կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-29 16:50
Քաղաքական

Որոշ պատգամավորներ հուզվում են, մի քիչ էլ ավել-պակաս բաներ են խոսում. Գալուստ Սահակյան

Որոշ պատգամավորներ հուզվում են, մի քիչ էլ ավել-պակաս բաներ են խոսում. Գալուստ Սահակյան

Այսօր ԱԺ-ում քննարկվում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված` ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Զարուհի Փոստանջյանն առաջարկում է մի քանի դրույթներ ավելացնել օրենքում և կարգազանցություն ճանաչել նաև մեկը մյուսի փոխարեն քվեարկելը:

 

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արտահերթ ելույթում նշեց, որ պետք չէ պատգամավորներին հանցագործ ներկայացնել, որ օրենքը նպատակ ունի կանոնակարգ օրենքում որոշակի փոփոխություններ կատարել:

 

«Որ այդպես լիներ, Ուկրաինայի պատգամավորները պետք է արդեն բերդերում լինեին: Թումանյանի շունն ու կատվի պես… Կարող է, պատգամավորների ակտիվությունից ելնելով էլ, պատգամավորները միմյանց ինչ-որ բաներ ասեն: Որոշ պատգամավորներ երբեմն հուզվում են, մի քիչ էլ ավել-պակաս բաներ են խոսում, դա չի նշանակում, որ քրեական գործ պետք է հարուցենք»,- ասաց Գալուստ Սահակյանը:

 

Արտահերթ ելույթ ունեցավ նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ում ուղղված էր Զարուհի Փոստանջյանի հանդիմանությունների մեծ մասը: Նա նշեց, որ չկա այդպիսի պատգամավոր, որը դեմ է խորհրդարանի կարգուկանոնի հաստատմանը, որ խորհրդարանում աղմուկ չլինի:

 

«Բայց ինչքանո՞վ ենք մենք ազնիվ: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ իմ գործընկերները առաջնորդվում են հին հունական սկզբունքով` ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին: Այսինքն`  քարտեր կարելի է վերցնել, տեղից ընդհատել, տեղից գոռալ, բայց գալ այստեղ, 180 աստիճան շրջվել ու ասել` նիստը վարողն ինձ զրկում է ձայնի իրավունքից: Եթե ձեզ թվում է, թե իմ ուշքը գնում է ձեզ խոսքից զրկելու համար, դուք չարաչար սխալվում եք: Չի կարելի սեփական աչքի գերանը չնկատել բայց նկատել ուրիշների աչքի չոփը»,- ասաց Շարմազանովը: