Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ԱԺ արտահերթ նիստում ելույթ ունենալով կառավարության ներկայացրած` կուտակային նոր օրենքի մասին, նախ նշեց, որ չտեսնված բան է աշխարհի պրակտիկայում` կառավարությունը փոխվում է, բայց իշխանություններն այդպես էլ չեն բացատրում, թե ինչու:
Ըստ նրա` կառավարությունը, վարչապետը փոխվեցին, երբ եղան ՍԴ նիստերն ու որոշումը, և բնական է դրա տրամաբանության մեջ դիտարկել Տիգրան Սարգսյանի հրաժարականը:
«Մենք կարծում էինք, որ կառավարության փոփոխությամբ խնդիրները կվերանայվեն, բայց կառավարության ծրագիրը և կառավարության այսօրվա քայլերը հույսերը կամաց-կամաց մարում են, և միառժամանակ հետո կվերանան: Ինչո՞ւ է ժողովրդի 80 տոկոսը շարունակում դեմ մնալ այս օրենքին, որովհետև ժողովուրդը չի խորանում մասնագիտական քննարկումների մեջ, այլ հաշվում է իր եկամուտները ու տեսնում, որ դրանք նվազում են: Դա նման է այն ասացվածքին` «Էշ մի մեռնի, գարուն կգա, յոնջա կուտես»: Այսինքն` քառասուն տարի հետո լավ կապրեք, այն դեպքում երբ քաղաքացին այսօր ապրելու խնդիր ունի»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով` ժողովուրդն ընդվզում է, որովհետև չի վստահում այս իշխանություններին: Քառյակն էլ, հանրությունն էլ բոլոր ջանքերը գործադրեցին, որ փոքր հույսը, վստահությունը պահպանվի իշխանության նկատմամբ, որովհետև, ըստ Ռուստամյանի, եթե կործանվում ենք, ուրեմն կործանվում ենք բոլորս: Բայց իշխանության առաջին քայլերը, ցավոք, փորձում են խարխլել այդ փոքր վստահությունը: Այդ դեպքում պատգամավորի մոտ շարունակում է հարց մնալ՝ ինչո՞ւ փոխվեց կառավարությունը, եթե նույն ճանապարհով է գնալու, ինչ նախորդը, ինչո՞ւ է նոր օրենք ընդունում, եթե դրա բովանդակությունը չի փոխվում:
«Արդարադատության նախարարը պարտավոր էր տալ եզրակացություն` սահմանադրակա՞ն է նոր փաթեթը, թե՞ ոչ, ոչ թե ասեք` քանի դեռ ՍԴ-ն չի ընդունել օրենքի հակասահմանադրականությունը, ուրեմն նորմալ օրենք է: Այս ի՞նչ կարգ եք ներմուծում, ինչպե՞ս կարելի է նման հայտարարությւոններ անել: Սա անմեղության կանխավարկած չէ, անտեսում եք պետական մարմինների գործառույթները: Ասում եք` ինչ անենք, դեմ կլինեք: Չի կարելի այդ աստիճանի ամեն ինչ աղավաղել ու ներկայացնել գլխիվայր: Քառյակի հայտարարության մեջ ասել ենք, չէ՞, ինչ պետք է անել, որ կողմ լինենք, բայց դուք դա արե՞լ եք»,- հարցրեց պատգամավորը:
Արմեն Ռուստամյանի խոսքով` կառավարությունը ներկայացրել է պատրաստի փաստաթուղթ ու ասում է` ուզում եք` ընդունեք, չեք ուզում` մի ընդունեք, ուրեմն` ո՞ւմ է պետք այդ շոուն: Դա չեղավ քննարկում քաղաքական ուժերի ու հասարակության հետ: Ըստ պատգամավորի` կառավարությունը փորձ է անում ստեղծել ինչ-որ ծխածածկույթ ու դրա տակ ընդունել ժողովրդի համար անընդունելի ծրագրերն ու օրենքները:
«Ինչի՞ ենք մենք մեզ խաբում, թե դա նպատակային սոցիալական վճար է, էս ամեն ինչի մեջ ճիշտը միայն վճար բառն է, որ վճարելու է ժողովուրդը: Դա նպատակային վճար չէ, սուտ եք ասում, որովհետև դա ֆինանսական ծրագիր է հետապնդում, բացեք ու կարդացեք, դա ֆինանսական խնդիր է լուծելու, ինչի՞ եք խաբում ժողովրդին, թե նրա սոցիալական հարցն եք լուծում: Նախորդից հրաժարվում եք, թե նա անդեմ էր, իսկ սա դեմքով է, բայց դա անդեմ չի, այլ սերունդների համերաշխության սկզբունքն էր ապահովում: Սահմանադրությամբ մեր պետությունը հռչակել ենք սոցիալական պետություն, բայց եթե այսօր սոցիալական չես, քառասուն տարի հետո ի՞նչ երաշխիք կա, որ սոցիալական պետություն ես լինելու: Այո, մեզ համար ընդունելի էր համերաշխության սկզբունքը, որովհետև առանց դրա սոցիալական արդարություն չի կարող լինել, իսկ ձեր ասածը` եղունգ ունես գլուխդ քորի, կուտակի, հետո կվայելես: Ուրեմն ամբողջ ցավը սրա մեջ է, երբ ասում եք, որ լուծել եք հարցերը, անդրադարձել խնդիրներին, չի համապատասխանում իրականությանը: Պարտադիրը չէ վերացել, ինչ ուզում եք` անունը դրեք, ուզում եք` շաքար դրեք, դրանից չի քաղցրանալու, չի լուծվել խտրականության հարցը, և համերաշխության սկզբունքը պահպանված չէ: Եթե նոր կառավարությունը այսպես է սկսվում, ուրեմն նույն ճակատագրին է արժանանալու, ինչ նախորդը»,- եզրափակեց Ռուստամյանը: