Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժողովուրդը մեծ ակնկալիքներ ունի այս ընտրություններից, և հանուն այդ ակնկալիքների արդարացման, հանուն ժողովրդի չհիասթափվելու, երկրի ապագայի և հանուն հողի ու հայի է քվեարկել ՀՅԴ նախընտրական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը:
Նա քվեարկությունը կատարեց 3/23 ընտրատեղամասում: Քվեարկության էր եկել մայրիկի հետ:
Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հասցրել են իրենց ծրագրերը ներկայացնել ընտրողին: «Մենք առաջին անգամ ենք արտահերթ ընտրություններ անցկացնում. ասելիքը շատ-շատ էր: Բայց հնարավորինս լայն ճակատով մենք կարողացանք տեղ հասցնել մեր հիմնական ասելիքը, կարևորագույն գնահատականները` կապված այս ընտրությունների և դրանց նշանակության հետ»,- ասաց նա:
Հարցին` ինչպե՞ս է գնահատում ՀՅԴ-ի շանսերը, քանի որ հարցումները ցույց են տվել, որ չի անցնելու, Ռուստամյանն արձագանքեց. «Հարցումները, ինչպես համոզվել եք, սխալ են լինում, մանավանդ` Դաշնակցության մասով արվածները: Ես չեմ հիշում վերջին ընտրությունների մի հարցում, երբ գուժած չլինեն, թե Դաշնակցությունը չի մտնելու Ազգային ժողով, և ի հեճուկս այդ բոլոր հարցումների` տեսել եք ճիշտ հակառակը: Հիմա էլ մեր տպավորությունը բացարձակապես չի համապատասխանում այդ հարցումների տրամաբանությանը: Ուղղակի ծիծաղելի թվեր են ասում: Իսկ, ընդհանրապես, մենք ասել ենք` Դաշնակցությունն իրական կուսակցություն է, համահայկական կառույց է, և նրա ապագան, գոյությունը բացարձակապես կապված չեն որևէ ընտրության հետ: Մենք մեր ծրագրերը հստակ ներակայացրել ենք, դրանում համոզված ենք, երկրի ապագայի վերաբերյալ ունենք շատ հստակ պատկերացումներ: Դաշնակցությունը, որտեղ էլ լինի, շարունակելու է դրանք իրականացնել, որովհետև դա է պահանջում մեր ժողովուրդը, մեր ժողովրդի շահը»:
Ինչ վերաբերում է հետագայում կոալիցիա կազմելուն, ՀՅԴ-ականը հիշեցրեց, որ ասել են` այլևս երբեք մաս չեն կազմի որևէ կոալիցիայի, որտեղ Դաշնակցությունը չի ունենա վճռական խոսք: «Կոալիցիաների իրական լինելն ապահովված է այլևս Սահմանադրությամբ, և սա նոր էտապ է այդ նոր պրոցեսի մեջ: Կոալիցիաների մշակույթը ճիշտ էր, և դա մտցրել է Դաշնակցությունը: Այն ժամանակ, երբ կոալիցիաներ եղել են, ունեցել ենք նախագահական համակարգ, որտեղ անգամ եթե կառավարության 70-80% անդամներ ունենայիր, միևնույն է` մեկ մարդ էր որոշում, և այդ կոալիցիան իրական չէր կարող համարվել, որևէ ազդեցություն դու չէիր կարող ունենալ: Հիմա, խորհրդարանական համակարգի հետ կապված, մենք պետք է իսկապես վերանայենք: Կոչ եմ անում մյուսներին էլ, մեր փորձը նկատի ունենալով, կազմել իրական կոալիցիաներ»,- ասաց նա և ընդգծեց, որ իրենք եթե որևէ կոալիցիայի մեջ մտել են, դա այն պատճառով է եղել, որ նրանք ընդունել են ՀՅԴ օրակարգը: «Կցորդի օրակարգը չեն ընդունում, մեր օրակարգն ընդունել են, պաշտպանել են և իրականացման փուլում է` դա ամբողջական տեղի չի ունեցել»,- նշեց Ռուստամյանը:
Ինչ վերաբերում է ընտրությունների ընթացքին, արդյո՞ք ստացել են խախտումների մասին ահազանգեր, նա պատասխանեց, որ առայժմ աղաղակող խախտումների արձանագրումներ չունեն: «Եղել են ինչ-որ հատուկենտ հայտարարություններ, անգամ` ընտրակաշառաքի հետ կապված: Հուսով եմ, որ կկանխվեն դրանք, ու իրավապահ մարմինները կհետևեն պրոցեսին այնպես, որ մենք իսկապես գոնե այս ընտրությունը, որը մեծ հույս արթնացնող ընտրություն է, լինի աննախադեպ իր որակով և արդարության ու ազատության մակարդակով»,- շեշտեց Ռուստամյանը:
Նա հավելեց, որ քարոզարշավի ընթացքում պետք է լիներ ծրագրերի համեմատություն, սակայն դա դեռ պակասում է: «Մենք պետք է խոստովանենք, որ այս ընտրություններով չի կարելի ամբողջությամբ ասել, որ Հայաստանում այլևս անշրջելիորեն հաստատված է ժողովրդական ընտրություններ անցկացնելու ավանդույթ: Ես միշտ ասել եմ, որ այդ հաստատումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ իշխանությունը կորցնելու մեծ ռիսկ կա: Ընտրակեղծարարություն, օրենքի խախտումներ միշտ տեղի է ունենում իշխանության կողմից: Մյուս կողմը միշտ պաշտպանվող կողմն է լինում: Այս պարագայում իշխանությունները դրանց կարիքը չունեն: Բայց հետագա ընտրություններում կարող է հարց լինել` իշխանությունը կպահե՞ն, թե՞ ոչ: Այդ ժամանակ իրական գնահատականը կտանք` ընտրություններն արդյո՞ք ժողովրդավար, ազատ ու արդար են, թե՞ ոչ»,- եզրափակեց Ռուստամյանը: