կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-05 15:38
Քաղաքական

Մի կերպ դիմանում ենք. ՀՀԿ-ական Պիվի Հակոբը եւս դժգոհ է հարկայինից

Մի կերպ դիմանում ենք. ՀՀԿ-ական Պիվի Հակոբը եւս դժգոհ է հարկայինից

Այսօր լրագրողները ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի իր գործընկերոջ՝ ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանի սնանկացման մասին: Հիշեցնենք, որ երեկ Yerkir.am-ի հետ զրույցում Աշոտ Աղաբաբյանն ասել էր, որ «Հրազդան» տոնավաճառը, որպես հիմնարկ, գնում է սնանկացման, և այդ ամենը տեղի է ունեցել հարկային մարմինների նշանակած հսկայական տուգանքների արդյունքում:

Հակոբ Հակոբյանը նշեց, որ տեղյակ չէ այդ մասին, որ իր գործընկերը սնանկացել է: «Եթե նա սնանկացել է, դա շատ վատ բան է, ես չեմ լսել դրա մասին»,- ասաց պատգամավորը:

Հարցին, թե ի՞նչ վիճակում են գտնվում իր ձեռնարկությունները, որովհետև հարկային մարմինները նաև դրանք են ստուգել ու հսկայական տուգանքներ կիրառել, պատգամավորը պատասխանեց. «Մի կերպ դիմանում ենք»:

Նշենք, որ Հակոբ Հակոբյանը նույնպես դիմել է դատարան՝ վիճարկելու հարկային մարմինների որոշումը: «Բնականաբար, եթե դիմել ենք դատարան, նշանակում է, որ անհիմն ու անարդարացի ենք համարում հարկային մարմինների որոշումը»,- ասաց նա:

Պատգամավորը դժվարացավ պատասխանել` կհաղթի՞, թե՞ ոչ դատական գործը:

Հարցին, թե ինչո՞վ են պայմանավորված ՀՀԿ-ական գործարարների նկատմամբ հարկային մարմինների ճնշումները, պատասխանեց. «Ես չեմ ընդունում այն մոտեցումը, որ եթե հանրապետական ես, ուրեմն պետք է առավելություն ունենաս: Ես ՀՀԿ-ական եմ, բայց իմ ընտանիքին պատկանող բիզնեսները երբեք արտոնություն չեն ունեցել: Գտնում եմ, որ դա այդպես էլ պետք է լինի»: