Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բնականաբար, մեր առաջ դրված է այդպիսի խնդիր, և մենք ամեն ինչ անում ենք` այդ խնդիրը լուծելու համար. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե առաջիկայում թոշակների, աշխատավարձերի բարձրացում լինելո՞ւ է, թե՞ ոչ: Նրա խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարում իրենց հիմնական խնդիրը ոչ թե բանտերը լցնելն է, այլ տնտեսական բնագավառում առավելագույն ազատ դաշտ ապահովելն ու ժողովրդին հասանելիք գումարներ գանձնելն է՝ այդպիսով պետական եկամուտներն ավելացնելով:
«Պետական եկամուտներն ավելացնելով՝ մենք, բնականաբար, դրանք պետք է ծախսենք պետական նպատակների համար, ինչի մեջ են թոշակները, աշխատավարձերը, անվտանգությունը: 2019-ի բյուջեի քննարկման ընթացքում ենք: Մեզ համար շատ կարևոր է, որ մենք ամփոփենք որոշակի փուլ ու այնպիսի որոշում կայացնենք, որը մեզ չի ստիպի Հայաստանի արտաքին և պետական պարտքն ավելացնել: Մեր պետական պարտքը հատել է օրենքով նախատեսված վերին հատվածը: Չեմ կարծում, որ, վարկերի ծախսման այս պատմությունը թողած, պետք է նոր վարկերի մեջ ընկնենք»,- ասաց վարչապետը:
Ըստ Փաշինյանի՝ այս փուլի ամենակարևոր գործողությունն ախտորոշումն է, թե ինչ վիճակում է երկիրը հիմա: «Ես նույնիսկ իմ ամենասուր ելույթներում ինձ թույլ չէի տալիս համարձակվել մտածել, որ երկրում վիճակն այսպիսին է, որ թալանի սահմանը մեր բոլորի վառ երևակայությունից անդին է: Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն այնպիսի ծավալներ է ստացել, որ սկսել է ընդգրկել ավելի ու ավելի մեծ թվով մարդկանց, ավելի մեծ թվով մարդկանց շահերի դեմ է, անգամ` այնպիսի մարդկանց, ովքեր ծափահարել են հեղափոխությանը: Ես կատակ չեմ արել՝ ասելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը նույնիսկ կանգ չի առնելու իմ ընտանիքի հանդեպ, այսինքն՝ կոռուպցիայի դեմ պայքարը որևէ մեկին հանդիպելիս կանգ չի առնելու»,- ասաց նա: