կարևոր
1105 դիտում, 5 ժամ առաջ - 2025-04-30 20:15
Հասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն  ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին

Ապրիլի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի (Նյու Ջերսի, ԱՄՆ) ավարտական լսարանի սաներին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին      տեղեկատվական համակարգից:            

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց վարժարանի սաներին՝ ընդգծելով, որ ավանդույթ դարձած այցելությունները Հայաստան լավագույն հնարավորությունն են ընձեռում հաղորդ դառնալու հայրենական կյանքին, հոգևոր ժառանգությանն ու սրբություններին։ Նորին Սրբությունը վստահեցրեց, որ այցն անջնջելի դրոշմ է թողնելու պատանիների հոգում՝ զորացնելով ազգային ոգին ու գիտակցությունը։

Վեհափառ Հայրապետը աշակերտներին մասնավորապես պատգամեց ջանասիրությամբ շարունակել իրենց ուսումնառությունը, հասակ առնել իբրև ազգի արժանավոր զավակներ՝ ամուր պահելով կապը Մայր Եկեղեցու և հայրենիքի հետ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծապես կարևորեց սփյուռքի համայնքներում ազգային ինքնությունը զորացյալ պահելու առաքելությունը։ Այս առիթով Հայոց Հայրապետն նաև իր գնահատանքը բերեց «Հովնանյան» վարժարանի պաշտոնեությանը, մանկավարժներին նվիրյալ աշխատանքի համար, ինչպես և սաների ծնողներին՝ հայեցի կրթություն ապահովելու և եկեղեցասեր սերունդ դաստիարակելու համար։