Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընտրակարգի հետ կապված` հանձնաժողովի մոտեցումը հետևյալն է` պետք է լինի սովորական համամասնական ընտրակարգ. ԸՕ բարեփոխումների քննարկումների ժամանակ ասաց կառավարության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը: «Այդ ընտրակարգը ենթադրում է այն ընտրակարգը, որը եղել է նախքան 2016 թվականը, պարզապես այն ժամանակ զուգահեռ եղել է մեծամասնական ընտրակարգ»,- ասաց նա:
Ըստ Իոաննիսյանի` ընտրակարգի հետ կապված կան որոշակի հարցեր, որոնք հանձնաժողովում չեն քննարկվել, քննարկվել են հանրային լսումների ժամանակ:
ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հիշեցրեց, որ ընտրակարգի հարցով որոշել են առանձին քննարկում անել: «Տարբեր կողմերի մոտեցումները համադրելու հնարավորություն կա: Դուք պատրա՞ստ եք առանձին քննարկմանը մասնակցել, թե՞ դա էլ է ձեզ համար փակված թեմա, և որևէ ձևով ձեր որոշման մեջ չեք պատրաստվում փոփոխություն մտցնել»,- ասաց նա:
Իոաննիսյանը պատասխանեց, որ տեսականորեն չի բացառում, որ այնպիսի հակափաստարկներ լսեն, որ իրենց դիրքորոշումը փոխվի:
ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն էլ ասաց, որ դա քաղաքական հարց է: «Մասնագիտական առումով` Վենետիկի հանձնաժողովից սկսած, վերջացրած բոլոր փորձագետներով, բոլորն ասում են` չկա իդեալական համակարգ, սա քաղաքական հարց է, և դրա համար ես առաջարկում եմ, որ դա հենց լինի քաղաքական ուժերի քննարկման առարկան և ձգտումը հասնել կոնսենսուսի քաղաքական ուժերի միջև: Ուրախ կլինեմ, որ մասնագետները մասնակցեն այդ նիստին և ներկայացնեն իրենց գնահատականը»,- նշեց նա:
Իոաննիսյանը հակադարձեց, որ այս կամ այն ընտրակարգի ազդեցությունը ընտրությունների որակի վրա նաև դիտորդական առաքելությունների կողմից է գնահատված, և այս առումով դա դառնում է մասնագիտական: «Այո, դա առաջին հերթին քաղաքական հարց է և ամրագրված է կառավարության ծրագրում, որին հավանություն է տվել ԱԺ-ն»,- ասաց նա:
Ռուստամյանն էլ նշեց, որ ԵՄ տարածքում ամենաընդունված մասնագիտական հանձնաժողովը Վենետիկի հանձնաժողովն է, որը 2015 թվականին կատարել է աշխատանք: «61 երկիր է ուսումնասիրել, և 61 երկրի պատկերը հետևյալն է` միայն մի քանի երկիր կան, որոնց թվում` Ադրբեջան և Բելառուս, որ ունեն մեծամասնական ընտրակարգ, մյուս 56 երկրներում համամասնական է, 31 երկրում բաց ցանկեր են, 25-ում` փակ: Այստեղ մասնագիտականը ո՞րն է: Ճիշտ է ասում պարոն Հարությունյանը` սա քաղաքական հարց է: Չի նշանակում, որ այդ 31 երկիրը սխալ մասնագիտական եզրակացությունների հիման վրա են գրել իրենց օրենսգրքերը: Սովորական համամասնական ընտրակարգ հասկացություն չկա, կա այն, ինչ որ կա»,- ասաց նա:
Իոաննիսյանն էլ ասաց, թե մասնագիտական կարծիքի հիմքում ընկնում են այդ երկրներում ստեղծված իրավիճակը և այլ հանգամանքներ: