենզիայի և ընդերքօգտագործման թույլտվության միջև` տրամադրված ընդերքի տեղամասի տարածքին եւ արդյունահանման նպատակով տրամադրվող օգտակար հանածոների ծավալներին առնչվող մասերով: Ընկերության լիցենզիան, որը վերաձեւակերպվել է 2012 թվականի դեկտեմբերի 28-ին, եւ որի տակ ստրագրել են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ու «Գլոբալ Գոլդ Մայնինգ»-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Աշոտ Պողոսյանը, մասնագետների պնդմամբ, պետք է ոչ թե վերաձևակերպվեր, այլ պետք է ուժը կորցրած ճանաչվեր`օրենքի խախտմամբ ընդերքօգտագործում իրականացնելու հիմքերով:

 

Համաձայն լիցենզիայի` տվյալ հանքավայրը առաջին 2 տարում պետք է շահագործվեր բաց եղանակով, այնուհետև՝ ստորգետնյա, սակայն հանքը մինչ օրս ապօրինաբար շահագործվել է բաց եղանակով: Այս ամենի առաջ աչք փակելով` լիազոր մարմինը` հանձինս ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի, վերաձեւակերպում է տրամաբանությանը հակասող Ընդերքօգտագործման թույլտվությունը եւ ստորագրում ընկերության կողմից արդեն իսկ չկատարված եւ խախտված պարտավորություններով պայմանագրի տակ:

 

Այսպիսով` կարելի է մտածել, որ կա'մ նախարարին «խաբել են», կա'մ «չի հասկացել», թե ինչ է անում, կամ էլ գլուխ չի դրել Ա. Պողոսյանի հետ:

 

Առկա փաստաթղթերի նախնական ուսումնասիրությունից պարզվել է դեռևաս այսքանը սակայն Թուխմանուկի հանքավայրի կենտրոնական տեղամասի շահագործման վերաբերյալ լիարժեք և հիմնավոր իրավական ու մասնագիտական գնահատականներ տալու համար անհրաժեշտ է ուսումնասիրել նաեւ.

 

1. Թուխմանուկի հանքավայրի կենտրոնական տեղամասի արդյունահանման աշխատանքային նախագիծը կամ նախագծերը,

2. Ընկերության կողմից բնապահպանական եւ հարկային մարմիններ ներկայացված բնապահպանական եւ բնօգտագործման վճարների վերաբերյալ եռամսյա հաշվետվությունները` հանքարդյունահանման ողջ ժամանակահատվածի համար,

3. Ընկերության հետ 2006 թ. հուլիսի 7-ին կնքված լիցենզային պայմանագիրը,

4. 05.08.2005 թ . տրված թիվ ՀԱ-Լ-14-356 հանքարդյունահանման լիցենզիայի հավելվածը, որով սահմանված է տրամադրված ընդերքի տեղամասի նկարագրությունն ու հատակագիծը:

 

Ի դեպ, այսօր ԳԳՄ-ն ցանկանում է Մելիքգյուղի մոտ նոր պոչամբար կառուցել, թեեւ մինչ «Թուխմանուկ» հանքավայրը ընկերությանը տրամադրելը պետությունը վերջինիս տվել էր երկու պոչամբար կառուցելու իրավունք, որոնց ծավալները լիովին պետք է բավարարեին նշված քանակի հանքանյութը վերամշակելուն եւ այնտեղ պոչեր կուտակելուն: ԳԳՄ-ի պաշտոնական հաշվետվությունների համաձայն` արդյունաբերվել է ավելի քիչ հանքանյութ, քան իրավունք էր տրվել, իսկ 2009 եւ 2012 թվականներին` 0 տոննա հանքանյութ, ինչն էլ նշանակում է, որ առկա պոչամբարները չպետք է լցված լինեին:

 

Գալուստ ՆԱՆՅԱՆ

Լուսանկարը՝ հեղինակի

(Շարունակելի)