Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս պահին ՊՆ-ում կան քրեական գործեր, և դա խանգարելու է, որ մեր ընթացիկ գործերն իրականացնենք, դրա համար էլ սպասում ենք ՊՆ-ում քրեական գործերի ավարտին. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ պաշտոնը ստանձնելուց ասել էր, թե սկսելու են ՊՆ-ից, սակայն մինչ օրս ՊՆ-ի հետ կապված չկա հայտարարություն: Նա նշեց, որ զինվորական կենտրոնական հավաքակայանում մշտադիտարկում են անում, ապա ներկայացնում վարչապետին ու պաշտպանության նախարարին:
«Առաջիկայում կներկայացնենք զորահավաքի կազմակերպման հետ կապված մեր առաջարկությունները: Այսինքն՝ ոչ թե մենք քնած ենք կամ հետաձգում ենք մեր անելիքը, այլ մենք մեր գործն անում ենք: Այսօր, օրինակ, դատախազություն եմ ուղարկելու բարձրավոլտ էլեկտրական ցանցերի հետ կապված մի գողության դեպք, այնպես որ՝ մենք աշխատում ենք»,- վստահեցրեց Սանասարյանը:
Նա պարզաբանեց, որ, զորահավաքի կազմակերպման հետ կապված փոփոխություն ասելով, վիճակահանությունը նկատի չունի, այլ մինչև դրան հասնելը:
Ըստ Սանասարյանի` Սփյուռքի նախարարության հարցով էլ մինչև շաբաթվա վերջը պատկերը պարզ կլինի, որից հետո այն կներկայացնեն հանրությանը: «Մեզ համար չկա մի անուն, որն անձեռնմխելի է, բոլոր անուններին անդրադառնալու ենք: Բավականին տաժանակիր աշխատանք է, քանի որ գործ ունենք թվերի, խառը իրավիճակների հետ: Մենք ունենք նաև կանխարգելիչ ֆունկցիա, այսինքն՝ շատերը, ովքեր նոր իրավիճակում այս կամ այն գործողությունն են իրականացրել, այսուհետ էլ չեն անի, քանի որ գիտեն՝ պետական վերահսկողության ծառայությունն այցելելու է իրենց»:
Հարցին, թե որ կառույցն է իրենց ուշադրության կենտրոնում այս պահին, Սանասարյանը պատասխանեց, որ առաջիկայում սպասենք քաղաքապետարաններում, էներգետիկայի ու Սփյուռքի նախարարություններում իրենց իրականացրած ստուգումների արդյունքներին:
Հարցին` հասցնո՞ւմ են ստուգումներ իրականացնել նաև նոր պաշտոնյաների ղեկավարած կառույցներում, նա պատասխանեց, որ հասցնում են: «Էներգետիկայի և Սփյուռքի նախարարությունում ուսումնասիրություն ենք իրականացնում հիմա, և նոր նախարարների մասին է նաև խոսքը: Կենտրոնացում չկա հին ղեկավարների վրա, սակայն նոր ղեկավարների համար պետք է ապահովենք այն մթնոլորտը, որպեսզի մտածեն զարգացման մասին, այլ ոչ թե չարաշահումների»,- հավելեց Սանասարյանը:
Ճշտող հարցին` նոր ղեկավարներից, նախարարներից չարաշահումներ անողներ կա՞ն, թե՞ ոչ, պատասխանեց` ոչ, չկան: