Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քանի ընթանում է նախաքննություն, չի կարող որևէ կարծիք արտահայտել, որովհետև կարծիք արտահայտելու համար պետք է բազմաթիվ մանրամասներին տիրապետել:Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն` անդրադառնալով հարցին` «Ապօրինի հարստացման մասին» օրենքը ճի՞շտ է կիրառվում այսօր՝ Վաչագան Ղազարյանին են ձերբակալել այդ հոդվածով:
«Այդ հոդվածները լուրջ և խորն իրավական վերլուծության կարիք ունեցող հոդվածներ են: Երբ մենք ժամանակին ներմուծում էինք այդ հոդածները, Արփինե Հովհանիսյանը ներմուծում էր, մենք կառավարությունում շատ ակտիվ դա քննարկում էինք ու հասկանում էինք, որ դա այն գործիքն է, որն ունի բազմաթիվ խութեր և այդ խութերը կիրառողի պրոֆեսիոնալիզմից շատ բան է կախված: Ինքը, եթե հիշում եք, երբ հարցրեցիք՝ միանգամից փոխվելո՞ւ է, ես ասացի՝ միանգամից չէ, բայց տարիների ընթացքում՝ այո, որովհետեւ այն հուլիսի 1-ից ուժի մեջ պետք է մտնի, ենթադրում է որոշակի ցիկլլերի մեջ մտնել: Կոնկրետ Վաչագան Ղազարյանի գործով ինչ իրավիճակ է, ես հիմա չեմ կարող ասել»,- ասաց նա:
Հարցին՝ այդ օրենքը հետադարձ ուժ կարո՞ղ է ունենալ, նախկինում ապօրինի հարստացման վրա դա կարո՞ղ է տարածվել, եթե այն հուլիսի 1-ից է ուժի մեջ մտել, Հարությունյանը պատասխանեց, որ 2017-ի հուլիսի 1-ից հետո ապօրինի հարստացումը, որը տեղի է ունեցել, քրեականացված է, որևէ ապօրինի հարստացում, որը տեղի է ունեցել մինչ այդ, քրեականացված չէ:
Հարցին՝ քաղաքական հետապնդման տա՞րր է տեսնում, թե՞ պարզապես իրավապահ մարմինների որոշակի անփութություն, որ սխալ են կիրառում, Հարությունյանն արձագանքեց. «Որոշ բաներ դեժավյու են հիշեցնում»: Հարցին՝ ո՞ր թվերի, նա պատասխանեց՝ 2008:
Հարցին՝ ինչպես է վերաբերվում այն փաստին, որ արդեն հասել են Սերժ Սարգսյանի ընտանիքին, հարազատներին, Հարությունյանը պատասխանեց. «Նայած` հասնելն ինչ է նշանակում»:
Նա չցանկացավ անդրադառնալ ԱԱԾ-ի կողմից ԱԼեքսանդր Սարգսյանի բնակարանի խուզարկությանը: «Չեմ կարող պատասխանել այդ հարցին մի պատճառով՝ նախ պետք է հասկանամ` ինչ հիմքեր կան: Ես, այնուամենայնիվ, որոշակի տենդենց այստեղ տեսնում եմ, այսինքն` նպատակասլաց որոշակի անձանց դեմ կատարվող աշխատանք ակնհայտորեն տեսնում եմ: Ճիշտն ասած` որոշ բաներ դա հուշում են՝ օրինական զենքը վերցնել, որ փորձաքննություն իրականացվի: Որպես համակարգին ծանոթ մարդ` սա ինձ համար տարակուսանք է առաջացնում, որովհետև յուրաքանչյուր օրինական զենք, դրա բոլոր փամփուշտները պահվում են բազայում, և նոր փորձաքննության կարիք չկա: Ինձ համար գոնե սա առաջացնում է հարցեր»,- ասաց նա:
Իսկ թե ինչպես է վերաբերվում Լևոն Սարգսյանի և նրա որդու վերաբերյալ բացահայտումներին, Հարությունյանը նշեց. «Լինելով պրոֆեսիոնալ՝ ես որևէ գնահատական, «չարաշահում» բառ և այլն չեմ կարող տալ, մինչև ծանոթ չլինեմ գործի բոլոր հանգամանքներին, ընդ որում` երկու կողմերի կարծիքներին, որ կարողանամ դիրքորոշում արտահայտել»:
Վերջում Հարությունյանը հավելեց, որ չի պատրաստվում դուրս գալ ՀՀԿ-ից և մտավախություն էլ չունի, որ ԱԱԾ-ն մի օր իր մոտ կգնա: