Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պետական բյուջեի հայտը կառավարությունն ամբողջությամբ բավարարել է, իսկ 2012-ի պետական բյուջեն նախորդ տարվանից շուրջ 35 մլրդ դրամով ավելի է. այսօր խորհրդարանում սոցիալական ոլորտին հատկացվելիք բյուջեի քննարկումների ժամանակ ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը:
Նա նաեւ ավետեց, որ կենսաթոշակներն ու նպաստները կավելանան 10%-ով. ընտանեկան նպաստի միջին չափը կլինի մոտ 30 հազար դրամ, իսկ միջին կենսաթոշակը` 31 հազար դրամ:
«Կենսաթոշակային ոլորտում իրականացված վերջին բարեփոխումները եւ մեր կողմից կատարված աշխատանքի արդյունքը հանգեցնելու են նրան, որ 2012-ի հունվարից գործելու է բոլորովին նոր կենսաթոշակային միասնական բազա, որի միջոցով մենք առցանց տեղեկատվական համակարգերի փոխանակության պայմաններում ապահովելու ենք ամբողջովին մաքուր կենսաթոշակային բազա»,- ասաց Արթուր Գրիգորյանը:
Նախարարի հավաստմամբ` այս բազաները տեղեկատվական առումով կկապվեն զագսի, սահմանային անցակետերի ու ԱԱԾ-ի բազաների հետ: Այսինքն` եթե մահը գրանցվի մի մարմնում, այդ մասին տեղեկությունն անմիջապես կերեւա նաեւ կենսաթոշակային բազայում, եւ մահացած կենսաթոշակառուներին կենսաթոշակի վճարումը կբացառվի:
Սակայն նախարարը չկարողացավ ուրախացնել մանկատների շրջանավարտներին. 2012-ի պետական բյուջեով նրանց բնակարանով ապահովելու խնդիրը չի լուծվելու, ճիշտ այնպես, ինչպես անցյալ տարի:
«Իսկ ի՞նչ է լինելու այն շահառուների հետ, որ մինչեւ հիմա հերթի են եւ հույս ունեն բնակարան ստանալ պետությունից»,- հետաքրքվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ կառավարությունը որոշում է կայացրել, նախ ստեղծել սոցիալական բնակարանային ֆոնդ, որն արդեն ձեւավորման փուլում է:
«Օրինակ`Գյումրիի Մուշ թաղամասում նորակառույց շենքի շինարարության ավարտից հետո վեց բնակարան հատկացվեց մանկատան շրջանավարտներին: Բացի սրանից, հինգ բնակարան էլ ունենք Լոռու նախկինում չավարտված, այսօր իսկ ավարտված շենքում, եւ 12 բնակարան էլ առաջիկայում կհատկացվի Մարալիկում»,- նշեց նա:
Նախարարը հայտարարեց, թե հիմա իրենք փորձում են պարզել 2003 թվականին հատկացված 150 բնակարանների ճակատագրերը, որոնցից 28-ն իրենց նպատակին չեն ծառայում` կա'մ վարձով են տրված, կա'մ այդ տներում ընդհանրապես բնակվողներ չկան: