կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-11 14:17
Հասարակություն

Այսօր շարժում կա՝ տապալելու հայ եկեղեցին. Կոմիտաս վարդապետ Հովնանյան

Այսօր շարժում կա՝ տապալելու հայ եկեղեցին. Կոմիտաս վարդապետ Հովնանյան

Բոլոր ժամանակներում էլ եղել են մարդիկ, ովքեր տրամադրված են եղել եկեղեցու դեմ, փորձել են, տկարացնելով հայ եկեղեցին, տկարացնել նրա դերը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կոմիտաս վարդապետ Հովնանյանը՝ խոսելով օրերս սկսված «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» խաչերթի մասին:

Նրա խոսքով՝ միշտ էլ եղել է մորիկկայսրյան, պասկևիչյան ծրագրեր` Հայաստան առանց հայերի, և այդ ծրագրի սեպը՝ խրված «ոչ»-ի գաղափարին, եղել է հայ եկեղեցին: Կոմիտաս վարդապետի խոսքով՝ որպեսզի կարողանան տկարացնել այն,  խաղացել են նրա անվան հետ: «Այն, որ աղանդավորական շարժումները ողողել են աշխարհը, այն, որ քրիստոնեական անվան տակ այլ գաղափաներ են գալիս` այլասերելու, ինքնին վկայությունն է, որ ոչինչ աշխարհում հենց այնպես չի լինում, ամեն ինչ իրականանում է հատուկ նպատակով: Հիմա եթե բողոք ունեք, մենք ինչո՞ւ չենք շեշտում անձի անունը, այլ շեշտում ենք Առաքելական եկեղեցու անունը: Այսօր շարժում կա՝ տապալելու հայ եկեղեցին»,- ասաց Կոմիտաս վարդապետը:

Նրա խոսքով՝ մեր անմիասնականությունն է պատճառը, որ ոմանց թույլ է տալիս անել այն, ինչ իրենք են ուզում: Կոմիտաս վարդապետը նշեց, որ ինքը գիտի՝ ինչ թերություններ կան, և հիվանդ մարդուն պետք չէ սպանել, նրան բուժել է պետք:

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման մասնակից Տիգրան Եղոյանն էլ նշեց, որ համաձայն չէ Կոմիտաս վարդապետի հետ՝ աղանդավորների խմբի ձևավորումը Հայաստանում Մայր Աթոռի թուլության հետ է կապված, որոշ հոգևորականների սրբապիղծ արարքների: «Բացի այդ՝ մեր շարժման նպատակը ոչ թե Մայր Աթոռի տկարացումն է, այլ կոնկրետ անձի դեմ է ուղղված: Մենք անարգում ենք կոնկրետ մեկ անձի, այլ ոչ թե կառույցը: Հիվանդ մարդուն էլ, այո, բուժել է պետք, բայց առանձնացնենք, բուժենք: Վայոց ձորում նույն թեմի առաջնորդն Աստծո տված գետն է չորացնում, ինչո՞ւ չեն բարձրաձայնում այս մասին»,- ասաց նա:

Ի պատասխան՝ Կոմիտաս վարդապետը նշեց, որ, այո, համաձայն է, սակայն նույն կերպ Շաքե ջրվեժն էլ սեփականաշնորհված է, այսինքն՝ ամբողջ հասարակարգն է գտնվում խնդիրների առաջ: «Եկեք Վեհափառից պահանջենք վերանայել այսօրվա խնդիրները, որոնք վերաբերում են եկեղեցուն»,- ասաց նա:

Իսկ Տիգրան Եղոյանն էլ առաջարկեց շարունակել պայքարը և կոչ արեց հոգևորականներին` միանալ իրենց: