կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-17 12:17
Հասարակություն

Ներման խնդրագիր ներկայացնելու իրավունքը պատկանում է միայն դատապարտյալին. պարզաբանում է նախարարությունը

Ներման խնդրագիր ներկայացնելու իրավունքը պատկանում է միայն դատապարտյալին. պարզաբանում է նախարարությունը

 ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ ներման խնդրագիր ներկայացնելու իրավունքը պատկանում է միայն դատապարտյալին: «Արմենպրես»-ը ներկայացնում է պարզաբանումն ամբողջությամբ.

«Հարգելի՛ համաքաղաքացիներ, 

Վերջին շրջանում Արդարադատության նախարարություն են ստացվում ներման խնդրանք պարունակող գրություններ, որոնք ներկայացվում են դատապարտյալների մերձավոր ազգականների և այլ անձանց կողմից: Ելնելով դրանից՝ հայտնում ենք, որ «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ներման խնդրագիր ներկայացնելու իրավունք ունի հանցագործության համար դատապարտված յուրաքանչյուր անձ միայն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Նույն հոդվածի 2-րդ մասն ամրագրում է, որ այլ անձինք կարող են ներկայացնել ներման միջնորդություններ:

Այսինքն՝ ներման գործընթացն սկսելու համար նախևառաջ անհրաժեշտ է դատապարտյալի կողմից ներկայացված ներման խնդրագիրը, իսկ այլ անձանց կողմից ներկայացված ներման միջնորդությունները կցվում են դատապարտյալի կողմից ներկայացված ներման խնդրագրին և քննարկվում են ներման խնդրագրի հետ միասին: Տեղեկացնում ենք, որ ներման խնդրագրի բացակայության դեպքում ներման միջնորդությունները ենթակա են վերադարձման»: